Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղական մի շարք համայնքներում ջրամատակարարումն իրականացվում է հիմնականում վթարային, ոչ բարվոք վիճակում գտնվող ջրամատակարարման ցանցի միջոցով: Հատկապես գյուղական համայնքներում դրանք մեծ խնդիրներ ու դժվարություններ են առաջացնում գյուղացիների համար, մանավանդ ձմռանը: Առաջիկայում Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կբարելավվեն Ստեփանավանի եւ Մեծավան, Սարչապետ, Դաշտադեմ, Լեռնահովիտ գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, ինչի համար կկատարվի մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:
Նշված ծրագիրը հանրությանը ներկայացնելու համար վերջերս Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնում կազմակերպվեց հանդիպում, որին մասնակցեցին Ստեփանավանի քաղաքապետարանի, հ/կ-ների եւ մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ինչպես ներկայացրին «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, շրջակա միջավայրի նախնական զննության արդյունքում պարզվել է, որ այդ գյուղերի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների իրականացման տարածքում լանդշաֆտների, բուսական ու կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցություն չի լինի: Ծրագրի իրականացման տարածքում չկան նաեւ հատուկ պահպանվող, մշակութային, հնագիտական կամ պատմամշակութային տարածքներ: Հանդիպման մասնակիցների մոտ առաջացած որոշ մտավախությունների հետ կապված` «Ջինջ»-ի ներկայացուցիչները հավաստիացրին, որ աշխատանքների կատարման ընթացքում կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները, ծրագրի ավարտին փողոցները նորից կասֆալտապատվեն ու հավուր պատշաճի կհանձնվեն համայնքներին: Իսկ աշխատանքների ավարտից հետո նշված գյուղական համայնքների բնակիչները վերջապես կազատվեն ձմռան ցրտին ջուր կրելու ոչ հաճելի գործընթացից:
Լոռի