ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ
Բլոգերների եւ սոցիալական ցանցի օգտատեր-ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ազգային հավաքականում մթնոլորտը լավը չէ. խաղացողները վատ են տրամադրված ֆուտբոլիստներից մեկի հանդեպ:
Նա չի տվել խաղացողի անունը, քանի որ ցանկանում է հարթել այդ հարցը, բայց խոստացել է շարունակվելու դեպքում տալ անունը. «Կան 1-2 խաղացողներ, որոնք իրենց վատ են պահում, համարում են, որ մի գլուխ բարձր են մյուսներից»: Եթե հնարավոր է եղել հաղթահարել այդ մթնոլորտը եւ դանիացիներին հաղթել, ուրեմն չարժեր բարձրաձայնել այդ մասին: Կհնչեն բնական հարցադրումներ. ովքե՞ր են այդ ֆուտբոլիստները, խաղո՞ւմ են հիմնական կազմում, կայի՞ն Դանիայի հավաքականի հետ խաղում, կայի՞ն գոլ խփողների շարքում: Նրանց մե՞ջ է Հենրիխ Մխիթարյանը, որը կարծես թե տեղափոխվում է «Լիվերպուլ», եւ ում տրանսֆերի առնչությամբ ռուսական մամուլը գրել էր, որ դրա դժվարություններից մեկի պատճառն այն է, որ տրանսֆերային իրավունքը, «Շախտյոր»-ից բացի, պատկանում է նաեւ Ռ. Հայրապետյանին ու նրա ընկեր, Դոնեցկի «Մետալուրգ»-ի եւ Կրասնոդարի «Կուբան»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Գուցե տրանսֆերի պատճառով կոնֆլիկտ է եղել Հ. Մխիթարյանի եւ Ռ. Հայրապետյանի կամ Հ. Մխիթարյանի եւ Օ. Մկրտչյանի միջեւ, եւ ՀՖՖ նախագահը որոշել է դա՞ս տալ Մխիթարյանին: Մի խոսքով, հանրության արձագանքը կլինի բազմազան, որն ավելի լարված վիճակ կստեղծի թիմի ներսում եւ դրա շուրջ:

ՄԵԾ ՍՊՈՐՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեծ սպորտում հաջողությունների հիմքերը դրվում են բուհում, դպրոցում, կարելի է ասել` մանկապարտեզում:
Oրերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցած «Մարզական զարթոնք-2013» միջոցառումը, որը վարում էր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ եւ քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը, ուսումնական տարվա յուրատեսակ մարզական հաշվետվություն էր: Այդ ընթացքում ամբիոնը ներդրել է «ռիթմիկ մարմնամարզություն» առարկան, խորհրդային ՊԱՊ (պատրաստ աշխատանքի եւ պաշտպանության) համալիրի օրինակով ստեղծվել է «Զարթոնք» համալիրը, մեծ ուշադրություն է դարձվել տեսական գիտելիքների ամրապնդմանը: Բուհը հաջողությունների է հասել հանրապետական մարզական 14-րդ խաղերում. սեղանի թենիսի եւ շախմատի աղջիկների հավաքականները 2-րդ տեղ են զբաղեցրել: Իսկ վոլեյբոլի աղջիկների հավաքականը միջբուհական մրցույթում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Հաղթողները եւ մրցանակակիրները, «Ռեկորդների օր» մրցումներում 1-3-րդ տեղեր զբաղեցրած ուսանողներն արժանացան պատվոգրերի, իսկ «Զարթոնք»-ի նորմերը հանձնած 57 ուսանողները` նաեւ հատուկ կրծքանշանների:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս