Երեկ ՀՀ նախագահի նստավայրում ի վերջո տեղի ունեցավ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը կոչվում է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: ՀՀԿ-ի կողմից փոխնախագահ եւ այդ պահին դեռեւս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրեց հուշագիրը, իսկ ՀՅԴ-ից՝ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Ի դեպ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս ՀՀԿ փոխնախագահ է, սակայն համաձայնագրի ստորագրումը նրան չէր վստահվել: Աշոտյանը, փաստորեն, ստորագրեց իր ազատման փաստաթուղթը՝ տեղը զիջելով Լեւոն Մկրտչյանին: ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանն էլ նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, իսկ Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում փոխարինեց Կարեն Ճշմարիտյանին: Ենթադրվում է, որ ՀՅԴ-ին տրվելիք Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոններում, համապատասխանաբար Գագիկ Գյոզալյանի եւ Հովսեփ Սիմոնյանի նշանակումներն էլ կկատարվեն այսօր՝ ՀՀ կառավարության հերթական նիստում: Ուշագրավ է, որ կոալիցիոն համաձայնագիրը որոշակի ժամկետի համար չի նախատեսված, փաստաթուղթն անժամկետ է:
Համաձայնագրի այդ կառուցվածքը ենթադրում է, որ եթե ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մինչեւ 2017 թվականի ԱԺ ընտրությունները կրկին չգժտվեն, չխռովեն, ապա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցեն դաշինքով: Իսկ ինչ վերաբերում է համաձայնագրի բովանդակությանը, ապա այն, ինչպես Սերժ Սարգսյանի վերջին՝ փետրվարի 12-ի ելույթը, բարի ցանկությունների կենաց է հիշեցնում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել է գրավոր ելույթ ունենալ, սակայն կարեւոր պահին թուղթը կորել է: Ելույթի տեքստը գտնելու բոլոր փորձերն անցել են ապարդյուն. Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը չեն կարողացել գտնել այն: Արդյունքում Արթուր Բաղդասարյանը ստիպված է եղել բանավոր ելույթ ունենալ, կամ այլ կերպ ասած՝ իմպրովիզացիա անել: «Ժողովուրդ»-ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանից, որը հաստատեց մեր լուրը: «Պարոն Բաղդասարյանը նախապես ելույթի տեքստ էր պատրաստել, բայց ինչ-ինչ պայմաններում այդ նախապես պատրաստված տեքստը անհետացել էր, եւ պարոն Բաղդասարյանը հանպատրաստից իր ելույթը կառուցեց»,- հայտնեց Մոսինյանը:
ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը երեկվանից ստանձնեց իր պարտականությունները: Վերջինս իր պաշտոնը ստանձնելու հենց առաջին իսկ պահից բավականին բարդ իրավիճակում է հայտնվել: Նախ նա պետք է կողմնորոշվի, թե ինչպես վարվի քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման խնդրի հետ: Արդեն մի քանի օր է՝ իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ Գասպարի կալանավորումն անօրինական է, եւ այդպիսով իրավապահները նրա նկատմամբ փորձում են քաղաքական հաշվեհարդար տեսնել: Մյուս կողմից էլ Թաթոյանը պետք է որոշի, թե ինչպես վարվել անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվերի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սպասվելիք զեկույցի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրախախտումների վերաբերյալ զեկույցը դեռեւս հունվարի 25-ին արդեն պատրաստ է եղել, բայց այդ ժամանակ արդեն նախկին ՄԻՊ-ի՝ Կարեն Անդրեասյանի լիազորությունները դադարած են եղել, եւ նա այն չի հասցրել հրապարակել:
Այսօր արդեն ակնհայտ է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը վերջին երեք տարիներին նույնքան անգամ բարձրացնելը արդարացված չի եղել: Հիշեցնենք, որ էլէներգիայի սակագները դեռեւս 2013-ից սկսած բարձրացվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կրած վնասները փոխհատուցելու պատճառաբանությամբ: Սակայն մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց մի համաձայնագիր, որով պատրաստվում է Համաշխարհային բանկից վարկ վերցնել՝ էներգետիկայի ոլորտի պետական ձեռնարկությունների հանդեպ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու համար: ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն հրապարակում, թե ինչ գումարի մասին է խոսքը, բայց կասկածից վեր է, որ այն ավելին է, քան ՀԷՑ-ի՝ դեռեւս չփոխհատուցված վնասները: Եւ այս իրավիճակում ՀՀ իշխանություններն ու ՀԷՑ-ը պարտավոր են օր առաջ էլէներգիայի սակագինն իջեցնել առնվազն 15 դրամով: Հակառակ դեպքում ստացվում է կազմակերպված թալան:
ԿՐԱՎՈՐԱԿԱՆ
Հայաստանին 200 միլիոն դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին: Ավելին` Բաքուն Մոսկվայից պաշտոնական երաշխիքներ է պահանջել առ այն, որ այդ զենքը ՀՀ-ի կողմից չի տեղակայվելու «ադրբեջանական օկուպացված տարածքներում» եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: «Հայաստանին զենքի եւ ռազմամթերքի փոխանցումը՝ հատկապես հարձակողական բնույթի, չի նպաստում հակամարտության կարգավորմանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:
Իհարկե, անցած 4 տարիների ընթացքում միայն Ռուսաստանից շուրջ 5 միլիարդ դոլարի հարձակողական բնույթի զենք ձեռք բերած Ադրբեջանի այս նվնվոցը, մեղմ ասած, անհիմն է: Մի կողմ թողնելով իսրայելական, թուրքական եւ ուկրաինական արտադրության հարձակողական զինատեսակների ձեռք բերման փաստը՝ նկատենք, որ հենց Ռուսաստանից Ադրբեջանի գնած զինանոցում ավելի մեծ թվով հարձակողական հրթիռային համակարգեր կան (նաեւ Սմերչ), քան ձեռք կբերի Հայաստանը` 200 միլիոն դոլարի ռուսական վարկով: Այս ամենը, իհարկե, շատ լավ հայտնի է բոլորին, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ում ձեռքները ծալած չեն նստում եւ չեն լռում, երբ իրենց երկրի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրած Ռուսաստանն ընդամենը 200 միլիոն դոլարի զենք է վաճառում Հայաստանին:
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները 2011-ից ի վեր, երբ հենց վերը նշված պայմանագրի շրջանակներում մեկնարկեց Ադրբեջանին ռուսական զենքով մատակարարելու գործընթացը, որեւէ անգամ չեն բողոքել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի այդ քայլի դեմ: Անցած հինգ տարիներին թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, թե՛ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով այս խնդրին, չգիտես ինչու, հանդես են եկել Ռուսաստանի շահերի պաշտպանի դիրքերից` մշտապես ասելով, թե դա զուտ բիզնես է, եւ որ Հայաստանը ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի բիզնես շահերին: Էլ ուր մնաց Հայաստանի ԱԳՆ-ն համարձակվեր բողոքի նոտա հղել ռուսաստանի ԱԳՆ-ին` պահանջելով դադարեցնել Ադրբեջանի սպառազինումը:
ՀՀ իշխանությունների այս կրավորական կեցվածքում չնչին փոփոխություն եղավ 2014-ի աշնանը, երբ Սերժ Սարգսյանը արգենտինական մամուլին տված հարցազրույցում մտահոգություն հայտնեց ռուսական զենքի վաճառքի կապակցությամբ, ապա արդեն նախորդ տարի՝ գարնանը, մեդիաֆորումի ժամանակ, երբ ասաց, որ դա շատ մտահոգիչ է հատկապես սահմանին կանգնած հայ զինվորների համար, որոնք գիտեն, որ իրենց խոցում են բարեկամ երկրի վաճառած զենքից: «Այդ հարցը պետք է լուծում ստանա»,- եզրափակեց Սարգսյանը, ինչից հետո, սակայն, ՌԴ-ն եւ Ադրբեջանը կնքեցին նոր` 700 միլիոն դոլարի զենքի վաճառքի գործարք, իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում վերստին թարմացրեց «ռուսական բիզնես շահերի» առաջնահերթության թեզը: