Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Երևան քաղաքի զարգացման տարեկան և քառամյա ծրագրերով նախանշված աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է աշխատակազմի բոլոր վարչությունների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև տարեկան ծրագրերի ընթացքի նկատմամբ մշտական հսկողության ապահովումը:
«Երևանի զարգացման ինչպես տարեկան, այնպես էլ քառամյա ծրագրերը մեր քաղաքի և մեր բնակիչների համար կարևոր նշանակություն ունեն, հետևաբար ակնկալում եմ մշտական հսկողության տակ պահել ծրագրերով նախանշված աշխատանքների ընթացքը, որպեսզի վերլուծելով տեսնենք, թե աշխատակազմի որ վարչություններն են թերանում դրանց կատարման հարցում: Ու հատկապես տարեկան ծրագրով նախանշված աշխատանքների մասով ակնկալում եմ ձեր ավելի ակտիվ ու հետևողական վերահսկողությունը»,- ընդգծել է քաղաքապետը:
Մայրաքաղաքի զարգացման գործում առանձնակի կարևորելով միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընդլայնել գործակցության շրջանակներն ու ոլորտները:
«Շուրջ 50 քաղաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ունենք գործընկերային հարաբերություններ, որոնց շրջանակում նախանշված են համագործակցության տարբեր ուղղություններ: Բայց չենք կարող ասել, որ բոլոր այդ ուղղություններով ունենք ակտիվ համագործակցություն: 2016թ.-ին ակնկալում եմ ավելի ակտիվ համագործակցություն ինչպես քույր և գործընկեր քաղաքների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ, որոնք, վստահ եմ, հետաքրքրված են Երևանով: Ընդլայնե՛ք գործակցության շրջանանկներն ու առաջնորդվեք նոր մոտեցումներով: Պետք է մանրամասն ներկայացնեք բոլոր այն ծրագրերն ու առաջարկների փաթեթները, որոնք բխում են մեր քաղաքի զարգացման և, որ կարևոր է, մեր բնակչության շահերից»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Առանձնակի կարևորելով Երևանում ներդրումային ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետը նկատել է, որ այս ուղղությամբ ևս շատ անելիքներ կան:
«Անհրաժեշտ է ներկայացնել Երևանի ներդրումային գրավչությունը: Այդ առումով ակնկալում եմ վարչությունից ավելի ընդգրկուն և հետևողական աշխատանք՝ ներդրումային ծրագրերի, առաջարկների նոր փաթեթների ներկայացում և այլն: Երևանի ներդրումային գրավչությունը պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի մասնավորը տեղեկացված լինի և իր մասնակցությունն ունենա Երևանի զարգացման գործում»,- նշել է քաղաքապետը:
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով վարչության աշխատանքից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2015թ.-ի հաշվետվությունը գնահատել է դրական: