ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, բայց մկրտված չեմ: Հաճախ եմ այցելում եկեղեցի, նստում այնտեղ եւ աղոթում: Ինձ հետաքրքիր է, եթե ես մկրտված չեմ, ապա իմ աղոթքներն Աստված լսո՞ւմ է:

Գոհարիկ Սիրադեղյան (25 տարեկան, մատնահարդար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Խնդիրն այն չէ` Աստված լսում է մեր աղոթքները, թե ոչ: Աստված բոլոր աղոթքներն էլ լսում է: Խնդիրն այն է, թե ինչի համար ենք աղոթում, եւ որն է նպատակը: Քանի որ աղոթքի նպատակն Աստծուց երջանկություն, առողջություն, դրամ կամ հաջողություն խնդրելը չէ, դրանք առանց այն էլ Աստված տալիս է: Քրիստոս ասում է` երկնքի արքայությո՛ւնը խնդրեք, այսինքն` աղոթքի նպատակը մեր հոգու փրկությունն է եւ Աստվածտեսության արժանանալը: Այս պատճառով փրկության համար կարեւոր պայման է մկրտությունը, որը ենթադրում է վերածնվել Աստծո փառքի համար, այսինքն՝ նորովի ապրել կյանքը՝ Աստծո ողորմությամբ ու շնորհներով: Հետեւաբար, անկախ նրանից` Աստված մեր աղոթքները լսում է, թե ոչ, փրկության համար կարեւոր է Մկրտության խորհուրդը, ոչ միայն այդ արարողության ծիսական-արտաքին ձեւը, այլեւ ներքին ողջ բովանդակությունը: Կարող է այնպես լինել, որ մարդը մկրտված լինի, բայց նրա աղոթքներն Աստծուն լսելի չլինեն: Այսինքն՝ կարեւորը հավատքն է, որից ծնվում է ցանկություն` մկրտվելու եւ աղոթելու:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք, անկախ այն բանից` մարդը մկրտված է, թե ոչ, կարեւորն այն է, թե նա ինչպես է ապրում իր կյանքը եւ որքանով է պահպանում Աստվածաշնչի պատվիրանները: Սակայն եթե մեր ընթերցողն իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ավելին, հաճախ է սիրով այցելում եկեղեցի եւ աղոթում, կարծում ենք` նրան ոչինչ չի խանգարում, հետեւելով եկեղեցու կանոններին, մկրտվել եւ այդպիսով էլ ավելի վստահ լինել, որ իր աղոթքները հասնում են Աստծուն:




Լրահոս