140 ՄԻԼԻՈՆ` ՎՐԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հաստատել է Վրաստանին 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու ծրագիրը: Խոսքը 3 նախագծի մասին է՝ ընդհանուր կրթության որակի բարելավում, արդյունաբերական հմտությունների ու աշխատուժի եւ բարձրագույն կրթության զարգացում:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը կասեցվեց 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, քանի որ Հայաստանը դադարեց բավարարել կորպորացիայի կողմից սահմանված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների չափանիշներին:
Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել: Տներից մեկը նա ձեռք է բերել Լոնդոնում, մյուսը՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում: Ա. Թունյանը կայքի հետ հեռախոսազրույցում չի հերքել այս փաստը, ընդամենն ասել է. «Դե, ի՞նչ ասեմ»: Նշենք, որ այս ԾԻԳ-ի ու տնօրենի անունը վերջերս հոլովվեց ԱԺ՝ Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության քննարկման ժամանակ: Ի դեպ, ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած չարաշահումներից ու խախտումներից ՎՊ-ն միայն «Դատաիրավական ԾԻԳ»- ում հայտնաբերածներն է ուղարկել գլխավոր դատախազություն:
ՎԻՐՏՈՒԱԼ ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏՆԵՐԸ
Երեկ ՀՖՖ-ի դիմաց ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր բողոքի ակցիա էին նախատեսել` ի պաշտպանություն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի: Օգտատերերը պահանջում էին Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը` նրան մեղադրելով Հ. Մխիթարյանի կարիերայի առաջընթացը խոչընդոտելու մեջ: Սակայն երեկվա չկայացած ակցիային մասնակցեցին միայն լրագրողներն ու ոստիկանները, իսկ ակտիվ «ֆեյսբուքահայությունը» գերադասեց շարունակել իր պայքարը բացառապես վիրտուալ տարածքում. այնտեղ հով է, ապահով է:
ԴԻԶՎԱՌԵԼԻՔ VS ՕՖՇՈՐ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հունիսի 21-ին հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնական կեղծիքի եւ պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: Այդ չորս քրեական գործերը, ինչպես նաեւ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՔԾ կողմից քննվող գործը միացվել են մեկ վարույթում: Հիշեցնենք, որ Արարատի մարզում սուբսիդավորված մեծաքանակ դիզվառելիք ձեռք բերողների թվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատները: