ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի վերահսկողություն է իրականացրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՎՊ-ն հիմնականում ստուգել է այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկերի, դրամաշնորհների եւ պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը:
ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014-ի սեպտեմբերի 5-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվել է ՀՀ-ին տրամադրել շուրջ 37 մլն դոլար վարկ: Ըստ համաձայնագրի` վարկառուն վարկային միջոցներից վերավարկավորելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին՝ 13.6 մլն եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին՝ 23.4 մլն դոլարով:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին տրամադրված վարկի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 220կՎ լարման «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ վերահսկման եւ կառավարման խորհրդատվական ծառայությունների մատուցում: Մասնավորապես ծրագրով նախատեսվել է իրականացնել ենթակայանների վերակառուցման աշխատանքներ՝ 19.4 մլն դոլար, խորհրդատվական ծառայություններ՝ 2.4 մլն դոլար, չնախատեսված ծախսեր՝ 0.2 մլն դոլար, տոկոսների վճարում ծրագրի իրականացման ընթացքում՝ 1.4 մլն դոլար գումարով:
Սակայն ընկերությունը ՎՊ-ին տրամադրած տեղեկությամբ նշել է, որ ՓԲԸ-ի կողմից անցած տարվա հոկտեմբերի 20-ին կայացել է ենթակայանների վերակառուցման աշխատանքների իրականացման համար գլխավոր կապալառուի ընտրության մրցույթ: Բայց, ըստ ՎՊ-ի, դեկտեմբերի 10-ի դրությամբ մրցույթի արդյունքները դեռեւս ամփոփված չեն եղել:
Իսկ վերահսկման եւ կառավարման խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ անցած տարվա հունիսի 23-ին կայացած մրցութային հանձնաժողովի նիստին ընտրվել եւ կազմվել է չորս ընկերություններից բաղկացած կարճ ցուցակ: Հետագայում՝ հոկտեմբերի 27-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «CESI.S.P.A./INCICO S.p.A., Ameria CJSC» կոնսորցիումը:
Այնուհետեւ՝ նոյեմբերի 20-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն CESI.S.P.A./INCICO S.p.A., Ameria CJSC խորհրդատվական ընկերության հետ կնքել է վերահսկման եւ կառավարման խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր՝ ավելի քան 1 մլն դոլարի չափով:
Բացի այս, նշենք, որ դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 9-ին «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ եւ ենթակայաններ» ծրագրի իրականացման նպատակով Գերմանական զարգացման վարկերի KfW բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ միջեւ ստորագրվել է 75 մլն եվրո արժողությամբ «Վարկային եւ ծրագրային համաձայնագրեր»:
Այսպես, վարկային համաձայնագրերով նախատեսվել է ՀՀ-ի եւ Վրաստանի էներգահամակարգերի միջեւ ասինքրոն միացման ապահովում, որի արդյունքում ՀՀ էներգահամակարգը, բացի Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից, պետք է կապվի նաեւ Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ: Նշված ծրագրի ամբողջական ֆինանսավորման դեպքում նախատեսվում է իրականացնել. բարձր լարման փոխակերպիչ կայանի, բաց բաշխիչ սարքավորումների, օդային գծերի կառուցում եւ այլն՝ ավելի քան 92 մլն եվրոյի, խորհրդատվական ծառայություններ եւ չնախատեսված ծախսեր՝ ավելի քան 13 մլն եվրոյի: Սակայն այս ընթացքում իրականացվել է միայն խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ընտրության մրցույթը:
Իսկ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Fichtner GmbH & Co KG» ընկերությունը՝ 6.44 մլն եվրո գնառաջարկով՝ ներառյալ 2.22 մլն եվրո ոչ պարտադիր բաղադրիչը: Ըստ ՎՊ-ի՝ անցած տարվա դեկտեմբերի 10-ի դրությամբ նշված ընկերության հետ դեռեւս պայմանագիր կնքված չի եղել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, որի տնօրեն Արամ Անանյանից հետաքրքրվեց, թե որ փուլում են գտնվում ծրագրերը: Վերջինս հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի վերջին «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքների մասով հաղթող է ճանաչվել մեկ՝ «ԼԻԱՕՆԻՆԳ ԷՖԱՍԵԿ» չինական ընկերությունը:
Իսկ այն հարցին՝ երբ կսկսվեն վերակառուցման աշխատանքները, Անանյանը պատասխանեց. «Բոլոր փաստաթղթերը գտնվում են Ասիական զարգացման բանկում, վերջինս դեռ իր հաստատումը չի տվել: Դրանից հետո մենք կարող ենք կնքել պայմանագիր մրցույթը շահած ընկերության հետ եւ սկսել: Գումարը առկա է, ֆինանսավորումը կա: Բայց բանկը իր կողմից եւս մեկ անգամ ուսումնասիրություն է անցկացնում: Իմ կարծիքով, մարտի 5-ին Բանկը կտա իր համաձայնությունը, եւ մենք արդեն պայմանագիրը կարող ենք կնքել»:
Տնօրենի խոսքերով՝ մրցույթին մասնակցել է 24 ընկերություն, որից 8-ը մրցութային փաթեթ է ներկայացրել, իսկ մյուսները՝ ոչ: Այդ 8-ից էլ չինական ընկերությունն է առավելություն ստացել ե՛ւ ֆինանսական, ե՛ւ տեխնիկական մասով: Ըստ մեր զրուցակցի՝ այս տարվա ընթացքում «Ագարակ-2» «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն «անպայման կսկսվեն»: Իսկ «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ եւ ենթակայաններ» ծրագրի մասով վերջինս փոխանցեց հետեւյալը. «Մենք մինչեւ տարեվերջ կավարտենք հաղթող ընկերության մասով մրցութային աշխատանքները, որովհետեւ դրանք ամիսներ են տեւում: Հաջորդ տարի արդեն կսկսենք: Արդեն ընտրվել է խորհրդատու, որն էլ պատրաստում է մրցութային փաթեթը: Պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 21-ին, իսկ մայիսին կհայտարարվի գլխավոր կապալառուի մրցույթը»:
Հուսանք, որ հատկացված դրամաշնորհներն ու վարկերը չեն փոշիացվի նախորդների նման:
ԼՈՌՎԱ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 22-ին ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը 100 հազար դրամի չափով տուգանել է մի շարք գյուղապետերի: Պատճառն այն է եղել, որ վերջիններս խախտումներ եւ չարաշահումներ են թույլ տվել:
Տեղեկացնենք, որ տուգանված գյուղապետերն են՝ Մեդովկա համայնքի ղեկավար Սամվել Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը, Դսեղ համայնքի ղեկավար Նորիկ Քոչարյանը, Հոբարձի համայնքի ղեկավար Մարտուն Միրզոյանը, Սարատովկա համայնքի ղեկավար Գառնիկ Մարդոյանը: Ի դեպ, վերջինս կրկնակի է տուգանվել:
Պարզվում է՝ Մեդովկայի գյուղապետ Սամվել Ավետիսյանը համայնքային սեփականության հողամասերը առանց մրցույթի է տրամադրել վարձակալության կամ կառուցապատման: Նույն խախտման համար վարչական տույժի է ենթարկվել նաեւ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, Հոբարձի համայնքի ղեկավար Մարտուն Միրզոյանը: Իսկ Փամբակի գյուղապետ Սամսոն Ուլիխանյանը եւ Սարատովկա համայնքի ղեկավար Գառնիկ Մարդոյանը խախտել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման կարգը: Բացի այս, վերջինս վարչական տույժի է ենթարկվել նաեւ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու համար: Լոռու մարզպետը նշված գյուղապետերին վարչական տույժի է ենթարկել 100 հազար դրամի չափով:
«Ժողովուրդ»-ը գյուղապետերից հետաքրքրվեց՝ համաձայն են, արդյոք, վարչական տույժի հետ, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը պատասխանեց, որ ինքը համաձայն չէ վարչական տույժի հետ: Ավելին՝ վերջինս այս խնդրի շուրջ արդեն գրավոր դիմել է մարզպետ Արթուր Նալբանդյանին: «Ճիշտ չեն վարվել: Ինձ վարչական տույժի են ենթարկել այն բանի համար, որ արոտավայրերի մասով գանձումներ չեմ իրականացրել, բայց չէ որ դրանք կոոպերատիվի կազմում են գտնվում»: Եթե մարզպետը այս հարցին լուծում չտա, ապա վերջինս կդիմի դատարան:
Իսկ Հոբարձիի գյուղապետ Մարտուն Միրզոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ինքը նույնպես այս խնդրի շուրջ դիմել է մարզպետարան: «Ինձ պատասխանեցին, որ թյուրիմացություն է եղել: Հետո պարզեցի, որ նախկին գյուղապետն է ինչ-որ խախտումներ արել հողատարածքների մասով: Ես կապ չունեմ այս ամենի հետ»:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԻՆ ԴԵՄՔԵՐՈՎ
Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան ՏԻՄ ընտրությունները: Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը ստացավ 6797, իսկ նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանը՝ 4353 քվե: Դրանից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 21-ին, Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը մասնակցեց «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարին, դարձավ այդ կուսակցության անդամ: Ժ. Սահաբալյանը հայտարարել է, որ հայկական վերածննդի գաղափարը պետք է առողջացնի մեր հասարակությունը, վերականգնի կորսված արժեքները, ետին պլան մղի կոռուպցիան, այդ պատճառով է ինքն անդամագրվել նորաստեղծ կուսակցությանը: 1946թ. ծնված, հուլիսին 70 տարեկան դարձող Ժորա Սահաբալյանը Դիլիջանի քաղաքապետն է եղել 2002-2005թթ.: Այդ ժամանակ նա անդամակցել է իշխող կուսակցությանը՝ ՀՀԿ-ին: Իսկ 2012թ. Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում նա առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից որպես այդ կուսակցության անդամ: 2016թ. փետրվարի 14-ի ընտրություններում քաղաքապետի թեկնածու Ժ. Սահաբալյանը հանդես է եկել որպես անկուսակցական: Իսկ հիմա էլ անդամագրվել է «Հայկական վերածնունդին»:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ
Փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրի դատավոր Աշոտ Խաչիկյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր: Ա. Խաչիկյանը քաղաքացիական հայցերով դատեր էր վարում: Հունվարի 12-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Սարգսյանը նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր՝ դադարեցնելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի նրա լիազորությունները: Լ. Սարգսյանը նույնպես քաղաքացիական հայցերով դատեր էր վարում: Հիմա Տավուշի մարզում քաղաքացիական գործերով դատեր վարող մեկ դատավոր կա՝ Արման Կուրեխյանը, ում նստավայրը Նոյեմբերյան քաղաքն է: Քաղաքացիական հայցերով դատեր վարելու համար Ա. Կուրեխյանը հայ-ադրբեջանական սահմանագոտով անցնելով՝ Նոյեմբերյանից հասնում է Տավուշի մարզկենտրոն Իջեւան, նաեւ Դիլիջան, որը Նոյեմբերյան քաղաքից 90 կմ հեռու է: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանից տեղեկացանք, որ ամռանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը կհամալրվի 2 դատավորներով, ովքեր քաղաքացիական հայցերով դատեր կվարեն: Համալրումը սպասվում է հունիս-հուլիս ամիսներին, երբ արդարադատության ակադեմիան շրջանավարտներ կունենա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ