ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին ԱՄՆ-ի Հարավային Կառոլինա, իսկ 23-ին Նեւադա նահանգներում կայացած քվեարկությունները լրջագույն ազդեցություն ունեցան ԱՄՆ նախագահի ընտրության գործընթացի վրա: Արձանագրված արդյունքները որոշակիորեն հստակեցրին հանրապետականների միջեւ ծավալված քաոսիկ պայքարը, ինչպես նաեւ ցույց տվեցին Դեմոկրատական կուսակցությունում առկա իրական վիճակը: Փաստ է, սակայն, որ ԱՄՆ-ում նախագահ դառնալու համար խիստ կարեւոր է գործչի փորձառությունը, ինչը հատկանշական ընդհանրություն է հայաստանյան իրականության հետ:

Հանրապետականների ճամբարում սկսվել է իսկական համախմբում Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյի շուրջը: Ինչպես կանխատեսել էինք՝ քվեարկությունից առաջ տեղի ունեցած բանավեճը ծանր նստեց Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի վրա: Միլիարդատեր Թրամփին հաջողվեց առ ոչինչ դարձնել անգամ նախկին նախագահ Ջորջ Բուշի` Հվ. Կառոլինայում եղբոր համար վարած քարոզարշավը: Մեկ տարի առաջ հանրապետականների ամենահավանական թեկնածուն համարվող Ջեբ Բուշը առաջատար էր բոլոր սոցհարցումներով, սակայն բավական էր, որ Դոնալդ Թրամփը մտներ պայքարի մեջ ու անձնական մի շարք վիրավորանքներ հասցներ Բուշին, որպեսզի վերջինս տապալվեր հաղթական բարձունքից: Հարկ է նկատել, որ Ջեբը Բուշերի ընտանիքի ամենապատրաստված պետական գործիչն էր համարվում եւ, կարելի է ասել, կասկած չկար, որ բավականին հաջող նահանգապետությունից հետո նա կարող էր հավակնել հորից եւ եղբորից ավելի լավ նախագահ դառնալուն: Սակայն գիտական պատրաստվածությունն ու արհեստավարժությունը կարծես ամերիկյան ներկայիս քաղաքականության մեջ այնքան էլ նշանակություն չունեն, որքան բանավեճերում ակտիվ, ինչ-որ տեղ նաեւ ագրեսիվ կեցվածքն ու ինքնավստահությունը: Ջեբ Բուշը կաղում էր հենց այդ ճակատում, իսկ Դոնալդ Թրամփը, որի ամենաուժեղ կողմը մրցակցին բեմի վրա մինչեւ վերջ ջարդելն է, հաջողությամբ կարողացավ լուծել այդ խնդիրը: Ամենեւին պատահական չէ, որ Թրամփի թիրախը հենց Բուշն էր: Նրան դուրս թողնելով խաղից` Թրամփը այսօր փորձառու մրցակից չունի, չհաշված Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքին, որին կուսակցական բոսերը առաջիկայում կստիպեն լքել պայքարը` ի նախընտրություն սենատոր Ռուբիոյի: Բուշի` պայքարը լքելուց հետո, հենց Ռուբիոյի շուրջ են սկսել համախմբվել կուսակցական ղեկավարությանը հարող շրջանակները` նպատակ ունենալով կանգնեցնել Թրամփին: Հվ. Կառոլինայի ու Նեւադայի քվեարկություններում հաղթանակ տարած Թրամփը բացարձակ առաջատար է դարձել լիազորներ կուտակելու պայքարում:
Մարտի 1-ը ԱՄՆ-ում հայտնի է իբրեւ սուպեր երեքշաբթի, երբ միաժամանակ քվեարկություններ են անցկացվելու 12 նահանգներում: Այդ օրն էլ արդեն պարզ կլինի, թե արդյոք Բուշի հեռանալը, դրանով պայմանավորված` Ռուբիոյի հզորացումը, ազդեցիկ հանգամանքներ կլինեն Դոնալդ Թրամփին կանգնեցնելու համար: Ներկայիս հարցումներով Թրամփը գրեթե բոլոր նահանգներում ունի հստակ առավելություն, սակայն փետրվարի 25-ի բանավեճն ու Ռուբիոյի օրեցօր հզորացող թիմը իրական հայտ են ներկայացնում միլիոնատիրոջը` իր ապաքաղաքական լինելու մասին հիշեցնելու համար: Ի դեպ, Ռուբիոյի ուժեղանալը լրջագույնս սասանել է երկրորդ տեղով ընթացող Թեքսասի սենատոր Թեդ Քրուզի դիրքերը, որը վերոնշյալ երկու քվեարկություններում էլ հանգրվանել է ընդամենը երրորդ հորիզոնականում:
Իսկ ահա դեմոկրատների պայքարում իրավիճակը գնալով պարզվում է: Նեւադայում Քլինթոնը ստացել էր 52 տոկոս, մինչդեռ Սանդերսը` 47: Քլինթոնի այս հաղթանակը խոշորագույն նշանակություն ունեցավ, քանզի Սանդերսի ուղերձները` տեղի բնակչության բազմազանությամբ պայմանավորված, կարելի էր կարծել, որ պիտի ավելի ազդեցիկ լինեին: Բայց եւ այնպես, հաղթողը Քլինթոնն էր, որին անհրաժեշտ է Ֆիլադելֆիայի հուլիսյան համաժողովում լոկ 2382 լիազորի աջակցություն, որից նախկին առաջին տիկինն արդեն իր գրպանում ունի 502-ը` ի հեճուկս Սանդերսի 70-ի: Ակնհայտ է, որ դեմոկրատների մոտ մրցակցությունն այնքան էլ թեժ չէ` հաշվի առնելով Քլինթոնի բացարձակ առաջատարությունը, նրա աջակիցների լայն շրջանակը, ինչպես նաեւ նախկին նախագահի կնոջ ու նախկին պետքարտուղարի կարգավիճակները: Ըստ էության, Քլինթոնը ունի լրջագույն փորձառություն, հզոր կապեր, մինչդեռ Սանդերսը 2007թ.-ից Վերմոնտ նահանգից ընտրված սենատոր է, որը բացի Բարլինգտոն քաղաքի քաղաքապետ լինելուց՝ գործադիր կառավարման այլ փորձ չունի:
Հայաստանում նախագահական ընտրություններին, ի տարբերություն ամերիկյանի, սովորաբար մասնակցում են մարդիկ, որոնք պետական աշխատանքի եւ կառավարման փորձ չունեն: Հարկ է նկատել, որ կառավարման համակարգին բացարձակապես անտեղյակ միակ գործիչը, որը մինչ օրս բարձր ձայներ է ստացել, 2003թ. նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն է: Վերջինս, ըստ որոշ գնահատականների՝ հաղթած լինելով հանդերձ Ռոբերտ Քոչարյանին, այդպես էլ անկարող եղավ իրավաբանորեն ամրագրել իր հաղթանակը: Շատերը կհիշեն, որ Ս. Դեմիրճյանին ուղղված քոչարյանական քննադատությունը հիմնված էր թեկնածուի` կառավարման փորձ չունենալու հանգամանքի վրա, ինչը, ի դեպ, այնքան էլ հեռու չէր իրականությունից: Պարոն Դեմիրճյանը, ցավոք, ընդդիմության առաջնորդ եղած շրջանում ցույց տվեց իր փորձառության պակասը, ինչը հատկապես դրսեւորվեց հետընտրական պայքարի անկազմակերպվածությամբ ու ցայտնոտությամբ: Ահա հայաստանյան ու ամերիկյան նախագահական ընտրությունների միջեւ մի կարեւոր ընդհանրություն. ընտրություններում հաղթելու իրական հնարավորությունը պատկանում է պետական եւ հատկապես գործադիր աշխատանքի փորձ ունեցող գործիչներին: Ենթադրելի է, որ այս հանգամանքն էր հաշվի առել Հովիկ Աբրահամյանը, երբ երկրի երկրորդ պաշտոնը փոխեց աստիճանակարգությամբ երրորդը համարվող վարչապետի պաշտոնի հետ: Աբրահամյանն անցյալ տարվա փետրվարին հաստատապես չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը 2018թ.-ից հետո պատրաստվում է վարչապետ դառնալ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է
2016թ. հունվարի 21-ին Տավուշի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով նույն օրը արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մարուխյանը նշանակվեց Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես տեղեկացանք ոստիկանության Իջեւանի բաժնին մոտ կանգնած աղբյուրներից՝ նոր դատախազի աշխատաոճը մտահոգություններ է առաջացրել ոստիկանների մոտ: Դատախազ Մարուխյանը հետամուտ է, որ ոստիկանների կողմից ներկայացվող փաստաթղթերը լինեն իրավաբանորեն գրագետ, հստակ ձեւակերպումներով: Նա այդ մասին դիտողություններ է արել իջեւանցի ոստիկաններին: Նշենք, որ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցներից ոմանք բարձրագույն իրավաբանական կրթություն չունեն: Իջեւանում անգամ ոստիկանության աշխատակից կա, ով չունենալով բարձրագույն իրավաբանական կրթություն՝ մի քանի ամսվա վերապատրաստումից հետո սպայական կոչում է ստացել եւ պատասխանատու աշխատանքի անցել: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանից հետաքրքրվեցինք ոստիկանների ներկայացրած իրավական փաստաթղթերի վերաբերյալ իր դիտողությունների մասին: Նա չժխտեց իրողությունը, ասաց, որ ինքը միշտ հետեւողական է եղել օրինականության պահպանմանը՝ հավելելով, որ նշված խնդիրը նաեւ ոստիկանության ղեկավարությանն է մտահոգում:

 

 

ՉՀԱՋՈՂՎԵՑ ԱԶԱՏՎԵԼ
«Իջեւանի շուկա» ՍՊԸ տնօրեն, շուկայի 50 տոկոս բաժնեմասի տեր Գառնիկ Օհանյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ շուկայի մնացած 50 տոկոս բաժնեմասի տերեր Գետահովիտ գյուղի բնակիչ Տիգրան Ավագյանի եւ Երեւանի բնակիչ Գագիկ Հակոբջանյանի: Նա հայցով պահանջել է ընկերության 2 բաժնետերերին ընկերությունից հեռացնել: Իջեւանի շուկայի կանոնադրական կապիտալը կազմում է 70 միլիոն դրամ: Գ. Օհանյանը հայցում նշել է, որ շուկայի մյուս 2 սեփականատերերը իրենց գործողություններով խոչընդոտում են ընկերության գործունեությանը, առանց պատճառաբանության մերժում են ընկերության տարեկան հաշվետվության հաստատումը: Բացի այս` Տ. Ավագյանն այլ ընկերությունում 20 տոկոս բաժնետեր է դարձել, որի պատճառով ինքը ենթարկվել է վարչական տույժ-տուգանքների: Գ. Օհանյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ հայցը պնդում է միայն Տիգրան Ավագյանի մասով: Պատասխանող կողմը դատարանին տեղեկացրել է, որ ընկերության տարեկան հաշվետվությանը դեմ են քվեարկել, քանի որ իրենց ձեռագիր, ոչ պատշաճ հաշվետվություններ են ներկայացվել: Դատարանը փաստել է, որ Գ. Օհանյանը տեղյակ է եղել, որ Տ. Ավագյանը այլ ընկերությունում բաժնեմաս ունի, եւ այդ հանգամանքը Իջեւանի շուկայի բնականոն գործունեության համար խոչընդոտ չէ: Փետրվարի 17-ին դատավոր Արման Կուրեխյանը մերժել է Գ. Օհանյանի հայցը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ»-Ը ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՔԱՆԴԵԼ

Երեւանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով նախատեսվում է Երեւանի Գլխավոր պողոտայի վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքներ: Սակայն կառուցապատման այս աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է Աբովյան, Բյուզանդի, Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս մասին նախագիծը այսօր ՀՀ կառավարություն է ներկայացնելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականի օգոստոսի 28-ին կառավարության որոշմամբ՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ: Իսկ տարածքների ձեռքբերողներ էին ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն եւ «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն:
Սակայն «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն այս տարվա փետրվարի 2-ին դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ հայտնել, որ տարածքում առկա մեծածավալ ինքնակամ շինությունների պատճառով ընկերությունը չի կարողացել տարածքում առկա օբյեկտների սեփականատերերի հետ կնքել օտարման պայմանագրեր: Ըստ քաղաքապետարանի՝ տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Այս մասին նախագիծը քաղաքապետն այսօր կներկայացնի կառավարություն:
Հավելենք, որ Երեւանի գլխավոր հատակագծի համաձայն՝ վերոնշյալ փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը: Նշենք, որ պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի շինություններն են:
Սա այն նախագիծն է, որի մասին Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները խոսում էին դեռեւս 2003-2004 թվականներին, երբ Երեւանում սկսվեց իրացման գործընթացը: Սակայն տարեցտարի կենտրոնում գտնվող հուշարձանների մի մասը ոչնչացվում է, իսկ «Հին Երեւան» միջավայրն այդպես էլ չի ստեղծվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս