20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանն ապրում և ստեղծագործում էր Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած 2729 Գրիֆիֆ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն:
Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ զարկ է տվել հայերեն վիքիպեդիայի զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
«Ինտելեկտուալ Ռենենսանս» հիմնադրամը մշակում է, և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Ի դեպ, առիթից օգտվելով առաջարկում ենք բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց գաղափարներն՝ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին: Մենք մեծ ուրախությամբ կքննարկենք բոլոր առաջարկները:
«Ինտելեկտուալ Ռենենսանս» հիմնադրամի մամուլի հաղորդագրություն