«ՌՈՒՍ ՀԱՐՍԸ ԽՆԴՐԵՑ` ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՄԱՍԻՆ ԵՐԳԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սասունցիների ընտանիքում ծնված ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին պատրաստվում է իր հերթական ձայնասկավառակը թողարկել, տեսահոլովակ նկարահանել եւ հանդես գալ մենահամերգով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկայի իր ծրագրերից, երիտասարդներին դեպի ազգայինը ուղղորդելու ելքեր է առաջարկել, անդրադարձել այն հարցին, թե որքանով են մեծահարուստները հետաքրքրվում հայրենասիրական երգերով:

-Ռուբե՛ն, գիտենք, որ պատրաստվում եք թողարկել Ձեր հերթական ձայնասկավառակը: Կպատմե՞ք այդ եւ այլ ծրագրերի մասին:
-Այո՛, դա կլինի իմ` թվով 4-րդ ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված կլինեն ազգային, հայրենասիրական, ֆիդայական հին երգեր, Գեւորգ Չաուշին նվիրված մի երգի հիման վրա էլ նկարահանելու եմ տեսահոլովակ: Արդեն մայիսին արտերկրում հանդես կգանք համերգներով. Գոհար Հովհաննիսյանի, Աղասի Իսպիրյանի հետ կմեկնենք Լիբանան, հետագայում համերգներ կունենանք նաեւ ԱՄՆ մի շարք քաղաքներում:
-Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, Ձեր դիտարկմամբ` ազգային, հայրենասիրական երգերի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը մեծացե՞լ է: Ի՞նչ եք կարծում` արտագաղթի խնդիրը, սոցիալական ընդվզումները կարո՞ղ են ստիպել մեզ ավելի ամուր կառչել հայրենասիրական երգերից, գուցե նաեւ այդ կերպ համախմբվելու փորձեր անել: Հիշում ենք, օրինակ, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի ընթացքում երիտասարդները շատ էին երգում նման երգեր:
-Այդ երգերը մեզ ուղեկցել են ամենուր եւ ուղեկցելու են այնքան, քանի դեռ աշխարհի երեսին կա գեթ մեկ հայ: Բայց կարեւոր է, որ դա լինի ինքնաբուխ: Օրինակ` մեր սասունցիների մոտ հարսանիքների ժամանակ, ինչ ուզում է լինի, ազգային-հայրենասիրական երգեր անպայման պետք է հնչեն, ֆիդայինների կենացը պետք է խմվի. մեր տեսակն է այդպիսին: Իմ երեխան, որը 3 տարեկան է, ոչ մի տեսակի երաժշտության ուշադրություն չի դարձնում, բայց հենց ազգային երգեր է լսում, անմիջապես արձագանքում է. նրան դա արդեն սերմանվել է: Հիմա մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ազգային, ժողովրդական երգերի հանդեպ հետաքրքրությունը երիտասարդների շրջանում մեծ է: Նույնը չէի կարող ասել, օրինակ, մի քանի տարի առաջ:
-Դրսում, օրինակ, ազգայինը պահելու, արմատներից չկտրվելու խնդիրն ավելի սուր է, ուստի սփյուռքահայերը շատ դեպքերում մեզնից լավ գիտեն ազգային երգերը: Մեզ ի՞նչ է պետք, որ նրանցից հետ չմնանք:
-Իհարկե, Ձեր նշած հանգամանքներն էլ որոշիչ են, բայց նաեւ կարծում եմ, որ ամեն բան սկսվում է ընտանիքից: Դրսում քիչ մարդիկ կա՞ն, որ ընդհանրապես հայրենիքով չեն հետաքրքրվում, կարող է` ամաչեն էլ ասել, որ հայ են: Իհարկե, կա նաեւ դրա հակառակ պատկերը: Մոտ մեկ ամիս առաջ Ավստրալիայում էի, երեք հատ մեծ համերգ ունեցանք, եւ շատ ուրախալի էր, որ հայ երիտասարդները, որոնք ծնվել-մեծացել էին հենց այնտեղ, ինձ հետ հավասար երգում էին հայրենասիրական երգերը, Հայաստանը չտեսած` հայոց հողի մասին էին երգում: Նման բան եղել է նաեւ Լիբանանում, երբ հայ հանդիսատեսն ինձ հետ բարձրացել էր բեմ ու բոլոր երգերը զուգահեռ երգում էր:
-Հայաստանյան համերգի մասին մտածո՞ւմ եք: Երկար ժամանակ է` Երեւանում մենահամերգ չեք ունեցել: Ի՞նչ եք կարծում` ժողովրդական երգիչն այսօր կարո՞ղ է հանդիսատես հավաքել, օրինակ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
-Արդեն մտածում եմ մենահամերգի մասին, այն կլինի այս տարի, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ռեժիսորը կլինի Արամ Սուքիասյանը: Արդեն զբաղվել ենք երգերի ընտրությամբ, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Առհասարակ, ես նախընտրում եմ հանդես գալ համերգ-ներկայացումներով, որպեսզի երգերի մատուցումը հետաքրքիր լինի: Ինչ վերաբերում է համալիրում հանդիսատես հավաքելուն, ապա վստահ եմ, որ ես կարող եմ դա անել, պարզապես մեծ ծախսեր են պահանջվում, հովանավորներ գտնելն էլ դժվար է:
-Երգում եք նաեւ կոորպորատիվների ժամանակ, հետաքրքիր է, օրինակ, մեծահարուստները որքանո՞վ են հետաքրքրված ազգային երգերով:
-Լինում են այնպիսիք, որոնք հետաքրքրվում են այդ երգերով, սակայն նրանք մեծամասնություն չեն կազմում, նման միջոցառումներում, բնականաբար, գերիշխում է ռաբիսը, սակայն ինձ ուրախացնող հակառակ պատկերին էլ եմ ականատես եղել: Մոսկվայում ներկա եմ եղել մի հարսանիքի, որի ընթացքում հնչել են բացառապես ազգային, հայրենասիրական երգեր: Ընդ որում, հարսը ռուս էր. նա ինձ հետ բոլոր երգերը երգեց, վերջում էլ խնդրեց, որ Գարեգին Նժդեհի մասին երգն էլ երգեմ, հաճելիորեն զարմացել էի:
-Չե՞ք ուզում փոքրերին ազգային երգ դասավանդել:
-Շատ եմ ուզում, ուղղակի ժամանակի սղության խնդիր ունեմ: Ամեն դեպքում, վստահ եմ, որ ունենալու եմ ազգագրական երգի ու պարի իմ խումբը:

 

 

 

 
ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ` ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՍՏՂ

«Մի մեծ երջանկություն է, երբ ստեղծում ես երգը, դու ես առաջին կատարողը եւ քո ներաշխարհը, քո զգացումներն ես դնում այդ երգի մեջ, ու ծնվում է այն: Երջանիկ պահեր են, երբ դուրս ես գալիս ձայնագրությունից, լրիվ անէացած ինչ-որ վիճակում… Ինձ համար դա Աստծո պարգեւ էր»,-իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական էստրադայի աստղ Ռաիսա Մկրտչյանը: Այսօր` փետրվարի 25-ին, երգչուհին տոնում է ծննդյան օրը (1942թ):

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը Ռաիսա Մկրտչյանի հետ ընկերություն է անում դեռեւս 7 տարեկանից: Ասում է` կողք կողքի սովորել են, կողք կողքի հայտնվել երգարվեստում, միասին էլ ճանապարհորդել:
Երաժշտական դպրոցի ընկերները հետագայում պետք է հայտնվեին նույն ասպարեզում եւ դեռ զուգերգ կատարեին` «Դու, ինչպես մի աստղ»: Ռուբեն Մաթեւոսյանի խոսքով` հազվադեպ է պատահում, որ դուետների ընթացքում ձայները մերվեն ու համադրվեն, ունկնդրին փոխանցվեն կատարողների զգացողությունները. «Այդ առումով իմ եւ Ռաիսա Մկրտչյանի զուգերգը դասական կատարում կարող է համարվել: Մինչեւ այսօր շատերն են փորձել երգել այն, շատերն են կարծում, որ կարեւորը երգն է, ոչ թե կատարողականությունը, այնինչ երգի բարձրակետը կարելի է զգալ կատարողականության շնորհիվ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նա:
Ռուբեն Մաթեւոսյանի խոսքով` Ռաիսա Մկրտչյանը հայ երգարվեստի անփոխարինելի գանձն է, մեկը, ով իր կատարողական արվեստով կարողացավ արձանագրել կարեւոր փաստ` ինքն իր ժանրի դասականն է. «Հիմա ես եմ իր աստղը, թե ինքը` իմ, չգիտեմ, բայց որ Ռաիսա Մկրտչյանը երգարվեստում շողացել է ինչպես մի աստղ, դա փաստ է: Բոլոր դեպքերում նրա մեջ գնահատում եմ մարդուն. չէ՞ որ մարդն է երգարվեստը բարձրացնողը: Ես Ռաիսա Մկրտչյանին շատ եմ սիրում նաեւ այն բանի համար, որ նա լավ կին է, հրաշալի զավակներ ու աննման թոռներ ունի, ընտանիքին նվիրված մարդ է»:
Նա հիշեց իրենց ընկերության ընթացքում գրանցված հետաքրքիր դրվագներից մեկը. «Մի անգամ Միացյալ Նահանգներում համերգի ժամանակ ասացի. «Ռայկա ջան, չհասկացա, էդ բարձրակրունկ կոշիկներո՞վ ես կանգնելու կողքիս, հո խելառ չե՞ս, հապա իմ բոյին նայիր ու քեզ նայիր: Խեղճ աղջիկը նայեց-նայեց, գնաց, վերջին կոպեկը տվեց, տափակ, թեեւ շատ շքեղ բեմական կոշիկ առավ…,- ծիծաղելով պատմեց երգիչը, ապա ավելացրեց,- Ռայայի հետ մի ամբողջ կյանք ենք անցել… Նա ինձ համար ուրիշ է…»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԴՈՒՍՏՐ Է ՈՒՆԵՑԵԼ
Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի մոդել, «Կարգին սերիալ»-ի դերասանուհի Աննա Բաբայանն ու նրա իսպանացի ամուսինը` Անտոնիո Մենենդեզը, ծնողներ են դարձել: Զույգի դուստրը լույս աշխարհ է եկել Բարսելոնայում: BRAVO.am-ի փոխանցմամբ` փոքրիկին անվանակոչել են Մարինա:
Հիշեցնենք, որ մոդելն իր ընտրյալի հետ հարաբերություններն օրինականացրել է 2014-ին: Աննան վերջին տարիներին բնակվում է Իսպանիայում, սկզբում հարազատ քրոջ մոտ, իսկ այժմ ամուսնու հետ:

 

ՀԱՆՈՒՆ ԴԻ ԿԱՊՐԻՈՅԻ
Յակուտիայի բնակիչները մոտ 1.5 կգ արծաթ ու 3 գր ոսկի են հավաքել հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի համար «Օսկար» արձանիկ պատրաստելու նպատակով: Lenta.ru-ի փոխանցմամբ` արձանիկը պատրաստ կլինի մի քանի օրից: Ազնիվ մետաղների հավաքման ակցիային մասնակցել է Դի Կապրիոյի արվեստի 144 յակուտ երկրպագու։
Նշենք, որ դեռեւս փետրվարի 4-ին հայտարարվել էր հոլիվուդյան դերասանի համար «Օսկարի» ռուսական տարբերակի պատրաստման մասին: Տեղեկացվել էր, որ արձանիկն ունենալու է յուրահատուկ դիզայն` ձեռքերում թաս պահած մարդուկի տեսքով։
Հիշեցնենք, որ այս տարի Դի Կապրիոն «Օսկարի» է ներկայացվել 6-րդ անգամ։

 

 

 

ԲԵՔՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԿԱՐԸ
Մոնակոյում առաջին անգամ կցուցադրվի անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեքոնի վերջին նկարը: The Telegraph-ի փոխանցմամբ` խոսքը ցուլով էտյուդի մասին է։ Կտավն ավարտվել է 1991 թվականին, այն հաջողվել է հայտնաբերել միայն մի քանի տասնամյակ անց։ Բեքոնը մահացել է 1992 թվականի ապրիլին։ Նշենք, որ դա Բեքոնի ավելի քան հարյուր անհայտ կտավներից մեկն է, որն հայտնաբերել եւ նույնականացրել է արվեստաբան Մարտին Հարիսոնը։ Փորձագետների խոսքով՝ Բեքոնը գիտեր, որ էտյուդն իր վերջին աշխատանքն է լինելու։
Հարիսոնը նկարը գտել է մասնավոր սեփականատերերի մոտ, որոնք այն ցուցադրել են միայն ընկերների եւ բարեկամների համար։ Նա համոզել է նրանց փոխանցել էտյուդը Մոնակոյում «Ֆրենսիս Բեքոն. Մոնակոն եւ ֆրանսիական մշակույթը» ժամանակավոր ցուցադրության համար։ Ցուցահանդեսը բաց է լինելու 2016 թվականի հուլիսի 2-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեքոնի ինքնադիմանկարը վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում ռեկորդային 20 միլիոն եվրոյով։




Լրահոս