Էներգետիայի ոլոտում առկա ամենաթողության դեմ անցած տարվա հունիսին ծավալված բողոքի ցույցերից հետո, թվում էր, թե ՀՀ իշխանություններն այս ոլորտից «գումարներ կպցնելու» գործում միառժամանակ զսպվածություն կդրսեւորեն: Սակայն ժամանակը հերթական անգամ ապացուցեց ժողովրդական ասացվածքի ճշմատացիությունը` կարմիր կովը կաշին չի փոխի, ասել է, թե նախիրն ինչպես թալանել է, այնպես էլ շարունակելու է այդ անել, քանի նման հնարավորություն ունի:
ՀՀ կառավարության անցած հինգշաբթի` փետրվարի 18-ին տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը գաղտնիության պայմաններում հաստատեց Համաշխարհային բանկից վարկ վերցնելու մասին մի ծրագիր, որի մանրամասները մինչ օրս այդպես էլ չեն հրապարակվում: Այսինքն՝ չի հրապարակվում, թե ՀՀ կառավարությունը որքան գումար է վարկով վերցնում, այդ գումարն ինչպես է ծախսվելու եւ այսպես շարունակ: Նախօրեին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը մի հաղորդագրություն է տարածել, որով իբր վարկի վերաբերյալ պարզաբանումներ են տվել: Իրականում, սակայն, այդ հաղորդագրությունում ավելի երկար ձեւակերպումներով կրկնել են դեռեւս ՀՀ կառավարության նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ասածներն առ այն, որ վարկով վերցված գումարներով մարելու են Հայաստանի էներգետիկ համակարգի պետական ընկերությունների հանդեպ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կուտակած պարտքերը: Ավելի ճիշտ՝ ՀԷՑ-ի պատճառով էներգետիկայի ոլորտի պետական ձեռնարկություններն իրենք են պարտքեր կուտակել, քանի որ ստիպված են եղել առեւտրային վարկեր վերցնել: «Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկով կմարվեն ընկերությունների (պետական) առեւտրային բանկերում մնացած վարկերը եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ պարտքի մի մասը»,- նշված է: Իսկ թե ընդհանուր որքան գումարի մասին է խոսքը, էներգետիկայի նախարարությունը շարունակում է գաղտնի պահել: Ի դեպ, էներգետիկ ոլորտի պետական ձեռնարկությունները, ատոմակայանից բացի, երեքն են` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Հաշվարկային կենտրոն» եւ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ները:
Այս վարկի պատմությունը, իհարկե, բազմաթիվ ուշագրավ կողմեր ունի: Սակայն ամենակարեւրը, մեր կարծիքով այն է, որ այս վարկով հաստատվում է, թե ինչպես են ՀՀ իշխանությունները ՀԷՑ-ի հետ ձեռք ձեռքի բռնած տարիներ շարունակ թալանում Հայաստանի բնակչությանը եւ այսօր էլ շարունակում են դա անել: Այսպես, Հայաստանում սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը, ինչպես հայտնի է, վերջին տասը տարիներին չորս անգամ է բարձրացվել: 2002-ին ՀԷՑ-ի մասնավորեցումից հետո էլէներգիաի սակագինը սահմանվեց 1 ԿՎտ/Ժ 25 դրամ, հետագայում գիշեր-ցերեկ հաշվիչների ասպարեզ գալուց հետո էլէներգիայի գիշերային սակագինը սահմանվեց 1 ԿՎտ/Ժ 15 դրամ:
2009 թվականի գարնանը, այն բանից հետո, երբ դոլարի փոխարժեքը 305 դրամից երկու օրում` մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, բարձրացավ եւ դարձավ 400 դրամ, էլէներգիայի սակագինն անմիջապես բարձրացվեց 24 տոկոսով: Ցերեկային սակագինը սահմանվեց 1 ԿՎտ/Ժ 30 դրամ, իսկ գիշերային` 1 ԿՎտ/Ժ 20 դրամ: 2013 թվականի ամռանը ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ ՀԷՑ-ը վերջին տարիներին իբր ոչ իր մեղքով 44 մլրդ դրամի վնաս է կրել, եւ ըստ օրենսդրության՝ այն պետք է փոխհատուցվի: Իբրեւ վնասների պատճառ նշվում էր ատոմակայանի նորմայից կրկնակի ավել դադարը եւ սակավաջրությունը: Ինչեւէ, այդ վնասը փոխհատուցելու պատրվակով էլէներգիայի սակագինը բարձրացվեց. ցերեկային սակագինը դարձավ 1 ԿՎտ/Ժ 38 դրամ, գիշերայինը` 1 ԿՎտ/Ժ 28 դրամ: 2014-ի ամռանը ՀՀ իշխանությունները նույն` իբր թե ՀԷՑ-ի կուտակած վնասների պատճառաբանությամբ, եւս մեկ անգամ էլէներգիայի սակագինը բարձրացրեցին. ցերեկային սակագինը դարձավ 1 ԿՎտ/Ժ 41,85 դրամ, գիշերայինը` 1 ԿՎտ/Ժ 31,85 դրամ: Այդ ժամանակ ՀԷՑ-ի կուտակած վնասների թիվը ներկայացվում էր իբրեւ 37 մլրդ դրամ: Անցած տարի վնասների թիվը արդեն իջեցվել էր մինչեւ 24 մլրդ դրամ, բայց, միեւնույն է, էլէներգիայի սակագինը կրկին բարձրացվեց. ցերեկային սակագինը դարձավ 1 ԿՎտ/Ժ 48,78 դրամ, գիշերայինը` 1 ԿՎտ/Ժ 38,78 դրամ: Այսինքն՝ վերջին երեք տարիներին իբր ՀԷՑ-ի վնասները փոխհատուցելու անվան տակ էլէներգիայի սակագինը բարձրացվել է շուրջ 70 տոկոսով:
Հարցերի հարցն այն է, որ եթե այժմ ՀՀ կառավարությունը կարող է վարկ վերցնել էներգետիկ ոլորտի խնդիրները լուծելու համար, ապա ինչու նույն՝ 2013 թվականին ՀԷՑ-ի 44 մլրդ դրամի վնասները վարկով չփոխհատուցեցին: Այն ժամանակ դա կազմում էր 110 մլն դոլար: 2013 թվականի ամառվանից հետո ՀՀ արտաքին պարտքը աճել է շուրջ մեկ միլիարդ դոլարով: Եթե 110 մլն դոլարն ուղղվեր էլէներգիայի սակագնի բարձրացումը թույլ չտալու վրա, ապա ՀՀ բնակիչները գոնե կիմանային, թե իշխանություններն ինչի համար են հերթական վարկը վերցնում: Միեւնույն է՝ այդ վարկերի համար այդ նույն բնակիչներն են վճարելու: Իսկ այսպես ոչ ոք չգիտի, թե վարկերը ինչու են վերցվում եւ ինչ նպատակներով են ծախսվում:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները շատ լավ իմացել են, որ ՀԷՑ-ի վնասները ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ պատճառներով, կամ նույնն է, թե թալանի արդյունքում են գոյացել: Այսինքն՝ եթե միանգամից այդ 44 մլրդ դրամը փոխհատուցեին, ապա հետագայում կպարզվեր, որ ՀԷՑ-ում կրկին «սակավաջրություն» է եղել, ու ատոմակայանի աշխատանքն էլ այդ ձեռնարկությունում, միեւնույն է, չեն նկատել:
Իսկ ամենակարեւորն այն է, որ ստեղծված իրավիճակը փաստում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են ամենաուշը այս տարվա օգոստոսին էլէներգիայի սակագինը իջեցնել մինչեւ 2013 թվականի հուլիսի 1-ին եղած մակարդակը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՉ ՏԵՍԵԼ Է, ՈՉ ԷԼ ԼՍԵԼ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ նախարարությունների հաշվետվությունները ներկայացնելու մասին պատմող հաղորդագրությունների համաձայն՝ վարչապետը նախարարներին կոնկրետ հանձնարարականներ է տվել, իրենց ոլորտներում արձանագրված թերությունները շտկելու համար: Մասնավորապես, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին հանձնարարել էր «պարբերաբար այցելել Հայաստանի մարզեր, ակտիվացնել շփումները մարզերի սպորտի եւ երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների հետ»: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից փորձեց պարզել, թե նա ինչ հետեւություն է արել վարչապետի հանձնարարկաններից: Իբրեւ պատասխան նա ասաց. «Ինչ բացթողումներ, կոնկրետ ասեք, ես էլ կպատասխանեմ: Դուք մոտավորապես եք հարց տալիս, ես ինչպես կարող եմ պատասխանել: Ես նման բան չեմ հիշում: Դուք ինձանից շատ լավ գիտեք այն, ինչ որ ես չեմ լսել, չեմ տեսել»:
ԴԱՏԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարությանը շուրջ 455 հազար դոլարի վնաս տալու մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սարգսյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հիշեցնենք, որ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին մատակարարել էր վիդեոկոնֆերանսի սրահների համար անհրաժեշտ սարքավորումներ: Սարքերը վաճառելուց որոշակի ժամանակ անց պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ին վաճառվել է շուկայականից շատ բարձր եւ կեղծ փաստաթղթերով սարքված գներով: Արդյունքում, քրեական գործ էր հարուցվել, եւ գործարարն էլ կալանավորվել էր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, դրա համար նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Ավելին՝ որոշվել է, որ դատը եւս հենց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանցկացվի:
ԱՅՎԱԶՅԱՆՆ ՈՒ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՎԻՃԵՑԻՆ
Երեկ խորհրդարանում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հերթական անգամ լեզվակռվի բռնկվեցին: Միջադեպը տեղի ունեցավ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության նախագծի քննարկման ժամանակ, սակայն կողմերի մեկը մյուսին խայթելու մղումից ակնհայտ էր, որ քննարկվող նախագիծն ընդամենը առիթ էր նրանց համար իրենց փոխադարձ «սերը» դրսեւորելու համար: Բագրատյանը փորձում էր Այվազյանին ստիպել, որպեսզի նա մանրակրկիտ պատրաստված նախագիծը ներկայացնի, Այվազյանն էլ սրտնեղում էր, թե «ես հո քո աշխատողը չեմ, որ քո ուզած ձեւով նախագիծը ներկայացնեմ»: Բագրատյանը ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո երբ միջանցքում նկատեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, սկսեց նրան բողոքել Այվազյանից: Դժվար է ասել, թե բողոքը ինչի դեմ էր, բայց Վ. Բաղդասարյանին հաջողվեց նրան հանգստացնել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Աբխազիան ազատ վիզային ռեժիմ է սահմանում Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդենստրի Հանրապետությունների հետ: Այս մասին ռուսական TACC գործակալությանը նախօրեին ասել է Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Կան Թանիան` նշելով, որ նման պայմանագրերի նախապատրաստման անհրաժեշտությունը ծագել է այն օրենքի ընդունումից հետո, որի համաձայն՝ Աբխազիայի անկախությունը չճանաչած պետությունների քաղաքացիները ապրիլի 1-ից զրկվում են ինքնահռչակ հանրապետություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից:
ՆՈՐ ՌԵՖԵՐԵՆՏ
Երեկ ԴԱՀԿ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի ռեֆերենտ: Այսպիսով, Սարգսյանի ռեֆերենտների թիվը հասավ երեքի. մինչ այս այդ գործն իրականացնում էին Արմեն Դավթյանը եւ Նաիրի Պետրոսյանը: ArmLur.am-ի տեղեկացմամբ` 43-ամյա Արմեն Ռազմիկի Հարությունյանը Հայաստանում ստանալով բարձրագույն իրավաբանական կրթություն՝ ուսումը շարունակել է ԱՄՆ մի քանի համալսարաններում:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ըստ Կրեմլի պաշտոնական տեղեկատվության, քննարկվել է Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությքւնը` 2016թ. փետրվարի 27-ից հրադադարի ռեժիմի սահմանման շուրջ: Պուտինն ու Ասադն ընդգծել են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքարի շարունակման անհրաժեշտությունը: