ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈ՞ՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Ամերիա բանկ»-ի եւ դրա շարունակությունը կազմող շենքում արդեն ամիսներ շարունակ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Տեղեկատվություն կա, որ մի շենքը պետք է ընդհանրապես քանդվի եւ տեղափոխվի, մյուսի ներսի մասը վերակառուցվի:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ մշակույթի նախարարություն՝ պարզելու` արդյոք այդ շենքերը մշակութային արժեք չեն ներկայացնում: Եթե հուշարձան շենքեր են, ո՞ւմ կողմից, ի՞նչ հիմունքներով է իրականացվում դրանց պահպանությունը, ովքե՞ր են շենքերի սեփականատերերը, ի՞նչ է կառուցվելու դրանց փոխարեն, շինարարությունը սկսելուց առաջ սեփականատերը տեղյակ պահե՞լ է լիազոր մարմնին, հուշարձանը նորոգման անվան տակ գրեթե ավերվում է, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել նախարարությունը մինչ այս պահը: Այս հարցերին ի պատասխան` ստացանք մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետեւյալ պարզաբանումը. «Շահումյան հրապարակում՝ Վ. Սարգսյանի, Դեղատան եւ Խորենացու փողոցների միջեւ գտնվող շենքերը (1927-1930թթ.) ընդգրկված են Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, տեղական նշանակության են եւ պահպանվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով: Հուշարձանի սեփականատիրոջ պարտականություններն իրականացվում են համաձայն նույն օրենքի N 36 hոդվածի, այն է՝ «կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ»:
Պատասխանում ասվում է նաեւ, որ սեփականատեր «Ամերիա բանկ» ՓԲԸ-ն հուշարձանների ուսումնասիրման, հետազոտման եւ չափագրման աշխատանքների հիման վրա մշակել էր «Ամերիաբանկ» համալիրի էսքիզային նախագիծը եւ այն սահմանված կարգով ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանը. «Հուշարձանը նախատեսվում էր տեղաշարժել՝ նահանջելով փողոցի կառուցապատման գծից դեպի ներս եւ այն վերականգնել համալիրի ներսում: Նախարարության գիտամեթոդական խորհրդի 2012թ. մայիսի 11-ին կայացած նիստում նախագիծը քննարկվել է, եւ առաջարկը համարվել անընդունելի: Նախարարությունը, հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դիտողություններն ու առաջարկությունները, նախագծի լրամշակման համար մշակել է հուշարձան շենքերի եւ պատմական միջավայրի պահպանման շահերից ելնող համապատասխան սահմանափակումներ եւ սահմանել որոշակի պարտադիր պայմաններ՝ հուշարձանն անխաթար պահպանելու համար. պահանջվել է պահպանել Շահումյան հրապարակի եւ Խորենացու փողոցի կարմիր գծի վրա առկա պատմական կառուցապատումը, հուշարձան շենքերի հատակագծային լուծումները եւ ներքին տարածքների հարդարման արժեքավոր լուծումներն ու տարրերը»:
Ընդ որում, լրամշակված նախագիծը դեռեւս չի ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանը, բայց… Շարունակությունը` հաջորդ համարում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս