«ԹՈՒՐՔԻԱՆ ՂԱԼԱԹ Է ԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական հերթական հիստերիան է բարձրացել Հայաստանի ատոմակայանի շուրջ: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սինան Օգանն օրերս պահանջել է անհապաղ փակել Հայաստանի աէկ-ը: «Մեծամորի աէկ-ը լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային առումով, ուստի Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը համատեղ լուրջ աշխատանքներ են տանում այն փակելու ուղղությամբ»,-ասել է պատգամավորը: Նշենք, որ Հայաստանի աէկ-ի շահագործման ժամկետն ավարտվում է 2016թ.-ին, սակայն ՀՀ կառավարությունը մտադիր է երկարաձգել այն: Բացի այդ, 2010-ին 60 տարի ժամկետով ստորագրվել է պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ աէկ-ի գործունեության ընդլայնման՝ նոր բլոկի կառուցման համար: Հարկ է նշել, որ 2011թ. ՄԱԳԱՏԷ տեսուչների կարծիքով՝ Մեծամորի աէկ-ն ունի պատշաճ անվտանգություն:

ՀԱՐՑ. Թուրքիան սկսել է ավելի ակտիվորեն շահարկել Մեծամորում տեղակայված հայկական աէկ-ի անվտանգության հարցը: Ի՞նչ եք կարծում, այն իսկապե՞ս լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում, թե՞ մեր հարեւանների հիստերիան այլ ենթատեքստ ունի:

ՊԱՏԱՍԽԱՆ. Թուրքիան ղալաթ է անում, որ պահանջում է: Սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան փորձում է աշխարհին համոզել՝ իբր Մեծամորի ատոմակայանը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում: Այդ երկիրն առիթը բաց չի թողնում Հայաստանի նկատմամբ իր անվստահությունը հնչեցնել եվրոպական տարբեր կառույցների հարթակներից: Ակնհայտ է, որ աէկ-ը Հայաստանին անհրաժեշտ է, իսկ անվտանգության հնարավոր բոլոր պահանջներն այնտեղ պահպանվում են: Հայաստանում աէկ-ը կարող է փակվել միայն այն դեպքում, երբ մենք կունենանք նոր ատոմակայան կամ այլընտրանքային էներգետիկ այլ աղբյուրներ: Հավելեմ, որ ցանկացած գործող կառույց, որը Հայաստանին օգուտ է բերում, Թուրքիային հիստերիայի է հասցնում: Թուրքիայի բարի նպատակների վրա հույս դնել չի կարելի, այլապես մեր սահմանները վաղուց բաց կլինեին:

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Տարբեր միջազգային հարթակներում Թուրքիան բազմիցս այս հարցը բարձրացնում է: Վերջերս Եվրանեսթի շրջանակներում մեր երկիրը հանդես եկավ առաջարկությամբ անցկացնել սթրես թեստեր, անվտանգության տարբեր միջոցառումներ եւ այդ հետազոտությունների արդյունքում պարզ դարձնել, թե որքանով է Մեծամորի աէկ-ը վտանգավոր տարածաշրջանի համար: Մասնագետների եզրակացությունը ցույց տվեց, որ ոչ մի վտանգ էլ չկա: Թուրքիային ձեռնտու չէ մեր երկրի էներգետիկ անկախությունը: Կրկին հիստերիա բարձրացնելով՝ Թուրքիան փորձում է իր լուրջ ներքաղաքական կյանքից ուշադրությունը շեղել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս