Ողջունելով այսօր մեկնարկած «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ։ Այդ ծրագրերը համահունչ են ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության մոտեցումներին»։
Վարչապետը նշեց, որ միջազգային համաժողովի անցկացումը վկայում է, որ բժշկությունը սահմաններ չի ճանաչում, և առողջության պահպանման համար պետք է մեկտեղել ջանքերը։ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ առողջ բնակչությունն է ապահովում տնտեսության ընդհանուր մակարդակի բարձրացումը, և դա հաստատում է ԱՀԿ այն տեսակետը, որ ներդրումներն ուղղվում են ոչ թե ոլորտի ֆինանսավորմանը, այլ քաղաքացիների առողջությանը։
«Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ողջունում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալու ձեր պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ ստորագրված փաստաթուղթը լուրջ դերակատարություն կունենա մեր երկրներում մարդկանց առողջության պահպանման, հետևաբար և առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավման գործում»,-ամփոփեց վարչապետը։
«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի, Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովի գլխավորած պատվիրակությունները: Պատվավոր հյուրերի շարքում մեր երկրում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության պետ Պիրոժկա Օստլինը:
«Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանը ևս դեմքով շրջվել է դեպի հանրային առողջապահություն` շեշտադրումը տանելով դեպի առաջնային օղակ։ Սա նշանակում է, որ մենք գնում ենք առաջին հերթին առողջություն ստեղծելու և պահպանելու, իսկ հիվանդության դեպքում` բարձրակարգ և մատչելի բժշկական ծառայություններ ապահովելու ճանապարհով»,-իր խոսքում ընդգծեց ՀՀ առողջապահությանն նախարար Արմեն Մուրադյանը։
Նա շեշտեց, որ առողջությունը պետք է գնահատել առողջության պահին, ոչ թե հիվանդության ժամանակ: Այդ ամենը հաշվի առնելով՝ Հայաստանում իրականացվում են առողջապահական կանխարգելիչ ծրագրեր»,- ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն իր առջև դնելով բնակչությանն առողջ պահելու նպատակ, ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում և դրանք որևիցե երկրում համարժեք չեն լինում այն ծրագրերին, որոնք իր առջև դնում է պետությունը: Արմեն Մուրադյանի ներկայացրած տվյալներով, 20-րդ դարի սկզբին կյանքի միջին տևողությունը կազմում էր 40-45 տարի, իսկ 20-րդ դարի վերջին այն կրկնակի աճել է՝ կազմելով 70-75, իսկ որոշ երկրներում` ավելի քան 80 տարի:
ՀՀ առողջապահության նախարարը հավելեց, որ Հայաստանում արդեն երկու տարի իրականացվում են լայնամասշտաբ սկրինիգային ծրագրեր՝ ուղղված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին: Նա անդրադարձավ նաև իմունականխարգելման ազգային ծրագրին:
Կարևորելով հատկապես ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը` Արմեն Մուրադյանը փաստեց, որ դրանք աշխարհում տարեկան շուրջ 40 միլիոն մահվան պատճառ են դառնում։ Համեմատություններ կատարելով նա նշեց, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները ավելի քան 10 տարվա ընթացքում շուրջ 100 մլն մարդկային կյանք են խլել։ «Այնպես է ստացվել, որ ոչ վարակիչ հիվանդություններն ավելի մեծ պատերազմ են հայտարարել մարդկությանը»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարները ներկայացրեցին հանրային առողջապահական խնդիրների լուծման իրենց փորձը` հանգամանալից անդրադառնալով առողջապահական մարտահրավերներին։ Քննարկումների ընթացքում` ծանոթանալով միմյանց ծրագրերին, բարձրացրեցին համընդհանուր խնդիրներ։
Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաև այլ կարևոր հիմնահարցեր էին:
Նշենք, որ նախարարական համաժողովի կազմակերպումը կարևոր է առաջիկա տարիներին առողջապահության բնագավառում նշված երկրների հետ համագործակցությունը գործնական հիմքի վրա դնելու, հանրային առողջության ոլորտում առկա խնդիրների լուծման մեխանիզմներ մշակելու, միջազգային կապերն ամրապնդելու տեսանկյունից: Համաժողովի բացման արարողությանը հաջորդեց համաժողովի մասնակիցների ճեպազրույցը: Պատվիրակները պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին, ներկայացրեցին նաև հանրային առողջապահության ոլորտի իրենց երկրի փորձը: Համաժողովի մասնակիցները համակարծիք էին, որ հանրային առողջության մարտահրավերների լուծման գործում կարևոր առաքելություն ունեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները: