Հոգեդարձ ապրած քաղաքական ուժեր. իշխանափոխությունը կանխվեց զենքով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 29-ը Հայաստանի նորագույն քաղաքական պատմության հատկանշական օրերից է, քանի որ 8 տարի առաջ այդ օրը տեղի ունեցավ մի իրադարձություն, որի հետեւանքով նաեւ գծվեց հետագա քաղաքական զարգացումների համար միաժամանակ ողբերգական եւ չափազանց առանցքային մի սահման՝ տեղի ունեցավ Մարտի 1-ի գրոհը հասարակության դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ:

Դրան նախորդել էր ՕԵԿ-Սերժ Սարգսյան կոալիցիոն հուշագրի ստորագրումը, որը մի կողմից շատ սովորական իրադարձություն էր հայաստանյան քաղաքական կյանքի համատեքստում, սակայն խորքային առումով առանձնանում էր իր շրջադարձային բնույթով:

Այդ կոալիցիան տեղի ունեցավ Հայաստանի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ անկախ պետականությունն իր գոյության երրորդ տասնամյակ էր մուտք գործում լիովին նոր հասարակական-քաղաքական հոգեբանական միջավայրում: Հայաստանում ձեւավորվել էր քաղաքացիական մի շարժում, որը շատերը իրավամբ համեմատում էին 1988-ի շարժման հետ: Փետրվարի 29-ին կնքվեց ոչ թե սովորական մի կոալիցիա, այլ այդ շարժումը գնդակահարելու մասին որոշում: Հաջորդ առավոտն իսկ սկսվեց դրա իրականացումը, որը գիշերն արդեն ավարտվեց անմեղ քաղաքացիների հեղված արյունով, տասը զոհով:

Այս իրադարձությունները նոր լույսի ներքո են երեւակվում այսօր, երբ դրա մասնակիցները տարբեր ձեւաչափերով ներկայացնում են «հայրենիքի փրկության» նոր հայտեր: Մարդիկ, որոնց գործուն միջամտությամբ ստեղծվեցին պետականության զարգացման համար իսկապես շրջադարձային մի իրողություն «կյանքից» զրկելու մասին որոշումների կայացման եւ իրականացման նախադրյալներ, այսօր հանրությանը ներկայանում են ազգափրկիչ նոր ծրագրերով ու հայտերով՝ մեծ հաշվով ծաղրելով անգամ Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Խոսքն այն մասին չէ, որ 2008 թվականին կարող էր իշխանափոխություն տեղի ունենալ, որը, սակայն, կանխվեց զենքով: Իշխանափոխությունը չէ խնդիրը, այլ հասարակական հոգեբանության, մտածողության փոփոխությունը, որը բերել էր մի իրավիճակի, երբ քաղաքական դաշտում առաջացել էր մեծ զտման մի գործընթաց, ֆիլտրացիայի մի իրողություն: Դրա շնորհիվ Հայաստանի քաղաքական դաշտից դուրս էին մնում իրենց սպառած մի շարք ուժեր եւ գործիչներ: Փետրվարի 29-ն ու Մարտի 1-ը դարձան այն կետը, որտեղ արգելակվեց Հայաստանի քաղաքական կյանքում սերնդափոխության մի խորքային գործընթաց, որի ղեկն իր ձեռքն էր վերցնում Հայաստանի քաղաքացին: Շարժումը առաջնորդող Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ պահին գործիք էր քաղաքացու ձեռքում, 29-ից ու 1-ից հետո տեղի ունեցած զարգացումների հետեւանքով միայն քաղաքացին նաեւ նրա ձեռքին վերածվեց գործիքի: Հայաստան վերադարձավ քաղաքական սովորական, հաստատված մշակույթը, որտեղ հասարակությունը որոշող չէ, այլ թատրոնի մասնակից, այն էլ՝ նախապես գրված սցենարով:

Այսինքն՝ փետրվարի 29-ն ու մարտի 1-ը Հայաստանի քաղաքական համակարգի հոգեգալուստն էր՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի գնով, երբ հոգեդարձ ապրեցին քաղաքական ուժեր, որոնք հանուն հայրենիքի կարող են մի բան անել՝ հեռանալ քաղաքական ասպարեզից: Բայց այդ հոգեդարձի հետեւանքով, Հայաստանի Հանրապետությունն է գտնվում արդեն մի քանի տարի շարունակվող հոգեվարքի մեջ, որը խորանում է այն պարզ պատճառով, որ կասեցնելու միակ տարբերակը խորքային սերնդափոխությունն է, այսինքն՝ ոչ թե լոկ ֆիզիկական դրսեւորումով, այլ նախեւառաջ հանրային մտածողության փոփոխությամբ, որն այլեւս անհանդուրժող կգտնվի եւ կբացառի որեւէ քաղաքական հոգեդարձ, այլ կպահանջի միմիայն նոր եւ առողջ ծնունդներ՝ մտքերի, գաղափարների, որակների»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս