ՀՀ կառավարությունը տարեցտարի փորձում է ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հանրային առողջության պահպանման ջանքերը մշտապես բարձր գնահատականի են արժանանում առողջապահական միջազգային կազմակերպությունների կողմից: «Արմենպրես»­ի փոխանցմամբ`«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նկատեց, որ մարդու առողջության մասին հոգ տանելը սահմաններ չի ճանաչում, ինչի վկայությունն էլ այս համաժողովի անցկացումն է: «Անկախ տնտեսական զարգացածության աստիճանից` ցանկացած երկրի իշխանությունների կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումը:

Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ, որոնք համահունչ են ՄԱԿ­ի հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն­ 2020» համապարփակ ռազմավարության մոտեցումներին»,­ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` հատկապես մեծ գնահատականի են արժանանում Հայաստանում իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացումը, ՄԻԱՎ­ՁԻԱՀ­-ի, տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումները: «Հաջողված ծրագրերից է նաև աղի պարտադիր յոդացումը, որի շնորհիվ նվազել են յոդի անբավարարությամբ պայմանավորված առողջական խնդիրները»,­ասաց վարչապետը: Անդրադառնալով սքրինինգային (զանգվածային բուժզննման) ծրագրի իրականացմանը` վարչապետը կարևորեց փաստը, որ դրա շրջանակում երեք տարվա ընթացքում կստուգվի բնակչության խոցելի խմբերի 50­60 տոկոսը:

Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ երկրի հնարավորությունների սահմաններում կառավարությունը տարեցտարի ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը: «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմի, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի, Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովի գլխավորած պատվիրակությունները:

Համաժողովի նպատակն է վերլուծել հանրային առողջապահական խնդիրները և մշակել դրանց լուծման համընդհանուր մոտեցումները, քննարկումների և գիտական ելույթների միջոցով բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաև այլ կարևոր հիմնահարցեր են:




Լրահոս