
Սերժ Սարգսյանին բավական ծանր ամառ է սպասվում. նա առաջիկայում ստիպված է լինելու հստակեցնել իր արտաքին քաղաքական կողմնորոշումներն ու որոշում կայացնել` ընտրել Եվրաինտեգրո՞ւմը, թե՞ ՌԴ առաջարկած Մաքսային միասնական միությունը: Ընդ որում, դատելով ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ ՌԴ ակտիվությունից՝ Ս.Սարգսյանից փորձում են այդ պատասխանը ստանալ հնարավորինս կարճ ժամկետում: Ու հիմա իրար են հաջորդում առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող, սակայն իրականում միմյանց հետ բավական լուրջ փոխկապակցված իրադարձություններ:
Կիրակի օրը Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին, տարածաշրջանային զարգացումներին ու ռազմավարական երկկողմ համագործակցությանը: Բացի այդ, նրանք խոսել են Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականացման եւ վերազինման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Ընդ որում, հարկ է նկատել, որ այս հանդիպումը կայացել է կիրակի օրը, որը սովորաբար ոչ աշխատանքային է: Իսկ սա հազիվ թե լինի պատահական: Մանավանդ, երբ հաջորդ օրը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան: Նշենք, որ Լեհաստանը համարվում է Հարավային Կովկասում Եվրամիության ծրագրերը համակարգողը եւ ընդհանրապես` տարածաշրջանում Արեւմուտքի «խոսափողը»: Ավելին, Լեհաստանն իրեն բավական ակտիվ է դրսեւորել Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի, Խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում: Այնպես որ, Ս.Սարգսյանի՝ Լեհաստան այցի ժամանակ հիմնական խոսակցությունն ընթանալու է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարի շուրջ: Ու տեսակետ կա, որ կիրակի օրը Սերժ Սարգսյանի հետ Պատրուշեւի հանդիպումը կապված է հենց Լեհաստան այցի հետ. ըստ երեւույթին, ՌԴ-ն իր անվտանգության խորհրդի քարտուղարի միջոցով որոշ «մեսիջներ» է փոխանցել: Մանավանդ որ, ակնհայտ է` Հայաստանի եվրաինտեգրման թեման դուր չի գալիս ՌԴ-ին, եւ հիմա «ռազմավարական գործընկերը» փորձում է իր հնարավոր լծակները գործադրել Հայաստանին եվրաինտեգրումից ետ պահելու եւ դեպի Մաքսային միություն ուղղորդելու համար:
Ակնհայտ է, որ իրենց նպատակին հասնելու համար ՌԴ-ն ու ԵՄ-ն փորձում են որոշակի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա. ՌԴ-ն այս հարցում բավական հաջող կերպով օգտագործում է գազի սակագնի մահակը, իսկ ԵՄ-ն` սպառնալիքը, որ չի անցկացնի դոնորների համաժողովն ու չի տրամադրի խոստացված 1.5-2 մլրդ եվրո դրամաշնորհը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս.Սարգսյանը Լեհաստանում փորձելու է քննարկել հենց դոնորների համաժողովի անցկացման հարցը: Թե այս անգամ որքանով կկարողանա հաջողության հասնել, պարզ կլինի առաջիկա օրերին. համենայնդեպս, մեկ տարի առաջ` նախագահական ընտրություններին նախորդող շրջանում, ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց հստակ պայմանավորվածություն ձեռք բերել` այդ հարցը թողնելով առաջիկա օրերին:
Իսկ մինչ այդ, զարմանալի զուգադիպությամբ, հենց Ս. Սարգսյանի` Լեհաստանում գտնվելու ժամանակ ռուսական «Ռեգնում» գործակալությունը հրապարակեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է Մաքսային միասնական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության եւ գազի սակագնի վրա դրա հնարավոր ազդեցության մասին: Ըստ այդմ՝ Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե գլոբալ պրոցեսների արդյունքում փոքր երկրները հայտնվում են դժվար կացության մեջ, եւ Հայաստանը դրանցից մեկն է, ուստի պետք է արտաքին քաղաքական ճիշտ վեկտոր ընտրի: Մովսիսյանի խոսքով՝ պետք է ճիշտ կողմնորոշվել Մաքսային միությանն անդամակցելու հարցում, միաժամանակ նա ասել է, թե գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը քաղաքական հարցեր առաջ չի քաշել, ՌԴ-ն Հայաստանից չի պահանջել անդամակցել Մաքսային միությանը: Բայց մյուս կողմից Մովսիսյանը հավելել է` իր կարծիքով՝ Հայաստանը ՌԴ-ից միջուկային էներգիա եւ գազ է ներկրում, եւ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում հնարավոր է գազի ու միջուկային էներգիայի սակագների նվազում: «Այդ առումով, Մաքսային միությանն անդամակցելը ձեռնտու է մեզ համար: Բայց սա դժվար հարց է, ու հարկավոր է ճիշտ որոշում ընդունել»,-ասել է նա: Թե ինչու է ՌԴ-ն հենց Արմեն Մովսիսյանի բերանով բարձրաձայնում այս մասին, կարելի է ենթադրել: Առաջիկայում սպասենք, թե ինչպես այս ամենին կարձագանքի ԵՄ-ն: