8 տարի է անցել, բայց Մարտի 1-ի մեղավորներն անպատիժ են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ութ տարի առաջ այս օրը գրվեց Հայաստանի պատմության ամենախայտառակ էջերից մեկը. ՀՀ անզեն քաղաքացու վրա հրազենից կրակ բացվեց ոչ թե երկիր ներխուժած արտաքին թշնամու կողմից, այլ ՀՀ իշխանությունների, որոնք այդ կերպ ցանկանում էին լռեցնել իրենց իրավունքների համար 10 օր շարունակ հանրահավաքներով ու երթերով պայքարող մարդկանց: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում սպանվեցին`  Դավիթ Աֆրենտի Պետրոսյանը՝  ծնված  1975թ, Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյանը՝  ծնված 1980թ., Տիգրան Հովսեփի Խաչատրյանը՝ ծնված 1985թ., Արմեն Վաչագանի Ֆարմանյանը՝ ծնված 1974թ., Գոռ Սարգսի Քլոյանը՝ ծնված 1979թ, Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյանը՝ ծնված 1961թ., Զաքար Սարիբեկի Հովհաննիսյանը՝ ծնված 1977թ., Սամվել Էդիկի Հարությունյանը՝ ծնված 1979թ, Համլետ Աղասու Թադեւոսյանը՝ ծնված 1977թ., Տիգրան Էդիկի Աբգարյանը՝ ծնվել է 1989թ.,:

ՀՀ քաղաքացիներին սպանելու, նրանց ուղղությամբ կրակ բացելու եւ նման հրամանի համար որեւէ պաշտոնյա կամ իրավապահ համակարգի աշխատակից մինչ օրս այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել: Չնայած ՀՀ իշխանությունները ամեն կերպ փորձում են Մարտի 1-ի իրադարձությունները մոռացության մատնել, բայց դժվար թե ստացվի: Կասկածից վեր է, որ վաղ թե ուշ ավարտվելու է ՀՀԿ-ի իշխանությունը: Ու այդ ժամանակ, ի տարբերություն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, առավել հեշտ կլինի մեղավորներին բացահայտել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել երկրի ներսում եւ ինֆորմացիայի տիրապետում են տասնյակ ղեկավար այրեր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս