2008թ.-ին մայրաքաղաքում տեղի ունեցածի միակ պատճառը նախագահական ընտրությունների բողոքարկումն էր: Ի սկզբանե որոշված էր՝ բողոքը խաղաղ ճանապարհով պետք է ուղեկցվեր:
Ավաղ…
Բողոքի ակցիաները սկսվեցին 2008թ. փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում ըստ պաշտոնական տվյալների զոհվեց 10, վիրավորվեց մոտ 300 մարդ։
Բողոքի ակցիաները համախմբեցին ընդդիմության շուրջ 25 հազար համակիրների։ Փետրվարի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ընդդիմադիր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Մեկ օր անց իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ։
Գագիկ Ջհանգիրյանը, ով այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ էր, դատապարտեց ընտրությունները` կոչ անելով ժողովրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր քվեները պաշտպանելու համար։
Արդեն փետրվարի 23-ին նախագահի լիազորությունները դեռևս վայր չդրած Ռոբերտ Քոչարյանը հրաման արձակեց պաշտոնից ազատել գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին։
Փետրվարի 26-ին Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց, որ իր կառավարության համբերության բաժակը կարող է լցվել, և կոչ արեց ցուցարարներին խելքի գալ։
29-ի գիշերը Ազատության հրապարակի վրանների թիվը հասավ 132-ի. շուրջօրյա ցույցերը շարունակվում էին։ Ցերեկը կազմակերպված երթին մասնակցում էր շուրջ 100 հազար մարդ։
Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Ականատեսների վկայությամբ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների արանքում, իսկ հետո պնդելով, որ կանխում են պետական հեղաշրջման փորձ, գրոհել էին ամբոխի վրա։ Ոստիկանությունն անցել էր մահակների ու էլեկտրական հարված հասցնող սարքերի կիրառման։ Ցուցարարներից ոմանք ոստիկանների հարձակման պահին կարողացան փախչել։ Տասնյակ անձինք ստացան ծանր վնասվածքներ. ավելի քան 100-ը ձերբակալվեցին։
Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր ստորագրեց 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Հրամանագրում առկա կետերից մեկով զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող էին իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում:
2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված իրավական գնահատականի հարցը դեռևս բաց է մնացել։ Ինչու չի բացահայտվում արդեն իսկ բացահայտված գործը: Այս հարցի պատասխանը փորձում է ստանալ Մարտի 1-ին զոհված երիտասարդի՝ Գոռ Քլոյանի հայրը:
Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, ո՞ւմ էր այն ձեռնտու, և ամենակարևորը՝ ի՞նչ է պետք անել նմանատիպ երևույթների կրկնությունը բացառելու համար։
Շատերը վստահ են, որ «Մարտի 1»-ի հիմքերը դրվել էին 2008–ից շատ ավելի շուտ։ Իսկ դրանք պետք է փնտրել կապիտալի նախնական կուտակման և հետագա լեգիտիմացման գործընթացներում։ Նախքան «Մարտի 1»-ը Հայաստանում տեղի էր ունեցել ներիշխանական կրիմինալ հեղաշրջում, որն էլ պատճառ դարձավ հետագա իրադարձությունների:
Անցյալ տարիներին մամուլը հեղեղվել է վկայություններով, որ 2008-ի մարտի մեկին, ժամը 20-ի սահմաններում ավտոմատներով զինված դիմակավորներ են հայտնվել Մաշտոցի կամրջի մերձակայքում: Իսկ ժամը 21-ի սահմաններում Ձկան խանութի մոտից ոստիկանները շարժվել են Մյասնիկյանի արձանի ուղղությամբ՝ կիրառելով «Չերյոմուխա» հատուկ միջոցը, նաև՝ հրազեն: Հետագայում սակայն պատասխանատվություն կրեցին քաղաքացիական անձինք: Ընդդիմադիր հայացքներով հայտնի 65 անձ դատապարվեց ազատազրկման, 6-ը` արդարացվեց, իսկ Շանթ Հարությունյանը ճանաչվեց անմեղսունակ: Ավելի ուշ ազատազրկվածներից 28-ին ներում շնորհվեց ՀՀ նախագահի անունից, 26-ը համաներմամբ ազատվեց պատիժը չկրած մասից: Եվրոպական դատարան բողոքներ են գրել տասնյակ ընդդիմադիրներ և 10-ը զոհերից 9-ի իրավահաջորդներ:
Մինչ Եվրոպական դատարանը շարունակում էր քննել մարտի մեկի գործով բողոքները, 2011-ի ապրիլի 20-ին նախագահականում խորհրդակցություն հրավիրելով՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հանձնարարական է տալիս ավելի մանրակրկիտ և հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել էր, որ հարցը անձնապես իր համար «շատ կարևոր» է. – «Ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»: Այս հայտարարությունից հետո էլ իրավապահների գործողություններում որևէ արդյունք մինչ օրս չկա:
ՄԱՐՏԻ 1-ից 8 տարի անց սպանություններն անպատիժ են մնացել: Սա՛ է մեր երկրի ամոթը:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան