ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԵՐ ԿԻՆԸ` ԹՄՐԱՄԻՋՈՑ ՏԵՂԱՓՈԽՈ՞Ղ
Ոստիկանության Էրեբունու բաժին մի խումբ երիտասարդներ են հրավիրվել՝ այս օրերին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցներ ուղարկելու հետ կապված: Այս մասին «Ժողովուրդ»-ին պատմեց 70-ամյա Նելլի Հակոբյանը, որին նույնպես հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին: Տիկին Նելլիի պարզաբանմամբ` բաժնում ավագ քննիչ Զադոյանը նախ շատ կոպիտ է խոսել իր հետ եւ շատ վատ վարք դրսեւորել. «Ավագ քննիչ Զադոյանը բղավում էր վրաս եւ հետո ինձ ասաց, որ պետք  է ինձ տանեն տոկսիկ քննության: Ի՞նչ է նշանակում, որ իմ տարիքի կնոջը նման բան է ասում, եւ հետո, երբ նրան ասացի, որ կբողոքեմ իր վատ պահվածքի համար, նա ասաց, թե ինքը ոչ ոքից չի վախենում»: Ըստ մեր զրուցակցի` ինչպես երիտասարդների, այնպես էլ իր դեպքում հեռախոսահամարների հետ է կապված եղել խնդիրը, եւ ոստիկանությունում հիմնականում հեռախոսահամարների իրական տերերին են փորձել փնտրել: «Ժողովուրդ»-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից վստահեցրին, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակներում:

ԱԺ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն ՀԱԿ երիտասարդների անցկացված ակցիայի ժամանակ, չի բացառել, որ առաջիկայում իրենք հանրահավաքներ կանցկացնեն: Զուրաբյանը նշել է, թե ՀԱԿ 7-հոգանոց խմբակցությանը հաջողվում է իշխանություններին կանչել պատասխանատվության եւ ԱԺ նիստերը, ըստ էության, վերածել ժողովրդական դատարանի նիստերի: «Բա սա քի՞չ բան է: Սա լուրջ մթնոլորտ է փոխել, եւ եթե մենք հետեւողական շարունակենք այս գործընթացները, վստա՛հ եղեք՝ այս իշխանությունները երկար չեն դիմանալու»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցում նաեւ ժողովուրդն անելիք ունի:

ՓԼՈՒԶՎԵԼ Է
Երեկ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, ինչի պատճառով 10 կին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ այժմ գտնվում են Գավառի բժշկական կենտրոնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գեւորգյանը նշեց, որ տունը 1970 թվականին է կառուցվել, եւ փլուզվել են 1,5-հարկանի տան պատշգամբի երկաթբետոնե կառուցատարրերը՝ 12 քմ: «Հին կառույց է եղել, բայց վթարային չէր: Այս տանը թաղման արարողություն է անցկացվել, եւ կանայք պատրաստվել են, որ գնան գերեզման, սակայն պատշգամբը ծանրությանը չի դիմացել եւ փլուզվել է: Շատ են եղել, եւ բետոնն էլ ամուր չի եղել: Բացի այս, փլուզման ժամանակ կանանց կանգնած տեղում մեծ կաթսաներով եփված  ճաշեր են եղել, որոնք թափվել են կանանց վրա, այս պատճառով էլ նրանք այրվածքներ են ստացել»,-լրացրեց գյուղապետը՝ տեղեկացնելով, որ տուժածներից երեք կին ստացել են ոտքի եւ թեւի կոտրվածքներ:  Բժիշկները տուժած կանանց առողջական վիճակը գնահատում են բավարար:




Լրահոս