Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության վերահսկողությամբ մայրաքաղաքում մարտի 1-ից մեկնարկելու են ծառերի գարնանային էտի աշխատանքները:
«Վստահեցնում ենք, որ աշխատանքների նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն, և ողջ գործընթացն իրականացվելու է ագրոկանոններին համապատասխան:
Հիշեցնենք, որ ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության մեծացումն է, իսկ խորը էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:
Նշենք նաև, որ խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Վստահեցնում ենք, որ գարնային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի:
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում թե՛ բնակիչները, թե՛ լրագրողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն»,-ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում: