Ով է հրազենային բազմաթիվ վնասվածքներ ստացած արեշցի երիտասարդը, և ովքեր են եղել նրա հետ դեպքից րոպեներ առաջ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվարի 29-ին, կրակոցների հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաք Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Աճառյան փողոցից դեպի Ավանի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածին, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել է 7 պարկուճ:

Ինչպես հայտնի է՝ հրազենային վիրավորում ստացած 25-ամյա Արթուր Գևորգյանը գտնվել է հոգեբուժարանի մոտակայքում: Նա ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ հիվանդի վիճակում էական փոփոխություններ չկան, նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Նշենք, որ Արթուր Գևորգյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ձեռքերի, ոտքերի, կրծքավանդակի աջ թուլակողի հատվածներում:

ArmLur.am-ին տուժածի հարևանները հայտնեցին, որ նրա կինն ու մայրը դեռևս տեղեկացված չեն կատարվածի մասին: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ հարազատները սպասում են Արթուրի՝ հիվանդասենյակ տեղափոխվելուն, որից հետո միայն կհայտնեն կատարվածի մասին:

Արթուրի մայրը՝ տիկին Վարդուշը, վատառողջ է, և տեղի ունեցածի մասին իմանալով՝ նրա վիճակն ավելի կբարդանա: Նշենք, որ Նոր Արեշի 25-ամյա երիտասարդն ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա՝ ավագը 2 տարեկան է: Նրա կրտսեր եղբորը վերջերս են վիրահատել:

Տուժած երիտասարդի մասին հարևանները միայն դրական էին խոսում՝ գովելով նրան և նրա ընտանիքին: Դրկիցները նշում էին նաև, որ Արթուրին բոլորը շատ հարգում և սիրում են, երբևէ նրա մասին վատ բան չեն լսել: Դեպքի մասին հարևանները ոչինչ չէին լսել, համացանցից են տեղեկացել, որ Արթուրը հրազենային վիրավորում է ստացել:

Տեղեկություններ կան, որ Արթուր Գևորգյանը դեպքից րոպեներ առաջ մի քանի այլ մարդկանց հետ է եղել, որոնց ասել է, որ պետք է ինչ-որ հանդիպման գնա, սակայն առանց նրանց ուղեկցության: Ապա հնչել են կրակոցները:

Քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ`սպանության փորձի և ապօրինի զենք կրելու հատկանիշներով:

Պարզվել է դեպքի վայրը, որտեղ երիտասարդին պատճառվել են հրազենային վնասվածքները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր։ Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ի դեպ, երեկ Էրեբունու դատախազության մոտ ոստիկանները հայտնաբերել են աջ կողային ապակին փշրված ավտոմեքենա՝ արյան հետքերով: Նախնական  տեղեկություններով՝ Արթուրը հրազենային վնասվածքները ստացել է նշված ավտոմեքենայի մեջ:




Լրահոս