ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած տեւական ժամանակ է` հայտնի էր, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում Արագածոտնի մարզպետի պաշտոնը տրվելու է Դաշնակցությանը, ինչի հետեւանքով գործող մարզպետ Սարգիս Սահակյանը ստիպված է լինելու հրաժեշտ տալ իր աթոռին, այդուհանդերձ, մինչեւ վերջին օրը Սահակյանը ոչ միայն հերքում էր իր պաշտոնանկության մասին լուրերը, այլեւ կադրային փոփոխություններ էր անում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Արագածոտնի՝ արդեն նախկին մարզպետը դպրոցի տնօրեններին պարտադրում էր աշխատանքից ազատման դիմում ներկայացնել եւ նրանց փոխարինում իր կադրերով: Սակայն Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս լուրերը համարեց անհիմն:

Դպրոցի նախկին տնօրեններին հրաժեշտ տված գյուղերի թվում են Հնաբերդը, Դիանը, Ոսկեվազը, Օշականը եւ այլն: Տեղեկացնենք, որ Դիանը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ծննդավայրն է: Այստեղ դպրոցի նախկին տնօրենը Պավել Պողոսյանն էր, իսկ ներկայիս տնօրենը Ռուբիկ Հարությունյանն է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Դիան գյուղի միջնակարգ դպրոցի ներկայիս տնօրեն Ռուբիկ Հարությունյանի հետ: Հավելենք, որ վերջինս դպրոցի տնօրեն է նշանակվել այս տարվա փետրվարի 5-ին: «Նույն մարզպետի օրոք ես ազատվել եմ աշխատանքից. 5 տարի աշխատել եմ այս դպրոցի տնօրենի պաշտոնում: Բայց հիմա չգիտեմ, թե ինչ պատճառներով են ազատել նախկին տնօրենին: Ես էլ չեմ հետաքրքրվել, թե իրականում ինչ է եղել, եւ ինչու են նրան ազատել: Ես հետաքրքրասեր չեմ, այս պատճառով էլ մանրամասներին չեմ տիրապետում: Ինձ կանչեցին, մարդիկ առաջարկեցին աշխատել, ես էլ մեծ դժվարությամբ ընդունեցի առաջարկը, բայց համաձայնվեցի: Նախկին տնօրենի մասով ինձ ասացին, որ արժանի չէ, դրա համար էլ դուրս է եկել: Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ապա էս երկիրը երկիր կդառնա»,- ներկայացրեց Դիանի միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Հարությունյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ ինքը մարզպետի ազգականն է, սակայն միաժամանակ վստահեցրեց, որ բարեկամ լինելն ամենեւին կապ չունի իր նշանակման հետ: «Մենք բարեկամներ ենք եւ նույն գյուղի բնակիչ: Բայց տնօրեն նշանակվելը ոչ մի կապ չունի բարեկամ լինելու հետ: Ես երկար տարիներ եմ այս դպրոցում որպես տնօրեն աշխատել: Ես դպրոցի տնօրենն էի, երբ նույնիսկ Արագածոտնի մարզպետը Սարգիս Սահակյանը չէր»:
Իսկ, ահա, Դիանի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Պավել Պողոսյանը Ագարակավան գյուղի բնակիչ է: Վերջինիս հետ, սակայն, մեզ չհաջողվեց կապ հաստատել:
Նույն մարզի Ոսկեվազի դպրոցը եւս նոր տնօրեն ունի. Նաիրա Հովհաննիսյանը արդեն երեք օր է, ինչ նշանակվել է այս դպրոցի տնօրենի պաշտոնում: Իսկ նախկին տնօրենը Համբարձում Համբարձումյանն է: Ոսկեվազի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր աշխատանքից ազատումը կապեց թոշակի անցնելու հետ: «Տարիքս լրացել է: Տնօրենի ԺՊ նշանակվեցի թոշակի անցնելու օրը: Այդպես 8 ամիս աշխատեցի, մրցույթ հայտարարվեց երեք անգամ, բայց թեկնածուներ չկային: Ի վերջո, մրցույթը կանոնավոր կարգով կայացավ եւ մեր աշակերտներից մեկն էլ, ով ստացել էր հավաստագիր, նշանակվեց: Ես արդեն հաշտվել եմ այդ իրողության հետ, համակերպվել եմ առանց աշխատանքի»,- ափսոսանքով նկատեց պարոն Համբարձումյանը:
Հավելենք, որ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ոսկեվազի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Համբարձումյանը լարված հարաբերություններ ունի Սարգիս Սահակյանի հետ: Այս հարցին ի պատասխան՝ Համբարձումյանն ասաց. «Վաղեմի պատմություն է. ինքը փորձեց, բայց ես տեղում մնացի… ես հաղթահարել եմ դա: Ես իմ տեղը պահպանել եմ»:
Այնուամենայնիվ, դպրոցների տնօրեններին նորերով փոխարինելու թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Վերջինս պնդեց, որ ինքը դպրոցներում կադրային փոփոխությունների հետ որեւէ կապ չունի: «Դպրոցի տնօրեններին ազատելու եւ նշանակելու հետ ես ոչ մի կապ չունեմ: Օրինակ՝ Ոսկեվազի դպրոցի տնօրեն Համբարձում Համբարձումյանը թոշակի է անցել: Մրցույթ է հայտարարվել թափուր պաշտոնի համար»,- ներկայացրեց նախկին մարզպետը:
Իսկ ահա Դիանի դպրոցի նախկին տնօրեն Պավել Պողոսյանի մասով էլ ասաց, որ վերջինս սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից՝ պատճառաբանելով, որ ինքը այլ գյուղում՝ Ագարակավանում է ապրում եւ ամեն օր հնարավորություն չունի գնալ-գալ: «Այս տարի մարզում կա հինգ դպրոց, որոնց տնօրենները պետք է անցնեն թոշակի»,- լրացրեց Ս. Սահակյանը, ով մեզ հետ զրույցի պահին դեռ զբաղեցնում էր Արագածոտնի մարզպետի պաշտոնը:
Մի քանի ժամ անց, սակայն, երեկ երեկոյան, նա հրաժեշտ տվեց իր պաշտոնին, իսկ Արագածոտնի նոր մարզպետ նշանակվեց Գագիկ Գյոզալյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՈՒՆԵԶՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ ԴԻՄՈՒՄ ՄԻԵԴ` ՀՀ-ԻՆ ՉՎՆԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել 2-րդ կարգի հաշմանդամ Լիպարիտ Մանուկյանը, որը բազմիցս տարբեր ատյաններին ուղղված դիմումներով փորձել է արդարություն գտնել, սակայն ապարդյուն: Այժմ նա բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

«2007թ. մինչեւ 2010թ. «ԳԱՊ» ՍՊ ընկերության տնօրենից խնդրել եմ վերադարձնել իմ վճարած գումարը Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցվող 16 հարկանի շենքի չորրորդ հարկի 172 քառ/մ բնակարանի կառուցման համար: Հրաժարվեցին ետ վերադարձնել գումարը, տնօրեն Գագիկ Պապոյանը եւ իրավաբան Գեւորգ Աթոյանը նշեցին, որ գումարը ներդրվել է շենքի կառուցման վրա: Ստիպված դիմեցի առաջին ատյանի դատարան, որտեղ անհերքելի իրողությունից վճիռ կայացվեց 18.06.2010թ. 277/02/09, այնուհետեւ դիմեցի վարչական դատարան 08.12.2011թ. ՎԴ N4586: Այնուհետեւ ԴԱՀԿ-ը դիմեց վերաքննիչ վարչական դատարան 08 հունիս 2012թ. չեղարկելու վերը նշված վճիռները, սակայն վերաքննիչ դատարանը մերժեց ԴԱՀԿ-ի բողոքարկումը:
Դիմում եմ ձեզ վերջին անգամ եւ խնդրում, որ դուք անձամբ հարցում անեք ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանին, թե ինչպես է 2015թ. կատարված աշխատանքների արդյունքների անփոփման ժամանակ 24 միլիարդ դրամ բռնագանձում կատարել: Լրագրողի այն հարցին, թե ինչ օրենքի հիման վրա է ուսանողի հաշվից բռնագանձում կատարել, միակ ապրուստի միջոցից, Մ. Պողոսյանը հակադարձել է, որ չէր կարող չկատարել դատարանի վճիռը: Իսկ ունենալով երեք դատարանների վճռի որոշումերը ԴԱՀԿ-ը միտումնավոր չի կատարել վճռի պահանջը, որի համար բազմիցս իր նամակներում իմ փաստաբան Նարիման Միրզաբեկյանը գրել է արդարադատության նախարարին: Իմ պահանջը միայն ու միայն կայանում է նրանում, որ իմ գումարը հետ վերադարձնեն կա՛մ ԴԱՀԿ-ի, կա՛մ քաղաքապետարանի հաշվից, քանի որ թերացումը կատարվել է նրանց կողմից: Ինձ մնացել է մեկ ճանապարհ, դիմել ՄԻԵԴ, ինչն ինձ հորդորում են իշխանական կառույցներից եւ ԵՄ-ի պատվիրակությունից, սակայն դա ինձ համար անընդունելի է, քանի որ իմ գումարի պատճառով բացասական կարծիք կկազմվի ՀՀ-ի մասին:
Այժմ, քանի որ Դուք հայտարարեցիք, որ հաստատակամ եք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչի կապակցությամբ պայմանագիր ստորագրվեց ՀՀ վարչապետի, աշխատակազմի ղեկավար պարոն Դավիթ Հարությունյանի եւ ԱՄՆ-ի դեսպանության միջազգային գործակալության տնօրենի միջեւ, իմ մեջ հույս առաջացավ, որ Դուք անձամբ ցուցում կտաք եւ կպահանջեք, թե ինչու համար չի կատարվել երեք դատարանների վճիռները: Իմ պատկերացմամբ պետք է պարտավորեցնենք ԴԱՀԿ-ին իր միջոցներից կատարել իմ գումարը վերադարձնելու պահանջը: Նշեմ, որ 1994թ.-ից 2-րդ կարգի հաշմանդամ եմ, 2007թ. սեպտեմբերի 22-ից գլխուղեղի արյան (ինսուլտ) զեղում եմ ստացել, բայց չեմ կարողացել բուժվել վերոհիշյալ պատճառով»:

Քաղաքացի Լիպարիտ Մանուկյան




Լրահոս