ԵՎՍ ՄԻ «ԳՐՈՒԶՉԻԿ», ՈՐԸ ՆԱԽԱՐԱՐ ԷՐ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի՝ կարմիր դիպլոմով «գրուզչիկ» լինելու մասին հայտարարությունը: Իհարկե, «գրուզչիկ» կամ մեկ այլ շարքային մասնագիտություն ունենալու մեջ որեւէ վատ բան չկա, եթե հիշենք, որ, օրինակ, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան շարքային էլեկտրիկ է եղել, իսկ նույն Այվազյանի առաջնորդ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է խառատի պաշտոնից…
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ իր կյանքը սկսել է գրեթե «գրուզչիկությունից»՝ բանակում իր ծառայությունն ավարտելուց հետո՝ 1977-1979թթ., աշխատանքի անցնելով Մասիսի ստվարաթղթի կոմբինատում: Մտածել է, որ աշխատանքն է գեղեցկացնում մարդուն, այդ պատճառով էլ բուհերի դռներին չի կանգնել, որեւէ տեղ չի սովորել: 1979-ին աշխատանքի է անցել Դաշտավան գյուղի կոլտնտեսությունում որպես բրիգադավար եւ աշխատել մինչեւ 1982թ.: Բայց հետո բախտը բերել է ու ընդամենը միջնակարգ կրթություն ունենալով՝ 1982-ին նշանակվել է «Հայկոոպ»-ի շրջկոոպի շինանյութերի խանութի տնօրեն: Այդ պաշտոնում մնացել է յոթ տարի ու հավանաբար այնքան փորձ ու գումար հավաքել, որ 1989-ին նշանակվել է Մասիսի կոշտ վառելիքի բազայի տնօրեն: Իհարկե, այս ընթացքում հեռակայել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի առեւտրի եւ հասարակական սննդի էկոնոմիկայի կառավարման ֆակուլտետում: Գիտենք, որ «ժողինստիտուտի» հեռակա բաժինը բոլորի կողմից դիտարկվում էր որպես փող ունեցող խանութպանների եւ պահեստապետերի ինստիտուտ: Մուրադյանն էլ հենց այդ ինստիտուտում է սովորել, որն ավարտել է 1994թ.՝ 37 տարեկան հասակում:
1996թ. նշանակվել է ՊՆ զինվորական առեւտրի վարչության պետ: Ինչպես ասում են, ձուկը ծովն է ընկել… Սակայն երկար չի տեւել «նավարկությունը» ՊՆ առեւտրի համակարգում. 1998-ից հետո Մ. Մուրադյանը հեռացել է այստեղից, երկու տարի գտնվել խորհրդարանում, ապա 2000թ. նշանակվել ՀՀ բնապահպանության նախարար: Սա ժամանակի ամենազարմանալի նշանակումներից մեկն էր, քանի որ «շրջանային» մակարդակի առեւտրի աշխատողը հանկարծ դառնում էր նախարար: Մ. Մուրադյանի պաշտոնանկությունը բազմաթիվ խոսակցությունների տեղիք տվեց, ինքը՝ արդեն էքս-նախարարը, օրեր անց հայտարարեց, թե արձակուրդում է եղել, երբ իրեն ազատել են պաշտոնից, իսկ ազատելու գործում մեծ դեր է խաղացել «մաֆիան»: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել էր, որ դեռեւս 8-9 ամիս առաջ ինքը սկսել էր բացահայտել բնապահպանական մաֆիայի գործունեությունը, ինչի մասին տեղեկացրել էր վարչապետին ու նախագահին, սակայն վարչապետը խորհուրդ էր տվել հետ կանգնել: Այսինքն՝ ըստ Մ. Մուրադյանի՝ բնապահպանական մաֆիան ղեկավարվում էր այդ ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից, իսկ ահա երկրի նախագահը «դուխ» էր տվել՝ ասելով՝ գնա՛ մինչեւ վերջ… «Ինձ ազատման պատվեր տվողը մաֆիան է: Ինձ եղել են տարբեր առաջարկություններ՝ մեծ գումարների: Այդ գումարներից ես հրաժարվել եմ»,-ասել էր նախկին նախարարը:
«Ես նախագահին չեմ մեղադրում: Գուցե հարկավոր էր մեկին զոհ տալ, եւ այդ զոհը եղա ես»,-չէր ցանկացել «կամուրջներն այրել» Մ. Մուրադյանը… «Մամուլի ասուլիս կհրավիրեմ՝ տեղեկանքներով, թվերով, փաստերով, անուններով: Կհրապարակեմ, թե ովքեր են պատվեր տվողները, եւ ում ցանկությամբ կատարվեց այս ամենը: Այդ փաստաթղթերից 50 օրինակ ունեմ… Որոշ օրինակներ էլ կան դատախազությունում…»,-նշել էր նա:
Պաշտոնանկությունից հետո՝ մոտ երեք տարի, Մ. Մուրադյանն «անհայտության» մեջ էր. ոչ ոք չգիտեր, թե նա ինչով է զբաղվում, բայց ահա 2004-ին նշանակվեց «Արկամար» ՍՊԸ-ի տնօրեն եւ այս պաշտոնում աշխատեց մինչեւ 2012թ., երբ ԱԺ պատգամավոր ընտրվեց թիվ 16 ընտրատարածքից:
Խորհրդարանում այսօր Մ. Մուրադյանն ամենապարտաճանաչ պատգամավորներից է, գրեթե չի բացակայում, բայց սիրում է ուրիշների փոխարեն եւս կոճակ սեղմել: Խորհրդարանում շատերն են ասում, որ Մ. Մուրադյանը թաքնված միլիոնատեր է՝ չնայած շատ «համեստ» հայտարարագիր է ներկայացրել. Մուրադյանն ունի հինգ անշարժ գույք՝ 370 քմ մակերեսով մեկ բնակելի տուն, երեք հողամաս եւ մեկ ջերմարան՝ 2,5 հա ընդհանուր տարածքով: Ավտոմեքենա չի հայտարարագրել՝ չնայած խորհրդարան շատ շքեղ ավտոմեքենայով է գալիս… Տարեկան եկամուտն էլ կազմել է մոտ 25 մլն դրամ, իսկ ահա իր հաշվին ունեցել է 85 մլն դրամ… Սա երեւի միայն ձեւի համար… Ըստ հայտարարագրի՝ 60 տոկոս բաժնեմաս ունի «Ալմաստ» ՍՊԸ-ում: Ինչպես ասում են, սրանք «երեւացող մասն» են… Ի դեպ, Մ. Մուրադյանն այժմ խիստ լարվել է վարչապետի եւ Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ, ինչպես ինքն է ասել իր շրջապատում, իրեն «քցել» են: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Մուրադյանին խոստացել էին Մասիսում բոլոր կարեւոր պաշտոններում նշանակել նրա հարազատներին, ինչը, սակայն, չեն արել: Խոստացել էին նաեւ աջակցել նրա բիզնես-նախագծերին, սակայն վերջին շրջանում սկսել են «օդերը փակել»…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս