Հայաստանում քաղաքական իրավիճակը օրեցօր պայթյունավտանգ է դառնում. Սերժ Սարգսյանը գնալով կորցնում է իրավիճակի վերահսկողությունը ե՛ւ ներքաղաքական դաշտում, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ: Իսկ պատճառը մի կողմից Ս.Սարգսյանի իշխանության լեգիտիմության իսպառ բացակայությունն է, մյուս կողմից ավելացող եւ խորացող խնդիրներն ու մարտահրավերները, որոնք այս իշխանությունն ի վիճակի չէ լուծելու: Այսօր մասնավոր զրույցներում նույնիսկ իշխանական թեւի ներկայացուցիչներն իրենք են խոստովանում, որ եթե այդ խնդիրներին լուծում չտրվի, ապա հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի:
Միայն թե՝ այս խնդիրներին լուծում տալու համար հարկավոր է տիրապետել իրավիճակին: Այնինչ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի տիրապետում, հետեւաբար, համարժեք չի արձագանքում երկրում ստեղծված իրավիճակին, ինչն ակնհայտ է դառնում ամեն քայլափոխի: Օրինակ՝ Ս.Սարգսյանը հայտարարում է, թե Հայաստանի տնտեսությունը հասել է իր նախաճգնաժամային վիճակին, այնինչ պարզվեց, որ այդ խոսքերն ասվել են ընդամենը քարոզչական նպատակներով, իսկ տնտեսագիտական հաշվարկները ապացուցում են բոլորովին հակառակը: Ս.Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունում քննարկում են հուլիսի 1-ից միջին աշխատավարձը շոշափելի բարձրացնելու հարցը, բայց այդպես էլ միջին աշխատավարձերը չբարձրացվեցին: Ս.Սարգսյանը խոսեց Հայաստանում տնտեսական շարունակական աճի մասին, բայց հիմա պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ տվյալներ է հրապարակում:
Պարզվում է՝ երկրում սկսել է նվազել տնտեսական ակտիվության ցուցանիշը. 2013թ. մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,9 տոկոսով: Բացի այդ, նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 7,4 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները՝ 1,3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալները՝ 9 տոկոսով: Տնտեսագետների պնդմամբ՝ բացասական այս միտումները շարունակվելու են, եւ առաջիկա ամիսներին հավանական է, որ անկումը եւս շարունակվի: Ընդ որում, տնտեսական ակտիվության ցուցանիշների նվազման վերաբերյալ կանխատեսումներ են արվում ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի մակարդակով: Այլ կերպ ասած՝ այդ անկումն առաջիկայում կրելու է համատարած բնույթ՝ իր բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ:
Խնդիրները, իհարկե, այսքանով չեն ավարտվում: Հայաստանում առաջիկայում սպասվում է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացում. գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ու դրա հետեւանքով սպասվող գնաճը ավելի են խորացնելու բնակչության սոցիալական վատ վիճակը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի բնակչությունն առաջիկայում շատ ավելի վատ է ապրելու, քան այսօր: Իրավիճակի փոփոխությունը մարդիկ իրենց մաշկի վրա կզգան աշնանը, երբ եկամուտները կմնան նույնը, փոխարենը կտրուկ կավելանան ծախսերը:
Հայաստանի համար շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ օրեցօր ահագնացող արտագաղթը: Երկիրը դատարկվում է մեծ տեմպերով, եւ հատկանշականն այն է, որ նման ծավալների արտագաղթ տեղի է ունենում խաղաղ պայմաններում: Տարբեր գնահատականներով՝ Հայաստանից ամսական հեռանում է 15-20 հազար ՀՀ քաղաքացի: Ու պատահական չէ, որ իշխանությունները ՀՀ սահմանահատումների վիճակագրությունը հրապարակում են եռամսյակը մեկ:
Մտահոգիչ է վիճակը նաեւ արտաքին քաղաքական ոլորտում. մի կողմից միջազգային հանրությունը սկսել է ճնշումներ գործադրել ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ, եւ հատկապես Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո եռանախագահողները փորձելու են կոնկրետ տեղաշարժ գրանցել: Մյուս կողմից Հայաստանի առաջ կանգնած է ,Մաքսային միությո՞ւն, թե՞ եվրաինտեգրումե դիլեման: Ընդ որում, վերջին շրջանում Ռուսաստանը սկսել է կտրուկ քայլեր անել՝ ստիպելով Հայաստանին հնարավորինս արագ կայացնել իր որոշումն ու հստակեցնել աշխարհաքաղաքական իր կողմնորոշումը:
Այս ամենին զուգահեռ՝ օրեցօր խորանում ու բացահայտ բնույթ են կրում իշխանության ներսում տարբեր թեւերի միջեւ առճակատումները: Այլ կերպ ասած՝ իշխանական բուրգը սկսել է փտել ու ճաքեր տալ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 567 համար