ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած Գյումրու ավագանու հերթական նիստն ընթացել է գրեթե բոյկոտի պայմաններում: Ավագանու կիսակրիմինալ-կիսաբիզնեսմեն հատվածը սկսել է շատ պասիվ մասնակցել նիստերին: Իսկ վերջին նիստը գրեթե տապալման եզրին է հասել, քանի որ ավագանու անդամները համարյա ամբողջ կազմով բացակայել են: Միայն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջամտությունից հետո է հաջողվել քվորում ապահովել:
Տեղեկացնենք, որ այդ նիստի ընթացքում պետք է հաստատվեին «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի եւ 45 անապահով ընտանիքների օգնություն տրամադրելու գումարները: Նկատենք, որ այսօրվա դրությամբ Գյումրու ավագանու կազմում ակտիվ գործունեություն են ծավալում երկու ուժ՝ «Քաղաքը մերն է» ու «Աշխատանք եւ արժանապատվություն» քաղաքացիական նախաձեռնությունները: Ըստ գյումրեցիների՝ հենց գործընթացների քաղաքականացումն է, որ բացակայողների համար մթնոլորտը դարձնում է ոչ «հոգեհարազատ»: Հավելենք, որ քաղաքում պտտվող այլ շշուկների համաձայն՝ քաղաքապետարանում որոշել են «բացակաների» նկատմամբ վարկաբեկման մեխանիզմներ կիրառել: Թե ինչ, առայժմ չեն ասում:




Լրահոս