ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, որը խորհրդարան մտնելու մանդատ ստացավ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների քվեով, առանձնապես ակտիվությամբ աչքի չի ընկնում: «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ բլից զրույցում Գ. Նուշիկյանը համոզմունք հայտնեց, որ մարդը չի կարող անվերջ բաժանել: Կգա մի օր, նա էլ կդառնա ուզող: -Պարո՛ն Նուշիկյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանում բեւեռացվածություն նկատվում: Մեզ մոտ հիմնականում կա՛մ հարուստ են, կա՛մ աղքատ: Միջին խավ գրեթե չկա: -Իմ կարծիքով՝ բոլոր նոր զարգացող երկրներում էլ սկզբնական ժամանակահատվածում էդպես է լինում: Ճիշտ եք ասում, մեզ մոտ միջին խավը նոր է սկսում զարգանալ, բայց կարծում եմ, որ կարճ ժամանակահատված հետո մեզ մոտ միջին խավը կձեւավորվի, եւ բեւեռացումն այդքան ակնհայտ չի լինի: -Պաշտոնական թվերով՝ նույնիսկ այդ բեւեռացվածությունն ակնհայտորեն նկատվում է: -Չէ՛, միջին խավ կա, ուղղակի այն միջին խավը, որը մենք ունեցել ենք խորհրդային տարիներին, էդ մասշտաբներով հիմա չկա: -Իսկ Ձեզ համար՝ որպես հարուստ մարդու, դժվա՞ր չէ ապրել Հայաստանի նման երկրում, ուր շուրջբոլորը չունեւորներ են: -Ինչի՞ համար պետք է դժվար լինի: Եթե դժվար լիներ, ես չէի ապրի Հայաստանում: Հայաստանն իմ հայրենիքն է: Ինչո՞ւ պետք է ես դժվարությամբ ապրեմ: -Ասում են՝ հարուստներն ավելի շատ են «լացում», քան աղքատները: Երբեւէ «լացելու» առիթ ունեցե՞լ եք: -Ի՞նչ իմաստով եք ասում: -Ինչպես կուզեք, հասկացե՛ք. օրինակ՝ Ձեզանից որեւէ բան խնդրեն, ու Դուք «լացեք»: -Այո՛, շատ է լինում, որովհետեւ մի մարդը, ըստ էության, էդքան չի կարող բոլոր դիմողներին օգնել, այլապես շատ կարճ ժամանակամիջոցում ինքն էլ կդառնա… -Միջին խա՞վ: -Միջին խավ չասեմ, այլ ինքն էլ կդառնա ինչ-որ մեկից ինչ-որ բան ուզող: -Իսկ որպես օրենսդիր, իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ Դուք Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակի համար: -Բոլորն էլ իրենց մեղքի բաժինը միանշանակ ունեն: Ես էլ, բնականաբար, իմ մեղքի բաժինն ունեմ, եւ դա այն է, որ ես էլ չեմ կարողացել շատ ավելի լավ աշխատել, որպեսզի շատ ավելի շատ հարկեր կարողանամ տալ: Ես իմ մեղքի բաժինն ունեմ, որ այսօր մեր տարեց հայրենակիցներին կարողանում ենք միայն չնչին կենսաթոշակներ տալ: Դուք էլ՝ որպես լրագրող, Ձեր մեղքի բաժինն ունեք: Բայց եթե Դուք ենթատեքստով եք տալիս այդ հարցը, ես պատասխանում եմ առանց ենթատեքստի՝ ես իմ մեղքի բաժնից չեմ հրաժարվում: