ԱՄԻՐՅԱՆ 2-Ի ԱՊԱԳԱ ՏԵՍՔԸ ԲՈՐԲՈՔԵԼ Է ԿՐՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երեւանի քաղաքացիներն ահազանգեցին, որ մայրաքաղաքում ապամոնտաժում են Ամիրյան 2 հասցեում գտվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը: Քաղաքացիները համոզված էին, որ պատմամշակութային հուշարձանների ցանկում գրանցված շենքի ապամոնտաժումն ապօրինի է, ուստի պահանջեցին դադարեցնել այն: Ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքի հետ կապված որեւէ ոտնձգություն թույլ չի տրվելու, իսկ նման փորձ կատարողներն էլ կենթարկվեն պատասխանատվության: Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ իր հերթին հայտնեց, որ կքանդվի գրադարանի ճակատամասի նոր կառուցված հատվածը (1976 թվականին կառուցված կցակառույցը), իսկ ֆասադը չի քանդվի: Հիշեցնենք, որ պատմական շենքը կառուցվել է 1896թ. եւ հանդիսացել է այն ժամանակվա արական գիմնազիայի երկրորդ մասնաշենքը:

Վերջերս հրապարակվեց Ամիրյան 2 հասցեում կառուցվելիք շենքի նախագիծը: Այն հրապարակել է ճարտարապետ Դավիթ Մկրտչյանը, իսկ հեղինակը «NST Architects» ընկերությունից Իսահակ Ներսիսյանն է: Արդեն հայտնի է, որ գրադարանի շենքի փոխարեն կառուցվելու է 6-7 հարկանի հյուրանոցային համալիր: Կամարանցումից հնարավոր է լինելու մուտք գործել ներքին բակ, իսկ բակում գտնվող գիմնազիայի առաջին մասնաշենքը, հնարավոր է, վերածվի ռեստորանի:
Ամիրյան 2-ի շենքի ապագա տեսքը, սակայն, քաղաքացիներից շատերի կարծիքով բացարձակ ներդաշնակ չէ պատմական շենքի ֆասադի հետ: Համացանցում թեմայի շուրջ արդեն ծավալվել են բուռն քննարկումներ, որոնցում մեծ մասամբ շեշտվում է ճարտարապետական անճաշակ լուծումների մասին:
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Մշակութային արժեքը պահպանելը՝ շենքի ֆասադը որպես զարդ կամ շքանշան կպցնելով լրիվ ուրիշ ոճի շինությանը, զուտ ձեւականություն է։ Ինձ այդ նախագիծը հիշեցրեց Բրեժնեւի կուրծքը` մեդալներով։ Մեր վերեւներում ինչ-որ մարդիկ կան, որոնք միանգամից երկու հատկություն են իրենց մեջ կրում՝ իշխանություն եւ անճաշակություն։ Հետեւանքները տեսնում ենք։ Եվ, ընդհանրապես, քաղաքը չի կարելի կտոր-կտոր կառուցել. ընդհանուր պատկերից է պետք ելնել։ Այն, ինչ կատարվում է, շատ տխուր է»։
Մեկ այլ բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էլ իր հերթին նշեց. «Ասել, որ հանրությանը ներկայացված կառուցվելիք շենքը որեւէ կերպ ներդաշնակ չէ Իսահակյանի գրադարանից մնացած հատվածին, կնշանակեր ոչինչ չասել: Անհետաքրքիր, հսկայական այդ «տուփը» կուլ է տալիս պատմության փոքրիկ կտորը: Հնի եւ նորի հրաշալի համադրություններ կան եվրոպական մայրաքաղաքներում, բայց սա այդ դեպքը չէ: Ամիրյան 2-ը պետք է ամբողջովին պահպանվեր: Երեւանի հին շենքերից գրեթե բան չմնաց… Կենտրոնը հոշոտեցին: Իսկ արվարձանները որեւէ մեկին չեն հրապուրում, թեպետ նորաոճ այդ շենքերից ամբողջական թաղամասեր ավելի կսազեին արվարձաններին: Բայց, դե, պարզ է, որ կառուցապատողը ոչ թե քաղաքի մասին է հոգ տանում, այլ սեփական շահի»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ անհրաժեշտ է խոսել ոչ թե անճաշակությունից, այլ պետականության խնդրից. «Հուշարձանը, որ պետության պահպանության տակ է, դեռեւս տարիներ առաջ է քանդվել, թողել են միայն ճակատամասը, գնացքը գնացել է, հիմա՞ են դժգոհում: Հետեւում կառուցվող շենքն ինձ չի հետաքրքրում, լավ կլիներ, որ այն չկառուցվեր, իսկ պատմական շենքն ամբողջությամբ մնար իր տեղում. հուշարձանի հաշվին շենք կառուցելն ի սկզբանե սխալ է: Իսկ կառուցվելիք շենքն, իմ կարծիքով, տգեղ է ոչ թե այն բանի համար, որ կարող էր ավելի սիրուն լինել, այլ որովհետեւ, ինչպես նշեցի, կառուցվելու է պատմական հուշարձանի հաշվին, դրա աղավաղման գնով: Լավագույն լուծումն այն կլիներ, որ պատմական շենքը պահպանվեր եւ օգտագործվեր հենց թեկուզ որպես գրադարան»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ վերոնշյալ նախագծի հեղինակ Իսահակ Ներսիսյանի հետ: Նրա խոսքով` իր հիմնական նպատակը եղել է հուշարձանի արժեւորումն ու հուշարձանի հատվածը հնարավորինս ընդգծելը: «Իսկ ճակատամասի այն կտորը, որ նախատեսում ենք քանդել, քանդվում է ոչ թե այն պատճառով, որ դա հյուրանոցին է խանգարում, այլ հենց այն բանի համար, որ հուշարձանի ճակատը սիմետրիկ լինի: Շենքի նախագիծը հարմարեցված է նաեւ շրջակա միջավայրի, օրինակ` արտաքին գործերի նախարարության շենքի, դրա բարձրության, չափերի հետ: Կարծում եմ` ես լուծել եմ իմ առջեւ դրված խնդիրը: Բայց պատրաստ եմ մասնագիտական վեճերում հանդես գալ փաստարկներով»,- նշեց նա:
Անդրադառնալով հանրության մեջ առաջ եկած դժգոհության ալիքին եւ շենքի ապագա տեսքն անճաշակ համարողների մեկնաբանություններին` ճարտարապետը նկատեց. «Ես չեմ կարծում, որ քաղաքում կլինի մի նախագիծ, կառուցվելիք մի շենք, որ հանրության 100 տոկոսին դուր կգա: Եթե ներկայացվի բոլորովին այլ կոնցեպցիայով նախագիծ, էլի մարդիկ դրանում սխալ լուծումներ կգտնեն: Բայց սա ճարտարապետություն է, արվեստ է, սա ֆիզիկա չէ, որ օրենքներով ապացուցես` սա ճիշտ է, սա սխալ է: Թող հիմնավորեն, թե կոնկրետ ինչն է անճաշակ` մասշտա՞բն է սխալ բռնած, նյութե՞րն են սխալ ընտրված, թե այլ բան»:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք հնարավոր է ֆասադը պահպանելով համարել, որ պատմական շենքը պահպանվել է. «Դա մեզ մոտ ցավոտ պրակտիկա է. շենքը միայն ճակատը չի, նաեւ ներքին տարածքն է, կողքի ճակատները եւ այլն… Մեզ մոտ հաճախ դիմացի պատը պահում են, մնացածը քանդում` համարելով, որ վերջինս արժեք չունի, բայց դա սխալ է: Կոնկրետ Ամիրյան 2 հասցեի շենքի դեպքում բակային ճակատները, մեջի ճակատները քանդվել ու փոփոխվել են շատ ավելի վաղ, այսինքն` ես այն ժամանակ եմ մոտեցել խնդրին, երբ այլընտրանք չկար. մեկ տարի է` ինչ զբաղվում եմ այս հարցով եւ փորձել եմ պահպանել ինձ հասած ժառանգությունը»,-ընդգծեց ճարտարապետը:
Հիշեցնենք, որ Ամիրյան 2 հասցեում նախկինում գտնվող գրադարանը ժամանակավորապես տեղափոխվել էր կառավարության թիվ 3 շենք, որպեսզի նախկին շենքի տարածքում կառուցապատում իրականացնելուց հետո գրադարանը վերադառնար իր տեղը, սակայն, դա, փաստորեն, տեղի չունեցավ:
Նշենք, որ դեռեւս 2015-ի հոկտեմբերին աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը` InterContinental Hotels Group-ը, հայտարարություն տարածեց Հայաստանում իր առաջին հյուրանոցի` Holiday Inn Yerevan-ի բացման պայմանագրի ստորագրման մասին: Տեղեկացվում էր, որ հյուրանոցը կբացվի 2018թ.-ին եւ կգործի համաձայն «Էս-Ջի-Այ-Ինվեստ» (SGI-Invest) ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի: Նշվում էր նաեւ, որ Holiday Inn Yerevan-ը գտնվելու է Երեւանի Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
«ԴԱ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՑԱՎՈՏ ՀԱՐՑ Է»
Իր առաջնեկի ծնունդից հետո Երեւանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը չէր երեւում բեմին եւ էկրանին, քանի որ զբաղված էր երեխայի խնամքով: Դերասանուհին դուրս էր եկել ասպարեզից եւ երբ որոշ ժամանակ հետո նա կրկին հայտնվեց բեմում, քչերը նկատեցին Քեթրինի վերադարձը: Այնպիսի տպավորություն է, որ դերասանուհին, ում հեռուստադիտողները սովոր են տեսնել հեռուստանախագծերում եւ ներկայացումներում, բավական պասիվացրել է իր գործունեությունը: «Դա ինձ համար ցավոտ հարց է. իրականում ես աշխատանքի մեջ եմ, խաղում եմ, օրինակ, «Կառավարական համերգ», «Նազա՛ր, Նազա՛ր մինչեւ վերջ», «Ի զե՛ն» ներկայացումներում, սակայն բանն այն է, որ հանդիսատեսն ինձ սովոր է ավելի հաճախ տեսնել բեմում, իսկ իմ բացակայության ընթացքում բեմադրվել են ներկայացումներ, որոնցում ես ընդգրկված չեմ: Համենայն դեպս, գեղարվեստական ղեկավարին արդեն ասել եմ, որ պատրաստ եմ ավելի ակտիվ գործունեություն ծավալել թատրոնում: Ի դեպ, հիմա կա մի ներկայացում, որն աշխատանքային փուլում է, այդտեղ ընդգրկված կլինեմ նաեւ ես: Դա Արա Երնջակյանի պիեսն է, կատակերգություն է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Քեթրինը:
Նրա դիտարկմամբ` հիմա ավելի քիչ են հեռուստահաղորդումները. «Փոխարենը հաճախ նկարահանվում են գեղարվեստական ֆիլմեր, որոնց շրջանակներում, սակայն, հիմնականում ընդգրկվում են նույն դեմքերը, նոր դեմքեր չեն երեւում, այնինչ՝ այն դերասանները, որոնք պատրաստ են կրկին աշխատելու, այդ թվում` ես, չեն ընդգրկվում այդ նախագծերում»:
Քեթրինը նշեց, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու վերջին առաջարկը ստացել է այն ժամանակ, երբ պատրաստվում էր մայրանալ. «Երբեմն ռեժիսորները տեսնում են ինձ եւ զարմանում են, որ կիլոգրամներս կորցրել եմ, քանի որ հղի ժամանակ անճանաչելի էի դարձել, ռեժիսորները հաճախ ինձ այդ տեսքով են հիշում եւ երեւի շատերը վախենում են հրավիրել նկարահանումների»,- ծիծաղելով ասաց դերասանուհին:
Քեթրինը, ով նախկինում իր բենդի հետ հաճախ էր հանդես գալիս համերգներով, ժամանակի սղության պատճառով դեռեւս հապաղում է կրկին նվիրվել այդ աշխատանքին. «Ինչքան էլ մեջս աշխատանքային տենդ կա, դեռ չեմ հասցնի դա անել»,-ասաց նա` նշելով, որ առայժմ կենդանի համերգներով հանդես է գալիս միայն տոնական օրերին:
Մենք նաեւ հարցրինք` դերասանուհու սիրիահայ ամուսինը հարմարվել է արդյոք հայաստանյան պայմաններին. «Այնպես չէ, որ ամբողջովին ադապտացվել է այստեղ ու հիացած է ներկայիս պայմաններով: Նա Սիրիայում զբաղվում էր բիզնեսով, ինչը լավ արդյունք էր տալիս, բայց այստեղ պատկերն այլ է»:Դերասանուհու խոսքով, սակայն, իրենք երկրում մնալու կամ գնալու երկընտրանքի առջեւ կանգնած չեն:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՀԱՄԵՐԳ ՏՆԱԿՈՒՄ
Տիգրան Համասյանն, ի աջակցություն Գյումրու անօթեւան ընտանիքների, հանդես կգա համերգով: Ընդ որում, համերգի ձեւաչափը յուրօրինակ կլինի, քանի որ այն տեղի կունենա հենց ժամանակավոր կացարաններից մեկում:
Համերգը տեղի է ունենալու փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին, Գյումրիում։ Համերգային ծրագիրը սոցիալական բնույթ ունի, նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել գյումրեցի անօթեւանների խնդիրներին: Մուտքն ազատ է:

 

 

ԾՆՈՂՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ
Հաղորդավար ամուսիններ Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի փոքրիկն արդեն լույս աշխարհ է եկել։ Լիլիթն ամուսնուն դուստր է պարգեւել։ Ավելի վաղ զույգը որոշել էր, որ երեխային անվանակոչելու է Անի։
Վահեն հուզված գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ իր եւ սիրելիի կյանքում նոր փուլ ու երջանկություն է։
Հիշեցնենք, որ Վահե Խանամիրյանը Հ1-ի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն էր արել Լիլիթ Մուրադյանին. հատկապես այդ քայլից հետո զույգը հայտնվեց հանրության ուշադրության կետրոնում:




Լրահոս