ՀՀ ճարտարապետների միությունում կայացավ վերջերս հրատարակված «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակի եւ ավելի վաղ` 2011թ. լույս տեսած «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցական համալիրը» պրակի շնորհանդեսը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ տպագրված պրակներում ներկայացված են հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր, ճարտարապետ Թորոս Թորամանյանի` 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները: Մասնավորապես «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակում ներկայացվել են Թ. Թորամանյանի կատարած` Անիի Ս. Առաքելոց եկեղեցու եւ գավթի, Ս. Փրկիչ եւ Ս. Գրիգոր (Ապուղամրենց) եկեղեցիների չափագրություններն ու վերակազմությունները: Ընտրված եկեղեցիների մեկենասներն են եղել հայկական Պահլավունյաց իշխանական տոհմի ներկայացուցիչները, որոնց հայրենանվեր գործունեության մասին հիացմունքով ու ակնածանքով է խոսել Թորամանյանը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի պատասխանատու Մարինա Ավանեսյանը, եկեղեցիներից յուրաքանչյուրն իր հորինվածքով ու հարդարանքով անփոխարինելի տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության գանձարանում. «Ընթերցողին ներկայացվող գծագրական նյութերի մեծ մասը տպագրվում է առաջին անգամ: Պրակը կազմել են ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի վարիչ Գ. Հովհաննիսյանն ու ճարտարապետ Գ. Ղաֆադարյանը»:
Իսկ «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցական համալիրը» պրակում ներկայացված են Թորամանյանի` 20-րդ դարի սկզբին կատարած Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ (Տիգրան Հոնենցի) եկեղեցու, կից կառուցված սյունասրահի եւ մատուռի չափագրություններն ու լուսանկարները: «Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր դասական համաչափությունների, բարձրարվեստ հարթաքանդակների եւ որմնանկարների շնորհիվ համարվում է Շիրակի ճարտարապետական դպրոցի լավագույն ավանդույթները կրող հուշարձաններից մեկը: Մինչ այժմ Թ. Թորամանյանի կատարած չափագրություններից միայն համալիրի հատակագիծն է ներկայացված մասնագիտական գրականության մեջ, մյուսները (ճակատներ, կտրվածքներ, ճարտարապետական մանրամասներ) տպագրվում են առաջին անգամ»,-հավելեց Մ. Ավանեսյանը: Անցած հարյուր տարվա ընթացքում հուշարձանը կրել է փոփոխություններ, եւ դրա նախնական վիճակը փաստագրված է միայն Թորամանյանի գծագրերում ու լուսանկարներում: Պրակը կազմել են Ս. Առաքելյանը, Գ. Հովհաննիսյանը, Գ. Ղաֆադարյանը:
Նշենք, որ 2008թ. տպագրվել էր «Անիի մայր տաճար» առաջին պրակը: Հրատարակված պրակների գիտական խմբագիրն անվանի ճարտարապետ Գրիգոր Հասրաթյանն է:
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ