Մասնագիտություն ընտրելիս շատերս առաջնորդվում ենք «ինչ ենք ուզում դառնալ» սկզբունքով: Սակայն պատահում է, երբ անկախ մեր կամքից, անգամ շատ խորը չմտածելով` ընտրում ենք մի ոլորտ, որտեղ նույնիսկ մեկ օր չենք աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթի հյուրը մասնագիտությամբ դեղագետ, բայց արվեստի բնագավառում իրեն բավականաչափ ակտիվ դրսեւորող ԱՐԱՄ mp3-ն է:
-Երբեւէ ափսոսանքի զգացողություն չի՞ եղել, որ փոխել եք Ձեր մասնագիտությունը:
-Մասնագիտությամբ դեղագետ եմ, ավարտել եմ Բժշկական համալսարանը: Այսքան ժամանակ դեռ նման բան չի եղել, որ զղջամ, արել եմ այն, ինչ ինձ դուր է եկել:
-Այդ դեպքում ինչո՞ւ միանգամից չընտրեցիք Թատերական ինստիտուտը:
-Այն ժամանակ միայն ես չէի որոշում (ծիծաղում է-Ե.Ռ.), մեր ընտանիքում կարծում էին, որ ես պետք է շարունակեմ հայրիկիս, պապիկիս գործն ու դառնամ բժիշկ: Ճիշտն ասած, չեմ էլ հակաճառել, ասացի` շատ լավ: Բայց տարիները ցույց տվեցին` որն էր իմ ուղին: Ես ինձ միշտ տալիս եմ այդ հարցը` ինչ կլիներ, եթե ես ընդունվեի Թատերական կամ Կոնսերվատորիա, ու հարց է առաջանում. իսկ եթե ոչ մի բան չլինե՞ր: Ես պատահականություններին չեմ հավատում, բայց ամեն ինչ երեւի թե այնպես է, ինչպես պետք է լիներ: Միշտ սիրել եմ բեմը, երգել եմ, ցանկությունս համապատասխանեց իրականությանն ու հնարավորություններին:
-Ձեր ընտանիքն ինչպե՞ս արձագանքեց: Չասացի՞ն` լուրջ մասնագիտություն ունես, բեմն ինչի՞դ է պետք:
-Ամեն ինչ սկսվեց ուսանողական տարիներից, երբ ծնողներիս ասացի, որ առաջարկ ունեմ ԽԹծ խաղալու, դե մեր տանն էլ անընդհատ ԽԹծ էին նայում: Երբ ասացի, ծնողներիս դեմքին ժպիտ առաջացավ, ասացին` իհարկե, գնա՛, փորձի՛ր: Ու այդտեղից սկսվեց: Ես էլ ավելի շատ սկսեցի ժամանակ անցկացնել այդ բնագավառում, ամեն ինչ դասավորվեց այնպես, որ ես սկսեցի փոխել մասնագիտությունս:
-Ենթադրում եմ, որ երգիչ-դերասանի Ձեր աշխատանքը հիմա սիրով եք անում:
-Միանշանակ, եթե չսիրեի, կհիասթափվեի, զգում եմ, որ ստացվում է, գնահատվում է: Իրականում, եթե ինձ մոտ ոչինչ չստացվեր, ես կթողնեի բեմը:
-Դուք նաեւ համերգներ եք տալիս:
-Ակումբում երգում եմ մոտ չորս տարի: Ամեն ամիս կենդանի հնչողությամբ համերգ եմ ունենում: Բացի այդ, հուլիսի 6-ին կկայանա «If i Try» տեսահոլովակիս պրեմիերան, մեկն էլ վերջերս դուրս եկավ:
-Ձեզ ավելի շատ դերասա՞ն, թե՞ երգիչ եք համարում:
-Բեմից է ամեն ինչ սկսվել, բայց ես իմ մեջ ավելի շատ երգն եմ սիրում, ժողովրդի լեզվով ասած` իմը երգելն է` չնայած, հումոր անելն էլ վատ չի ստացվում:
-Հե՞շտ է ծիծաղեցնել հայ հանդիսատեսին:
-Ես չեմ զգացել ինչ-որ խնդիրներ, կարեւորը լավ հումոր լինի: Երբ մենք նոր էինք սկսում մեր ակումբային ելույթները, մի քիչ այլ էր, ժամանակը ցույց տվեց, թե ինչ պետք է անել հանդիսատեսին ծիծաղեցնելու համար: Մենք հիմա արդեն գիտենք` որն է ծիծաղելի, որը` ոչ:
-Ինչպիսի՞ հումոր է սիրում հայ հասարակությունը:
-Եթե ընդհանրացնենք, հեշտ, պարզագույն հումոր է սիրում, ինչպես ամբողջ աշխարհում: Ամեն բնագավառում էլ այդ խնդիրը կա: Երաժշտության բնագավառում էլ. միշտ պոպուլյար են դառնում այն երգերը, որոնք թեթեւ են ականջի համար, հենց դրանք են դառնում հիթ:
-Պատահե՞լ է, որ Ձեր հումորից խիստ նեղանան:
-Խիստ չէ, բայց եղել է, որ ինչ-որ պահ չեն հավանել: Մենք էլ կա՛մ մոնտաժել ենք, կա՛մ համոզել, որ հումորը լավն է, ինքը չի հասկանում: Որովհետեւ մեզ մոտ ի սկզբանե վիրավորելու ու նեղացնելու ցանկություն չկա:
-Ձեզ նման օժտված երիտասարդներն այսօր ունե՞ն համապատասխան հարթակ, որտեղ լիարժեք ինքնադրսեւորվում են:
-Ամեն սերունդ ունի իր հանդիսատեսը, ես վստահ եմ, որ եկող սերունդն էլ կունենա իր նախասիրությունները, ու արդեն մենք կլինենք իրենց համար հին: Ժամանակին Թինա Թերները ամենագեղեցիկ ոտքեր ունեցող երգչուհին էր, հիմա նա ծերացել է, եկել են նրան փոխարինելու: Ես կցանկանայի, որ այս տարիների ընթացքում ունենայինք պրոգրես, ոչ թե ռեգրես, դա է ինձ համար կարեւոր: Բայց թող եկող սերունդը մեզանից լավը լինի:
-Դուք նաեւ որդի ունեք, կպատմե՞ք նրա մասին:
-Որդիս շուտով կդառնա 2 տարեկան: Նա իմ ձայնը շատ լավ ճանաչում է, նույնիսկ երբ ռադիոյով հնչում է իմ երգը, ասում է` պապան ա:
-Երբ նրա մասնագիտության ընտրության ժամանակը գա, կմիջամտե՞ք:
-Ես չեմ խոչընդոտի, թող ինքն ընտրի, ինքը որոշի: Իմ անցած տարիները ցույց տվեցին, որ մարդ պետք է դառնա այն, ինչ ուզում է: Եթե ցանկանա դառնալ բժիշկ, կասեմ` դարձի՛ր, բայց եթե ասի` ուզում եմ դառնալ դերասան, կասեմ` բալե՛ս, ամեն դեպքում մտածի՛ր (ծիծաղում է-Ե.Ռ.):
«ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ` ՈՐՆ Է ԾԻԾԱՂԵԼԻ, ՈՐԸ` ՈՉ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ