«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանից առաջիկա 2 տարում թոշակի կգնա ոչ միայն նախագահ Գագիկ Հարությունյանը, այլեւ եւս երկու անդամ: Մինչեւ 2018թ. լրանում է Գագիկ Հարությունյանի, Կիմ Բալայանի եւ Վոլոդյա Հովհաննիսյանի 70-ամյակը: Մամուլում տեղեկություններ կային, թե ՍԴ նախագահի աթոռին հավակնում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը: Մեր տեղեկություններով՝ Գյուլումյանի նշանակումն այնքան էլ հավանական չէ, քանի որ եթե անգամ նա նշանակվի, այդ ժամանակ կլինի 62 տարեկան եւ ընդամենը 3 տարի կպաշտոնավարի, մինչդեռ ՍԴ նախագահին նշանակում են 6 տարի ժամկետով: Ընդամենը 3 տարի ղեկավարելու համար հազիվ թե նշանակեն:
Շատ ավելի մեծ է Հրայր Թովմասյանի նշանակման հավանականությունը, առավել եւս՝ եթե հաշվի առնենք, որ նա իշխանությունների սիրելին է, եւ Բաղրամյան 26-ում նրա համար լոբբինգ է անում նախագահի խնամին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ինչ վերաբերում է թոշակի գնացող ՍԴ անդամներին փոխարինելուն, ապա այստեղ եւս հեշտ չէ. դժվար է գտնել գիտակ, հմուտ մեկին, որը կցանկանա «թոշակառուի» գործ անել։ Ասենք՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հայտնի դասախոսներից մեկին տեւական ժամանակ համոզում են գալ ՍԴ, չի համաձայնում: Իսկ նրանք, ովքեր կարող են ու ցանկանում են աշխատել ՍԴ-ում, ինչ-ինչ պատճառներով չեն նշանակվում: Օրինակ՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, որին իշխանությունները հիշում են, երբ «սեւ աշխատանք» անելու, ասենք՝ Սահմանադրություն գրելու կարիք կա։ Սակայն վերջինս ընդամենը ՍԴ խորհրդական է, ոչ անդամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: