«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՐՏԻ ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության փետրվարի 25-ի նիստում Երեւան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է ընդունվել: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երեւանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ եւ հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը, եւ գլխավոր պողոտայի վերոնշյալ տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երեւան» ծրագրով նախատեսվող պատմաճարտարապետական միջավայրը: Կառավարության որոշման մեջ ասվում է, որ այդ շրջանի շենքերը չեն համապատասխանում ժամանակակից հակահրդեհային եւ սանիտարահիգիենիկ նորմերին։ Օտարումից հետո այնտեղ կսկսվի «Հին Երեւան» նախագծի իրականացումը։

Այս որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Մտավորականների մի ստվար զանգված պնդում է, որ տվյալ պարագայում որոշիչ է եղել ոչ թե հանրային, այլ կոնկրետ անձանց շահը: Նրանց համար անհասկանալի է` ինչպես կարելի է քանդել Հին Երեւանը` հանուն «Հին Երեւան» նախագծի:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, ով նշեց, որ ինքը բոլորովին հակված չէ, որ գլխավոր պողոտայի վրա Հին Երեւան կառուցվի. «Դա ո՛չ պատմական արժեք կներկայացնի, ո՛չ միջավայր կստեղծի. մենք մեծ սխալ ենք անում` ոչնչացնելով գլխավոր պողոտայի վերաբերյալ թամանյանական գաղափարը: «Հին Երեւան» նախագիծը չի համապատասխանում Թամանյանի հատակագծին: Այդ ծրագրի շրջանակում ստեղծվելու է սովորական առեւտրի կենտրոն, շենքերն օգտագործվելու են առեւտրային նպատակներով, իսկ շենքերը մի տեղ կուտակելով` չես կարող ստանալ Հին Երեւան»:
Քանդակագործ Սահակ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ հանրային գերակա շահ հասկացությունը պարունակում է պարտադրող էլեմենտ, որը մարդու դեմ է. «Արամի 30-ն, օրինակ, պատմություն ուներ. գերակա շահը հենց այդ պատմությունն է: Իսկ հիմա գերակա շահի տակ ե՛ւ ճարտարապետական արժեքն են ոչնչացնում, ե՛ւ պատմությունը. ցավալին դա է»:
Քանդակագործի խոսքով` վերջին 20 տարում ինչ կառուցապատում էլ որ իրականացվել է, մշակութային ոչ մի կենտրոն չի կառուցվել. փոխարենը վեր են խոյացել էլիտար բնակարաններ, հյուրանոցներ, խանութներ, այնինչ՝ ամբողջ աշխարհում ընդունված է առեւտրային կենտրոնները կառուցել քաղաքից դուրս:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ, անդրադառնալով վերոնշյալ որոշմանը, այն որակեց որպես Երեւանի պատմական շերտի մահախոսական. «Իշխանությունները քայլ առ քայլ գնում էին դեպի այդ նպատակը, եւ այսօր դրա վերջին վրձնահարվածը դրվեց: Հատկանշական է, որ այս անգամ էլ նախաձեռնողները քողարկվեցին «Հին Երեւան» կոչեցյալ նախագծի թիկունքում, մի անհասկանալի-անդեմ նախագիծ, որն արդեն քանի տարի ծառայեցվում է մեկ նպատակի՝ թոզ փչել մարդկանց աչքերին եւ այդ փոշու ամպերի տակ մեկը մյուսի ետեւից ոչնչացնել պատմական կառույցներն ու հուշարձանները: Ի դեպ, ուշադրություն դարձրեք այսօրվա որոշման մեջ տեղ գտած ձեւակերպմանը՝ օտարել «կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ եւ հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը»: Նման բնորոշում կարելի է վերագրել ցանկացած հնագույն կառույցի, յուրաքանչյուր պատմական շինության: Սրա հետ մեկտեղ ոչ մի բառ ասված չէ նույն գոտում գտնվող հուշարձանների մասին, կարծես դրանք ո՛չ եղել են, ո՛չ էլ պիտի վտանգվեն առաջիկայում կիրառվող բարբարոսությունից»,-նշեց նա:
Մենք զրուցեցինք նաեւ օրեր առաջ մամուլի ասուլիս հրավիրած մտավորականներից մի քանիսի հետ, որոնք երկրի առաջին դեմքերին քաղաքացիական պահանջագիր էին ուղղել` նշելով, որ թույլ չեն տալու քանդել Հին Երեւանը: Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նախ մեզ հետ զրույցում հարցրեց. «Փետրվարի 25-ի որոշմամբ տվյալ տարածքները հանրայի՞ն գերակա շահ են ճանաչվել, թե՞ ինչ-որ անձնավորությունների շահ ,-ապա ավելացրեց,-ինձ թվում է` ոչ թե ժողովրդի, երեւանցիների, այլ կոնկրետ մարդկանց շահն է գերակա»:
Նրա խոսքով` իրենք` մտավորականները, այնուամենայնիվ, պետք է շարունակեն իրենց պայքարը. «Որոշումներ են կայացնում ժամանակավոր մարդիկ, վաղը նրանց հետքն էլ չի մնալու…»: Մենք հարցրինք` արդյոք այդ պայքարը շոշափելի արդյունք կտա. «Ես ասում եմ իմ խոսքը, մյուսներն ասում են, բայց իրենք թքած ունեն դրանց վրա, ինչ ասեմ…»:
Երգիչ Արթուր Իսպիրյանն էլ, ով եւս վերոնշյալ պահանջագիրը ստորագրողների թվում էր, մեզ հետ զրույցում ընդգծեց. «Որոշողն էլ են իրենք, ճանաչողն էլ, սարքողն էլ, քանդողն էլ. ինչ ուզեն, կանեն: Հիմա կասեն՝ այդ տարածքում գտնվող երեւանյան հին շենքերը սեյսմակայուն չեն, ու կքանդեն… Որոշում ընդունողները հեռվում, իրենց ձեռքի տակ մի քարտեզ ունեն, այդպես նայում են, վճիռներ կայացնում. նույնիսկ այդ շենքերի կողքով չեն անցել, կանցնեն այն ժամանակ, երբ դրանք վերածվեն հյուրանոցների»:
Ա. Իսպիրյանը եւս պնդեց, որ իրենք շարունակելու են պայքարել Հին Երեւանի ոչնչացման դեմ. «Մենք մի մեծ խումբ ենք, որի հետ պետք է հաշվի նստեն»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ «Հին Երեան» նախագծի ներդրողը շվեյցարահայ Վարդան Սիրմակեսն է։ Նախագծի համաձայն՝ Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցների միջեւ ընկած հատվածում ցածրահարկ շենքեր են կառուցվելու։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավելի վաղ հայտնել էր, որ նախագծում ներդրումները կարող են կազմել 120-130 մլն դոլար։

 

 

 

 
ԵԹԵ ՄԻԱՅՆԱԿ ԵՍ, ԳԱՐՈՒՆՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն այժմ աշխատում է իր նոր երգերի վրա եւ ծրագրում է զբաղվել Ռուսաստանի Դաշնությունից եւ Միացյալ Նահանգներից ստացած համերգների հրավերներով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ կարիերայի այս փուլում իր մոտ նոր դիրքեր հաստատելու շրջան է. «Արդեն շուրջ 20 տարի է` բեմում եմ, եւ ժամանակն է ավելի ընդայնելու իմ լսարանը, ընդգրկելով, օրինակ, տարիքային տարբեր շեմերի պատկանող մարդկանց»:

Մենք նկատեցինք, որ Գուրգենը Երեւանում ունեցած մենահամերգների թվով հաջողակ երգիչների շարքին է դասվում. նա երիտասարդ տարիքում հասցրել է 7 մենահամերգ ունենալ մայրաքաղաքում. «Կցանկանամ էլի մենահամերգով հանդես գալ, բայց նոր մոտեցմամբ եւ մեծ մասշտաբով»,-նշեց նա:
Գուրգենը մեծ ուրախությամբ է սպասում գարնան գալստին. «Գարունը նոր կյանքի սկիզբ է, կանանց միամսյակը այդ եղանակին է, բացի այդ` ես ծնվել եմ հենց գարնանը»,-մեկնաբանեց երգիչը:
Ասում են` գարնանը մարդիկ սիրահարվում են, նրանց կյանքը զարդարվում է պայծառ գույներով. «Եթե սիրահարված ես, գարնանը էլ ավելի ես սիրում կողքինիդ, իսկ եթե կողքիդ սիրելի մարդ չկա, գարունն էլ չի փրկի. իմ դեպքում երկրորդ տարբերակն է»,-ծիծաղելով ասաց Գուրգենը:
Մենք մի փոքր զրուցեցինք նրա անձնական կյանքից, եւ երգիչը խոստովանեց, որ արդեն ցանկանում է գտնել իր կեսին: Այնուամենայնիվ, նա կանանց ուշադրությունից չի դժգոհում. «Նայելով իմ կարգավիճակին` կարելի է ենթադրել, որ եթե ո՛չ ընկերուհի ունեմ, ո՛չ նշանադրված եմ կամ ամուսնացած, ուրեմն կանանց հարցում հաջողակ չեմ, բայց երբ հետադարձ հայացք եմ նետում իմ անցած ուղուն, համարում եմ, որ դա այդպես չէ, ես, այնուամենայնիվ, հաջողակ եմ»:
Կնոջ մեջ ամենակարեւոր հատկանիշը, որը գնահատում է երգիչը, հավատարմությունն է: Իսկ, առհասարակ, նա փորձում է իր համար իդեալներ չստեղծել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԴՈՎԼԱԹՈՎԻ ՄԱՍԻՆ
Սանկտ Պետերբուրգում սկսվել են հայկական արմատներով գրող, լրագրող Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմի նկարահանումները։ Ռեժիսոր Ալեքսեյ Գերմանը ձեւավորել է տպավորիչ թիմ, որտեղ, մասնավորապես, ընդգրկված են դերասաններ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին եւ Սվետլանա Խոդչենկովան, օպերատորն է Լուկաշ Զալը: Ֆիլմի նկարահանումներին մասնակցելու են նաեւ Հայաստանը, Սերբիան, Լեհաստանը, Ֆինլանդիան եւ Ռուսաստանը: Այս մասին գրում է Tert.am-ը` հղում անելով filmpro.ru-ին:
Չորս օր Սերգեյ Դովլաթովի կյանքից. կներկայացվեն պատահական հանդիպումներ, ընտանեկան հարաբերություններ, զրույցներ Իոսիֆ Բրոդսկու հետ արտագաղթի նախօրեին, կնկարագրվի 1970-ականների լենինգրադյան կյանքը։ Ֆիլմի հեղինակները վստահեցնում են, որ քաղաքը կդառնա հիմնական կերպարներից մեկը, այդ պատճառով էլ դրա ստեղծման համար հսկայական ջանքեր են ներդրվել։ Նրանց խոսքով` բոլոր ռեկվիզիտներն իրական են, եւ միակ բանը, որը «բաժին կհասնի» ֆիլմին ժամանակակից իրականությունից, կլինեն դերասանները։
Դովլաթովի ընտանիքն ակտիվ համագործակցում է նկարահանող խմբի հետ` հաստատելով գրողի կյանքի կենսագրական մանրամասները։ Ֆիլմի ամբողջ սյուժեն հորինված է, սակայն շատ մասնիկներ լիովին համապատասխանում են իրականությանը։
 

ՔԱՌԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ
Անգլիացի երգչուհի Ադելը Brit Awards ազգային երաժշտական մրցանակի քառակի դափնեկիր է դարձել: The Daily Mail-ի փոխանցմամբ` նա ճանաչվել է լավագույն բրիտանուհի կատարող, հաղթել «Լավագույն ալբոմ» եւ «Համաշխարհային փառք» անվանակարգերում, իսկ նրա «Hello» երգը ճանաչվել է «Լավագույն երգ»: Ադելը քառակի հաղթանակից հետո շատ է հուզվել եւ շտապել է շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին ու 2-ամյա որդուն:
Նշենք, որ «Լավագույն բրիտանացի կատարող» անվանակարգում հաղթել է Ջեյմս Բեյը: Լավագույն արտասահմանցի երգիչ է ճանաչվել կանադացի Ջասթին Բիբերը, լավագույն արտասահմանցի երգչուհի` իսլանդացի երգչուհի, դերասանուհի Բյորքը,
Չորրորդ անգամ բրիտանական լավագույն խումբ է ճանաչվել Coldplay-ը, լավագույն արտասահմանյան խումբ` Tame Impala-ն:

 

 

ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ռեփեր ամուսինը` Քանյե Ուեսթը, վերջին մեկ ամսում հասցրել է այնպիսի վարք ցուցաբերել, որ Քիմը սկսել է լրջորեն անհանգստանալ նրա համար: Հիշեցնենք, որ Ուեսթը կոնֆլիկտ ունեցավ Թեյլոր Սվիֆթի հետ, գումար խնդրեց Մարկ Ցուկերբերգից, «հարձակվեց» պրոդյուսեր Բոբ Էզրինի վրա եւ այլն: US Magazine-ի փոխանցմամբ` Քարդաշյանը ցանկանում է, որ ամուսինը դիմի մասնագետների օգնությանը: Ըստ նույն աղբյուրի` Քանյեի հետ նրանք վեճեր ունեն, որոնք օրեցօր ավելի են սրվում: Տեղեկացվում է, որ Ուեսթն առայժմ չի պատրաստվում դիմել բժշկի:




Լրահոս