ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Թեհրան: Օդանավակայանում Ադրբեջանի պատվիրակությանը դիմավորել է Իրանի կապի եւ բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին: Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի նախագահի՝ Իրան կատարած այցի ընթացքում ակնկալվում է, որ 10-ից ավել համաձայնագրեր կստորագրվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Կքննարկվեն առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները պատժամիջոցների չեղարկման ֆոնին:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքը դատական կարգով դադարեցվել է, ապա ինչպե՞ս է որոշվում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:
Կարեն Պետրոսյան (63 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկանում ենք, որ փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար՝ բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գույքի անհատույց oգտագործման պայմանագիրը կնքվում է գրավոր, կողմերի uտորագրությամբ մեկ փաuտաթուղթ կազմելու միջոցով: Անշարժ գույքի անհատույց oգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ անձին հաշմանդամության կարգ սահմանելու համար պետք է անցկացնել բժշկասոցիալական փորձաքննություն: Խնդրում եմ ասեք, թե փորձաքննությունն ի՞նչ կարգով է իրականացվում: Ի՞նչ գործընթաց է ենթադրում այն:
Սուսաննա Օհանյան (62 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող ԲՍՓՀ-ն: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անձը հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի գրավոր դիմում եւ իր անձնագիրը: Այն դեպքում, երբ քննվող անձը ինքնուրույն չի կարող ներկայացնել փաստաթղթերը, դա կարող է անել նրա ներկայացուցիչը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Մինչեւ 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ անձի բուժումը կամ բուժսպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության ուղեգիր /88 ձեւ/, որտեղ նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքները: Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր եւ դրա մաuին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկաuոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց):
«Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի ձեռք է բերվել շուրջ 500 սայլակ եւ շուրջ 1000 լսողական սարք: Ի դեպ, շահառուները սայլակ կամ լսողական սարք կարող են ստանալ 3 տարին մեկ անգամ: