ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՇՈՑՔԻ «ԱԳՐՈՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կարելի է նաեւ «միլիոնատերերի ակումբ» կոչել: Աշխարհի որեւէ երկրի խորհրդարանում չես գտնի նման խմբակցություն, որի անդամների 90%-ը գործարար ու միլիոնատեր լինի, բայց ահա մեր ԱԺ-ում կա այդ խմբակցությունը, ինչն էլ նշանակում է, որ Գ. Ծառուկյանը հասարակ, փող չունեցող մարդկանց չի սիրում ու նրանց բոլորի հետ վարվում է այնպես, ինչպես վարվեց իր կառուցած եկեղեցու բացման ժամանակ…
Գ. Ծառուկյանի ներկա «արբանյակներից» է դարձել նաեւ Ստեփան Մարգարյանը: Նա իր ունեցվածքը հիմնականում սկսեց կուտակել այն ժամանակ, երբ Վարդան Վարդապետյանի հետ գլխավորում էր ջավախահայերից կազմված «Հզոր հայրենիք» կուսակցությունը: Ասում են՝ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար այն ժամանակ առնվազն 50.000 դոլար էին «մուծվում», այդ պատճառով էլ ցուցակում ընդգրկված էին հիմնականում ունեւոր ջավախահայեր: Խաղալով մարդկանց հայրենասիրական զգացմունքների հետ՝ այս երկու գործիչները կարողացան մեծ կապիտալի տեր դառնալ… Երեւի այս ամենի մասին տեղյակ է եղել Գ. Ծառուկյանը, որ Ս. Մարգարյանին առաջարկել է դառնալ խմբակցության անդամ` առանձնապես չմտահոգվելով, թե իր «արբանյակներից» ով կարող է զբաղվել օրինաստեղծ գործունեությամբ, ով՝ ոչ… Հազիվ թե ակտիվ օրինաստեղծ գործունեության մեջ «մեղադրվի» նաեւ Ս. Մարգարյանը՝ Ագրոյի Ստյոպը, որը, իհարկե, ի տարբերություն մի շարք ԲՀԿ-ականների, փոխգյուղապետի պաշտոնից չի եկել ԱԺ…
Ս. Մարգարյանը 1981թ. ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ստացել է մաթեմատիկոսի որակավորում: 1986թ.-ին էլ ավարտել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան: Ջավախքի Էխտիլա գյուղից եկած երիտասարդը երազել է իրեն նվիրել հաշվողական տեխնիկային, այդ պատճառով էլ 1981-1983թթ. աշխատել է մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ճարտարագետ-ծրագրավորող: Դրանից հետո նրա աշխատանքային կենսագրության «թելը կտրվել» է մինչեւ 1987թ.: 4 տարին «բաց է մնում»: Ինչով է զբաղվել կամ ինչ է արել՝ չգիտենք: Միայն գիտենք, որ 1987թ. աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող: Հենց հաշվողական կենտրոնից էլ 1992թ. նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղական մարմինների բաժնի վարիչ: Թե ով էր աջակցել նրան նման պաշտոն ստանալու հարցում, չգիտենք, բայց գիտենք մի բան, որ հենց այս շրջանում ամենակատարյալ ամենաթողությունն էր տիրում ՏԻՄ բաժնում, քանի որ բաժնին հասցեագրված նամակներն ու բողոքները տորպեդահարվում էին, ֆուտբոլի գնդակի նման «տշվելով»՝ նորից հայտնվում այն «ելման կետում», որի դեմ գրվել էր բողոքը: Այս մասին անգամ ՀՀ նախագահին է ասվել Գյումրի այցի ժամանակ, ցույց են տրվել նամակներ, որոնք հասցեագրվել էին այդ բաժնին, սակայն, ի վերջո, նորից հայտնվել էին իշխանության տեղական մարմիններում…
Ինչեւէ. 1994թ. Մարգարյանը նշանակվել է ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչությունում եւ զբաղեցրել պետի տեղակալի պաշտոնը: Իսկ 2000թ. արդեն ՀՀ վարչապետի խորհրդականն էր տարածաշրջանային եւ մերձավոր սփյուռքի հարցերով: Իհարկե, այս պաշտոնում որոշակի աշխատանքներ կատարեց Մարգարյանը, մասնավորաբար նրա ջանքերով էր, որ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնն ընդգրկվեց ՀՀ կառավարության ֆինանսավորման ցանկում, գումարներ հատկացվեցին թատրոնի վերանորոգման համար…
Նշենք, որ խորհրդական լինելով՝ Մարգարյանը միաժամանակ՝ 2000-2002թթ., եղել է նաեւ ՀՀ ԿԱ տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետի պաշտոնակատար: Ինչպես ԿԱ որոշ վարչություններ, այս մեկն էլ, ըստ էության, կարեւոր գործառույթներ չի իրականացրել: Փոխարենը հնարավորություն է տվել մի շարք չինովնիկների «բարգավաճելու»: Հենց այս շրջանում էր, որ Մարգարյանը դարձավ Շիրակի մարզի «Աշոցք-Ագրո» ընկերության 30%-ի փայատեր: Ժամանակին շատ տարփողվեց «ախալքալաքցիների» նախաձեռնությունը, շատերը ոգեւորվեցին, որ Մարգարյանները լուրջ փոփոխություններ են բերելու հեռավոր ու սահմանամերձ այս շրջան, լուծելու են մեծ թվով աշխատատեղեր ունենալու հարցը… Սակայն խոստումները մնացին անկատար, ընկերությունը բավարարվեց լոկալ խնդիրներով՝ միայն ու միայն մտահոգվելով գերշահույթ ապահովելու հարցերով…
Շատերն ասում են, թե Ս. Մարգարյանը համեստ ապրող մարդ է, գործարարությամբ չի զբաղվում, մեծ ֆինանսական միջոցներ չունի: Նա իր հայտարարագրում՝ «Անշարժ գույք» եւ «Թանկարժեք գույք» բաժիններում, ոչինչ չի գրել: Ստացվում է, որ այս «խեղճ» մարդն անգամ բնակարան կամ տուն չունի… Հետաքրքիր է՝ որտե՞ղ է ապրում, գուցե վարձո՞վ… Իրականում նա ապրում է հենց «Հզոր հայրենիք»-ի գործունեության տարիներին կառուցած շքեղ  եռահարկ առանձնատանը: Բայց` այդ մասին ոչ մի խոսք: Նա հայտարարագրել է  «Տոյոտա պրադո V 6-4.0» մակնիշի ավտոմեքենա: Իհարկե, սա թանկարժեք մեքենա չէ, հիմա շատ ու շատ «ծծկեր» հենց նման մակնիշի ավտոմեքենայով են դպրոց կամ համալսարան գնում: Նրա տարեկան եկամուտն էլ կազմել է 4 մլն ՀՀ դրամ եւ 50 հազար ԱՄՆ դոլար: Եթե գործարարությամբ չի զբաղվում, որտեղի՞ց է այս 50 հազար դոլարը: «Պարզվում» է՝ փոխառություն է: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է պատահում, որ փոխառությունների տեր միայն ԱԺ պատգամավորներն ու պետական պաշտոնյաներն են դառնում, իսկ ահա շարքային հայաստանցիները, կրթության, գիտության ու մշակույթի մարդիկ փոխառություններ չեն ստանում… Նշենք, որ մոտ 1 տարի առաջ Ս. Մարգարյանն ընդդիմադիր էր, նա ելույթ էր ունենում ընդդեմ անարդարությունների: Բայց հիմա մոլի իշխանամետ է: Մանավանդ որ շուտով Գ. Ծառուկյանը կարող է վարչապետ դառնալ…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս