Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում այս տարի եղել է 21 մահ, 4 ծնունդ: Մովսեսում գրանցված է 2200 մարդ, սակայն փաստացի բնակիչների թիվը 1350 է: Գյուղի միջնակարգ` 160 տարեկան դպրոցն ունի 160 աշակերտ: Մինչդեռ խորհրդային տարիներին Մովսեսի դպրոցում սովորում էր ավելի քան 1000 երեխա: Մոսկվայի որոշ դպրոցներում դասարանի աշակերտների մեծ մասը մովսեսցիներ են: Ներկայումս երեւանաբնակ մովսեսցի մտավորականները համախմբվել են, միություն ստեղծել, որպեսզի լուծեն հայրենի գյուղի հիմնախնդիրները` դրանով փորձելով կանխել արտագաղթը սահմանամերձ գյուղից: Այդ միության անդամ, կրթության նախկին փոխնախարար Ռոբերտ Փոլադյանն ասաց, որ երեւանաբնակ մովսեսցիները պարբերաբար հավաքվում են, քննարկում գյուղի հիմնախնդիրները: Այդ քննարկումների ընթացքում որոշվել է օգոստոսի 10-ը տոնել որպես Մովսես գյուղի օր: Սակայն նրանց նախաձեռնությունները չեն կարող շոշափելի արդյունքի հանգեցնել, եթե Հայաստանի իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը, օրինակ՝ հենց թեկուզ սահմանամերձ գյուղերի համար չսահմանեն հարկային արտոնություններ:
Տավուշ