ՈՏՆԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ին դիմեց Քրիստինա Օհանյանը, որը երկար տարիներ աշխատել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում որպես ֆոնդերի հաշվառման բաժնի համակարգչային օպերատոր: Դեռեւս անցյալ տարի նրան անհիմն ազատել էին աշխատանքից, ինչի կապակցությամբ Քրիստինան դիմել էր դատարան եւ վերականգնել իր խախտված իրավունքը: Սակայն նա պնդում է, որ հիմա աշխատավայրում խոչընդոտներ են ստեղծվում իր աշխատանքային պարտականությունների կատարման համար: Ավելին, վերջերս տնօրենի կողմից նրա նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ:
Քրիստինայի խոսքով՝ անցյալ տարվա փետրվարի 7-ին իրեն ծանուցվել է այն մասին, որ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով իրեն 42 օր առաջ տեղեկացնում են, որ փոփոխվելու են Պատկերասրահի եւ իր միջեւ 2006-ի մարտի 1-ի աշխատանքային պայմանագրի որոշ կետեր, եւ ինքը պետք է տեղափոխվի նույն Պատկերասրահի տնտեսական եւ տեխնիկական բաժին որպես համակարգչային օպերատոր: Սակայն մեկ ամիս անց քաղաքացին ստացել է եւս մեկ ծանուցում, որով տեղեկացվել է, որ առաջին ծանուցմամբ ներկայացված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում 2012-ի մարտի 24-ին լուծվելու է իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Գործատուն, չսպասելով իր իսկ սահմանած վերջնաժամկետի ավարտին, արդեն 2012-ի մարտի 16-ից Քրիստինային չի ապահովել աշխատանքով: Այսինքն՝ Քրիստինան հաճախել է աշխատանքի, բայց առօրյա աշխատանքային հանձնարարություններ չի ստացել: Այնուհետեւ՝ 2012-ի ապրիլի 22-ին, մեր զրուցակիցը Պատկերասրահի կողմից ծանուցում է ստացել այն մասին, որ համակարգչի օպերատորի հաստիքը կրճատվել է, եւ 2012-ի հունիսի 23-ին լուծվել է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Քրիստինայի համոզմամբ՝ Պատկերասրահն օրենքով սահմանված կարգով իր ունեցած հնարավորությունների սահմաններում իրեն չի առաջարկել իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք. «Իսկ նման աշխատանք կա: Նույնիսկ ինձ ծանուցվել է այն մասին, որ աշխատանքային պայմանագրի փոփոխման արդյունքում կատարելու եմ նաեւ գիտական բաժնի աշխատանքները»:
Այս ամենից հետո Քրիստինան դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի վճռով վերականգնվել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի համակարգչային օպերատորի պաշտոնում: «Նոր հաստիքացուցակում եւ կառուցվածքում նշված պաշտոնն առկա չլինելու դեպքում Քրիստինա Օհանյանին վերականգնել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի»,-նշված է դատարանի վճռի մեջ:
Թվում է, թե դատարանի վճռից հետո ամեն ինչ պետք է կարգին լիներ: Սակայն, Քրիստինայի պնդմամբ, գործընկերների, մասնավորապես Պատկերասրահի ֆոնդերի հաշվառման ենթաբաժնի վարիչ Նունե Ավետիսյանի կողմից, ինքը պարբերաբար ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի, տարբեր սադրանքների եւ զրպարտությունների: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ աշխատավայրում իրեն չեն տրամադրում սեղան, համակարգիչ եւ աշխատանքի համար անհրաժեշտ այլ պարագաներ:
«Վերջերս իմ նկատմամբ կիրառվեց «նկատողություն» կարգապահական տույժ այն բանի համար, թե իբր ես չեմ ներկայանում աշխատանքի եւ չեմ կատարում հանձնարարություններս: Բայց նման բան չկա: Ես պարտաճանաչ ներկայացել եմ աշխատանքի եւ ոչ մի օր չեմ բացակայել: Գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Ֆանարջյանը եւ հաշվառման ենթաբաժնի վարիչ Նունե Ավետիսյանն իմ մասով զեկուցագրեր են գրել, որոնց մասին տեղյակ չեմ եղել: Այս երկուսն էլ ոտնահարում են իմ աշխատանքային իրավունքները: Զրպարտում են, սուտ են խոսում, տնօրենին ասում են, որ իբր չեմ ներկայանում աշխատանքի, բայց ստում են: Մյուս գործընկերներիս էլ տրամադրում են իմ դեմ»,-վրդովված պատմեց Քրիստինան:
Նշենք, որ Քրիստինան նկատողություն ստանալուց հետո դիմել է ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, որտեղ հարուցվել է վարչական վարույթ, եւ առաջիկայում իրականացվելու են վարչական լսումներ:
Քրիստինան դիմում է գրել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Վերջինս էլ պարզաբանումներ ստանալու նպատակով պատրաստվում է գրություններ ուղարկել մշակույթի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ի տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ, որը Պատկերասրահի աշխատակցուհու պնդումներն անհիմն որակեց. «Այդ աղջիկը ճիշտ ինֆորմացիա չի տալիս: Ես իրեն տվել եմ հարմար աշխատասենյակ, որտեղ ամեն հարմարություն ստեղծված է: Պետք է ուրիշ աշխատասենյակում նստի, բայց պրինցիպիալ չի գնում: Ուզում է մարդկանց վատաբանել: ՀՀ աշխատանքի տեսչությունը զբաղվում է այս հարցով եւ կտա համապատասխան ընթացք»:
Իսկ Նունե Ավետիսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով. «Ես հարմար տեղում չեմ եւ չեմ կարող խոսել այս մասին»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս