Հունիսի 28-ին, ժամը 19:30-ից 21:00-ը, Հյուսիսային պողոտայում` Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Arai Dance Show, M Dance Studio. Meelyclan երիտասարդական պարային խմբերի եւ անհատ պարողների մասնակցությամբ, իրականացնելու է տեղեկատվական քարոզարշավ` “Երիտասարդները` ընդդեմ ՄԻԱՎ-ի” ծրագրի շրջանակներում:
Միջոցառման ընթացքում կգործեն նաեւ տեղեկատվական սեղաններ:
Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց, ով մտահոգ է իր առողջությամբ եւ ում հուզում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը` մասնակցելու մեր միջոցառմանը:
ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ եւ կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում` այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում եւ աշխարհի բոլոր երկրներում` վերաճելով գլոբալ համաճարակի: 2011թ. դրությամբ աշխարհում արդեն ապրում էր մոտ 34 մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
1988թ. մինչեւ 2013թ. մայիսի 31-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1448 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1017 մարդ (70,2%) իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 431 դեպք (29,8%): ՄԻԱՎ վարակի 28 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 55,9%-ը 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (57,4%) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (32,9%): Սրանցից բացի արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրում է 3500 մարդ: