ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԱԱԽՔ-ՆԵՐԸ
Կառավարության ընդունելությունների տանը երեկ կայացել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումը: Բաղդասարյանի ու Պատրուշեւի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ավելի ուշ ՀՀ եւ ՌԴ ԱԱԽ քարտուղարներն այցելել են Գյումրու 102-րդ ռուսական բազա:
ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի են ունենալու գյուղապետի արտահերթ ընտրություններ: Նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո գյուղում բավական լարված մթնոլորտ է: Առաջադրվել է գյուղապետի 5 թեկնածու, այդ թվում եւ` ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, որը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է. «Մթնոլորտը լարված է, ներքին անհանգստություն կա»: Դաշնակցական թեկնածուն հայտնել է, որ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընտրությունները գյուղում անցնեն նորմալ, ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան:
ԴՈՒՐՍ ԿԳՐՎԻ
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանը շարունակում է մնալ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ գնդապետի վիճակը բավարար է, եւ նա, հավանաբար, առաջիկա օրերին դուրս կգրվի:
ԱՆՈՐԱԿ ՊԱՂՊԱՂԱԿ
Պաղպաղակի շուկայում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լաբորատոր փորձաքննությամբ հաստատված ցածր որակի պաղպաղակները շուկայից դեռ դուրս բերված չեն: ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ լաբորատոր քննության արդյունքներով` «Թամարա», «Էլիտ Շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ», «Արմսվիթ Շանթ» ընկերությունների արտադրանքի փորձանմուշները չեն համապատասխանում մակնշման պահանջներին. պաղպաղակներում օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ` սփրեդ: Մինչդեռ ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայությունն այս մասին լռում է:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ ԵՆ
GALLUP International Association-ը հարցում է անցկացրել` պարզելու համար հայաստանցիների վերաբերմունքը Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու հարցին: Հարցվածների 61%-ը դրական է վերաբերում անդամակցության հեռանկարին, դեմ է ընդամենը 4%-ը, իսկ 26%-ն անտարբեր է։
ՌՈՇԱԼԸ`ԵՐԵՎԱՆՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալին, որը ՀՀ է ժամանել Հայաստանի ուռոլոգների ասոցիացիայի հրավերով: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու հայ ժողովրդի մեծ բարեկամ Լեոնիդ Ռոշալին, ում սրտացավ վերաբերմունքը եւ մասնագիտական բարձր հատկանիշները մեր ժողովուրդը տեսել է 1988թ. երկրաշարժից հետո: