ԼԻՆՈՒՄ ԵՆ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան նախագահական նստավայրում վերջապես ստորագրվեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջեւ քաղաքական համագործակցության մասին հուշագիրը: Այդպիսով` այլեւս իրականություն դարձան ՀՅԴ-ին մի շարք պաշտոններ տալու մասին ավելի քան երկու ամիս շրջանառվող լուրերը, որոնք որոշ պաշտոնյաներ այդքան համառորեն հերքում էին:

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցության արդյունքում ՀՅԴ-ին անցած նախարարական պաշտոններից է նաեւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, որն այսուհետ ստանձնելու է դաշնակցական Դավիթ Լոքյանը, իսկ ԱԻՆ-ը շարունակելու է ղեկավարել նախկին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Նշենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Երիցյանը, անդրադառնալով ՏԿԱԻ նախարարության բաժանման մասին շրջանառվող լուրերին, դրանք բամբասանքներ էր անվանել` չցանկանալով մեկնաբանել: «Ես գտնում եմ, որ մենք չպետք է հավատանք բամբասանքներին, եւ եթե ինչ-որ մի փոփոխություն լինի կառավարության կազմում, այնպես լինի, որ բաժանվեն, նոր կխոսենք, բայց այսօր ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, եւ ինձ ոչ մեկն այդ մասին չի ասել»,-նշել էր ՏԿԱԻ նախարարը:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է արդեն ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, երեկ վերջնականապես հստակ դարձավ, որ Ձեր ղեկավարած գերատեսչության մի մասը` տարածքային կառավարման նախարարությունը, այլեւս անցնում է դաշնակցական Դավիթ Լոքյանին, իսկ Դուք կշարունակեք ղեկավարել ԱԻՆ-ը: Դուք կո՞ղմ եք այս բաժանմանը եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը որպես միայն ԱԻՆ նախարար:
-Ես կատարող եմ, ես նախարար եմ… հիմա նախկինում եղել է արտակարգ իրավիճակների նախարարություն, միացվել է տարածքային կառավարման նախարարությանը, հիմա նորից ԱԻՆ է: Ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում:
-Օրեր առաջ մեզ հետ զրույցում անդրադառնալով ՏԿԱԻՆ-ի բաժանման մասին լուրերին` Դուք դրանք համարեցիք բամբասանքներ` չցանկանալով մեկնաբանել: Ինչպե՞ս պատահեց, որ բամբասանքներն իրականություն դարձան:
-Ես ինչ ասեմ, հիմա լինում են բամբասանքներ, որոնք համապատասխանում են իրականությանը, լինում են բամբասանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը…
-Իսկ ինչպիսի՞ն եք պատկերացնում արդեն Ձեզանից բաժանված ՏԿ նախարարության «ճակատագիրը»: Դավիթ Լոքյանն արդյո՞ք կկարողանա լիարժեքորեն ղեկավարել այն:
-Եթե նշանակում են, իհարկե, կարող է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Ես այստեղ մտածելու ոչ մի բան չունեմ: Ես իմ նախարարությունն ունեմ, այստեղ եթե նշանակվել եմ, ուրեմն կշարունակեմ իմ աշխատանքը արտակարգ իրավիճակների նախարարությունում:
-Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: Հատկապես ո՞րն էր Ձեզ համար այդ ելույթի գլխավոր ուղերձը:
-Բարձր գնահատական ունեմ նախագահի ելույթի վերաբերյալ: ՀՀ նախագահը մշտապես ասել է, որ պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի, յուրաքանչյուրն իր աշխատանքով զբաղվի: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրս այդ մեսիջը որ ստացանք, պետք է ձգտենք, որպեսզի ավելի լավ աշխատենք:
-Օրեր առաջ ՕԵԿ-ը լուծարվեց եւ այսուհետ հանդես է գալու «Հայկական վերածնունդ» անվանումով: Դուք՝ որպես նախկին ՕԵԿ-ական, ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին, արդյո՞ք անվանափոխության գնալը ճիշտ որոշում էր:
-Ոչ մի վերաբերմունք չունեմ: Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ չեմ խորացել, չեմ էլ ուզում խորանալ…
-Արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Ձեր, ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված են, ինչն էլ, կարծես թե, պատճառ հանդիսացավ, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունը երկու մասի բաժանեն: Այժմ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հետ:
-Լարված չեն մեր հարաբերությունները, սուտ են այդ տեղեկությունները: Նորմալ հարաբերություններ են՝ նախագահ-նախարար, նախարար-վարչապետ: Այդպիսի բան չկա, ես Ձեզ հավաստիացնում եմ: Կան մարդիկ, որ սիրում են նման բաներ ասել, եւ դա իրենցից է կախված, դրանք հերյուրանքներ են:

 

 
ԵԿԵՔ ԱՆՈՒՆԸ ԴՆԵՆՔ ՎԱՐԴՈՒՇ, ԴՐԱՆԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽՎԵԼՈ՞Ւ Է

Երեկ ԱԺ-ում շարունակվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որից հետո այն քվեարկությամբ ընդունվեց:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների համար ԵՏՄ տարածք երրորդ երկրներից ներմուծվող եւ ՀՀ-ից երրորդ երկրներ արտահանվող ապրանքների դեպքում սահմանել 1000 դրամ նվազագույն շեմ, որպեսզի լրացուցիչ բեռ չառաջանա տնտեսվարողների համար:
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Թեւան Պողոսյանը, Խոսրով Հարությունյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Հովհաննես Մարգարյանը` հարցեր ուղղելով հարակից զեկուցողներ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին:
Հատկապես ուշագրավ էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի զարմանքն այս նախագծի վերաբերյալ: Վերջինիս համար անհասկանալի մնաց, թե ինչպես են քվեարկում այս օրենքը, երբ այն ընդհանրապես տուրքի մասին չէ. «Այդպես է, այդպես է, Մուշն ու Վանն էլ միացրեք իրար, թող պրծնի գնա: Քվեարկե՛ք»,- ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, արձագանքելով Բագրատյանին, ասաց. «Օրենքը տուրքի մասին է, խոսքը վերաբերում է տարեկան պետական տուրքին, այնպես որ մենք քվեարկում ենք տուրքի մասին»:
Այվազյանի խոսքից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, ինչին փորձեց միջամտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Խնդրում եմ բանավեճ չսարքել, յուրաքանչյուրիդ դիրքորոշումը պարզ է: Խնդրում եմ պահպանել կարգուկանոն, պարո՛ն Բագրատյան»,- պատգամավորին դիմեց Նաղդալյանը:
Խորհրդարանն այնուհետեւ քննարկեց 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Վերջինս նշեց, որ արձանագրությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի հիմնադրման մասին 2009 թվականին ստորագրված պայմանագրում: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ փոփոխության նպատակն է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը» վերանվանել «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ»:
Այս անվանափոխությունը, կարծես թե, այնքան էլ դուր չեկավ պատգամավորներից ոմանց: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե անունը փոխելու արդյունքում արդյոք ինչ-որ բան փոխվելու է: «Հիմնադրամի անունը փոխելով, զարգացում բառն ավելացնելով՝ ի՞նչ ենք շահելու մենք: Ընդհանրապես այդ հիմնադրամի գործունեությունից ի՞նչ է շահել Հայաստանը: Թե չէ անունը փոխենք, եկեք, անունը դնենք Վարդուշ, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ է, թե՞ չէ»,- հարցրեց ԲՀԿ ղեկավարը:
Զոհրաբյանի հարցադրմանն ի պատասխան՝ Ջանջուղազյանը նշեց. «Հիմնադրամն իր գոյության ընթացքում ապացուցել է, որ գոյություն ունենալու իրավունք ունի, բայց արդեն իր անվանումը դարձել է չհամապատասխանող իր այսօրվա գործունեության ուղղություններին: Դրանով է պայմանավորված որ ոչ միայն զարգացում բառն է ավելացել այլեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի» է վերանվանվել:
Նշենք, որ նախագծի քննարկումը կշարունակվի այսօր:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 
ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի մտերիմ Կարեն Բագրատունյանցը՝ Սամբիստ Կարենը, որ զենք պահելու մեղադրանքով ընդամենը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել, փորձում է հնարավորինս շուտ ազատության մեջ հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Բագրատունյանցը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողով՝ վաղաժամկետ ազատվելու համար, սակայն մերժում է ստացել: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 19-ին քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, եւ մի խումբ այլ անձինք, որոնց մեջ էին եղել նաեւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանն ու վերը նշված Կարեն Բագրատունյանցը, ապօրինի զենք պահելու կասկածով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Այս պատմության արդյունքում էլ Կարեն Բագրատունյանցը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Եւ հիմա ամեն կերպ փորձում է հունիսի 19-ից շուտ ազատության մեջ հայտնվել:

 

 

«ՆՈՐ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ
ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ միայն անցած տարվա առաջին կեսին ՀՀ քաղաքացիություն է ստացել 4 հազար 219 օտարերկրացի: Նրանցից միայն 222-ն են ԱՊՀ պետութունների եւ 132-ը՝ ՌԴ քաղաքացիներ: Չնայած այդ տվյալներում նշված չէ, թե վերը բերված թվից քանիսն են սիրիահայերը, սակայն ակնհայտ է, որ մեծամասնությունը հենց նրանք են կազմում: Բանն այն է, որ մինչեւ սիրիահայերի ներգաղթը, այսինքն՝ 2012 թվականը, տարեկան կտրվածքով ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը մի քանի հարյուր էր լինում: Դրանք հիմնականում Ռուսաստանում ապրող մեր այն հայրենակիցներն էին լինում, որոնց ՀՀ քաղաքացիությունն անհրաժեշտ էր լինում Հայաստանում անշարժ գույք գնելու համար:

 

 

ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացնելու ՓԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Սնանկության կառավարիչը ցանկանում է դատական թույլտվությունը ստանալ ընկերության գույքը մեկ լոտով, բաց դասական եղանակով վաճառելու համար: Նախատեսվում է, որ աճուրդը տեղի կունենա այս տարվա ապրիլի 1-ին: Նշենք, որ լոտի մեկնարկային գինը ավելի քան 2.5 մլրդ դրամ է: Ի դեպ, պարտատերերն իրավունք ունեն բողոքարկել կառավարչի միջնորդությունը, որի համար նրանք ունեն յոթնօրյա ժամկետ:




Լրահոս