Ստեփանավանի բնակչության շրջանում պտտվող խոսակցությունների համաձայն` Ստեփանավանում վերջին շրջանում սկսված բարեկարգման աշխատանքների ժամանակ քաղաքի կենտրոնական հրապարակի եւ Բաղրամյան փողոցի ծառահատումները կատարվում են փայտանյութի օգտագործման նպատակով: Մարդիկ ափսոսանքով են խոսում հատկապես Բաղրամյան փողոցի հաստաբուն ծառերի մասին, որոնց ստվերի տակ ամռան տապին պաշտպանվում էին արեւից, իսկ աշնանը՝ անձրեւից: Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ կազմակերպել են բարեկարգման աշխատանքներ՝ հրապարակի եւ հարակից տարածքների ծառերի էտում, ինչը կերիտասարդացնի ծառերը: Փայտանյութի օգտագործման հետ կապված՝ նա հավաստիացրեց, որ կտրված փայտը քաղաքապետի կարգադրությամբ բաշխվել է չքավորներին, Աշոտաբերդ թաղամասի մանկապարտեզին եւ Անտառային փողոցի գրադարանին:
Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյան փողոցի ծառահատմանը, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ դա կատարվում է մեծամասշտաբ բարեկարգման շրջանակներում: Քաղաքի կենտրոնական՝ Բաղրամյան փողոցը, հանրապետական նշանակության ճանապարհ է, որը ժամանակին շատ նեղ է կառուցվել ու երթեւեկության համար մեծ վտանգ էր ներկայացնում: Մայթերի մոտ տեղակայված ծառերը կտրվել են, եւ մայթի հաշվին լայնացվել է ճանապարհը:
Լոռի