2012 թվականի դեկտեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը, Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի նկատմամբ վճիռ կայացնելով, նրան առաջադրված մեղադրանքի հոդվածներից մեկը վերաորակավորել է, երկու հոդվածներով կիրառել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի համաներման մասին որոշումը եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Հ. Ներկարարյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման եւ համաներման մասին նույն որոշումը կիրառելով՝ պատժաչափի չկրած մասը նվազեցրել քառորդ մասով: Դատարանը բավարարել է 3 տուժողների կողմից ներկայացված՝ նրանց պատճառված վնասը վերականգնելու պահանջը, մյուսներին իրավունք է վերապահել վնասի վերականգնման համար քաղաքացիական հայցով դիմել դատարան: Գործով տուժողները 16 հոգի են: Դատարանն ապացուցված է համարել, որ Ներկարարյանը խարդախությամբ՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման տեղեկագրերում նրանց փոխարեն կեղծ ստորագրություններ դնելով, յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ զինվորական թոշակներ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հ. Ներկարարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողել է անփոփոխ: Հ. Ներկարարյանն այդ վճիռը բողոքարկել է, սակայն 2013թ. մարտի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Հ. Ներկարարյանի վերաքննիչ բողոքը մերժել: Վերջինս դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը մայիսի 21-ին որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013թ. մարտի 11-ի որոշման դեմ Հ. Ներկարարյանի վճռաբեկ բողոքը վերադարձնել: Այդպիսով` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հ. Ներկարարյանը կալանավորվել է եւ այժմ իր պատիժն է կրում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նշենք, որ այս ընթացքում Հրանուշ Ներկարարյանի ամուսինը՝ իջեւանցի փաստաբան Ռադիկ Պապյանը, նրանից ամուսնալուծվել եւ ամուսնացել է դիլիջանցի երիտասարդ մի աղջկա հետ:
Տավուշ