ՀԿ-ՆԵՐԸ ՉԿԱՆ, ՕՍԿԱՆՅԱՆՆ ԷԼ ԼՌՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր ՕԵԿ-ը նախաձեռնել իր կերպարանափոխության՝ արդեն ավարտին հասցված գործընթացը, ՕԵԿ-ականներն ամեն առիթով հայտարարում էին, թե իրենց «Հայկական վերածնունդին» միացել են հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ: Մի պահ նույնիսկ 150 թիվն էր շրջանառվում: Իսկ այժմ, պարզվում է, որ ՀԿ-ները չեն շտապում միանալ նոր անունով ՕԵԿ-ին: «Ժողովուրդ»-ը փորձեց «Հայկական վերածնունդից» ստանալ իրենց միացած ՀԿ-ների ցանկը, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ գործընթացի հետ կապված «չճշտված» հանգամանքներ կան եւ խոստացան ապագայում ասել, թե որ ՀԿ-ներն են իրենց միացել:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ, այսինքն՝ ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարից առաջ, այդ կուսակցություն է այցելել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը: Ըստ լուրերի՝ նա բավական երկար առանձնազրույց է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Մենք փորձեցինք պարզել, թե կողմերն ինչի շուրջ են զրուցել, եւ հնարավոր է՝ Օսկանյանը եւս անդամակցի նորաստեղծ միավորմանը, սակայն ապարդյուն: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման հանդիպում չի եղել: «Վարդան Օսկանյանը բավականին երկար ժամանակաշրջան է՝ չի այցելել ՕԵԿ գրասենյակ: Ձեր ունեցած ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Մոսինյանը: Օսկանյանի հետ կապվելն էլ, ինչպես միշտ, չստացվեց:

 

 

 
ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի՝ երկու օր առաջ ստորագրած կոալիցիոն համաձայնագրի վերջում այսպիսի մի պարբերություն կա. «Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը»: Այդ ինչ տարաձայնություններ կարող են լինել, որոնք, օրինակ, ՀՅԴ-ին կստիպեն հրաժարվել ՀՀԿ-ի հետ համագործակցությունից: Այս հարցի պատասխանը «ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից: «Մենք այս փուլում ամեն ինչ արել ենք, որ հնարավոր տարաձայնությունների դաշտը փոքրացնենք, բայց կյանքը փոխվում է: Կարող է՝ տվյալ հարցի լուծման հետ կապված այնպիսի առաջարկներ բախվեն իրար, որոնք իսկապես անհամատեղելի լինեն, ամեն մեկը մնա իր սկզբունքային դիրքորոշումների վրա եւ առաջացնի արդեն անհնարինություն` կարեւորագույն ինչ-որ մի հարց համատեղ մարտավարությամբ առաջ տանելու խնդիրների հետ կապված»:

 

 

 
Երեկ ավարտվեց ԱԺ հերթական քառօրյան, որն անցավ առանց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե ինչու Սահակյանը աշխատանքի չի գալիս, արդյո՞ք դեռ չի ապաքինվել: «Ես չեմ կարող հստակ ասել որեւէ ժամկետ, բայց գնալով դեպի լավն է գնում առողջականը, գնալով լավանում է, հուսով ենք՝ շուտով կգա աշխատանքի»,- պատասխանեց Արսեն Բաբայանը: Իսկ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հարությունյանն էլ ԱԺ նախագահի առողջական վիճակի մասին ասաց. «Գնահատվում է բավարար կայուն, նա այսօր (երեկ) նախատեսված իր հերթական այցն է կատարել բժկի մոտ, մինչեւ հիմա ստացած արդյունքները գնահատելու եւ իր պլանավորված բուժման սխեմայով անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով»: Հիշեցնենք, որ Սահակյանը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 17-ի երեկոյան, չորս օր անց նա հիվանդանոցից դուրս էր գրվել՝ բուժումը շարունակելով տանը:

 

 

 
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդության տակ երեկ ստորագրել են 32 պատգամավորներ: Այդ փաստաթուղթը երեկ ներկայացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Նշենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Սակայն ուշագրավն այն է, որ ստորագրահավաքին միացել են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներ, այլ նաեւ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամներ ու նույնիսկ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը: Այսինքն՝ բոլորի համար ոչ միայն ակնհայտ է, որ Վարդգես Գասպարիի կալանավորումն անօրինական է, այլ նաեւ հասկանալի է, որ այդպիսով իշխանություններն իրենք են քաղաքացիական ակտիվիստներին սադրում եւս մեկ խնդրի առիթով պայքարի դուրս գալ: Ի դեպ, սահմանադրական հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու համար 17 պատգամավորի ստորագրություն էր հավաքվել անհրաժեշտ 27-ի փոխարեն:

 

 

 
ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ

Հայաստանին 200 միլիոն դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ Բաքվի` նախօրեին Մոսկվային հղած բողոքի նոտան հաջորդ իսկ օրը արժանացել է արձագանքի` ամենաբարձր մակարդակով: Նախ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Թեեւ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` քննարկման թեման եղել է Սիրիայի հարցի շուրջ ՌԴ եւ ԱՄՆ միջեւ ձեռք բերված համաձայնությունը, ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը Սիրիայի հարցում առանցքային նշանակություն ունեցող երկիր չէ, որպեսզի հատուկ այդ հարցի քննարկման նպատակով Պուտինը զանգեր Ալիեւին, փոխարենը Բաքվի բողոքի նոտայի հաջորդ իսկ օրն արված այդ զանգը առնվազն չէր կարող շրջանցել այս թեման:
Իսկ արդեն հրապարակային մակարդակով Հայաստանին 200 միլիոն դոլարի զենքի վաճառքի հարցին երեկ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Մոսկվան չի թաքցնում Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը եւ Բաքվին կոչ է անում ըմբռնումով մոտենալ»,- երեկ հայտարարել է նա` հավելելով, որ սպառազինություն մատակարարելիս Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանի բոլոր ռիսկերը: «Ռազմական ցանկացած մատակարարումներ ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին, մեր կողմից իրականացվում են՝ ուշադրությամբ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը»,- «բարեկամ» բառի ուշագրավ կիրառությամբ հայտարարել է Զախարովան:
Այսպիսով` ինչ կարող ենք արձանագրել. Բաքուն բողոքի նոտա է հղում Մոսկվային, ինչին վերջինս անմիջապես աձագանքում է` դիվանագիտական լեզվով հասկացնելով, որ պատրաստ է նաեւ Բաքվին սպառազինել: Փոխարենը, երբ շուրջ չորս տարի Հայաստանում լրագրողներն ու որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ բողոքում էին Ռուսաստանի կողմից միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի կապակցությամբ, Մոսկվան, ի դեմս ՌԴ ՊՆ ղեկավարի, եւ ինչու ոչ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի, հայտարարում էր, թե դա ընդամենը բիզնես է:
Եվ, ի դեպ, արդարացումները, թե Հայաստանն այն վիճակում չէր, որպեսզի Ռուսաստանին բողոքի նոտա հղեր, կամ թեկուզ` երկրի ղեկավարությունը այդ հարցը հրապարակավ եւ կոշտ բարձրացներ Մոսկվայի առաջ, որեւէ քննության չեն դիմանում: Քանի որ ներկայումս Ադրբեջանն ավելի լավ վիճակում չէ, քան Հայաստանն է եղել անցած տարիներին՝ թե՛ տնտեսական առումով` նկատի առնելով նավթի գների անկման արդյունքում այդ երկրի բյուջեում առաջացած հսկայական ճեղքվածքը, թե՛ աշխարհաքաղաքական առումով` հաշվի առնելով ռուս-թուրքական գերլարված հարաբերություններն ու դրանց արդյունքում երկկողմանի ճնշումները: Բայց չնայած դրան` Ադրբեջանը շատ օպերատիվ եւ կոշտ կերպով արձագանքեց, եւ, ինչպես տեսնում ենք, անգամ քաղաքականության մեջ արժանապատիվ պահվածքը կարեւոր է եւ արժանանում է համարժեք արձագանքի:




Լրահոս