Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի հանձնմանը՝ Հարութ Սասունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ժուռնալիստների միությունում ներկա գտնվեց «Կալիֆորնիա Կուրյեր» շաբաթաթերթի  հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանին Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի հանձնման արարողությանը:

Ինչպես իր խոսքում նշեց ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Հարութ Սասունյանն այդ պարգևին արժանացել է լրագրողական բարձր արհեստավարժության և իր խմբագրած «Կալիֆորնիա կուրյեր» թերթում հայությանը հուզող  հարցերի շուրջ խմբագրական բազմաբովանդակ հոդվածների հրապարակման  համար:

Ողջունելով և շնորհավորելով Հարութ Սասունյանին պարգևի համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց. «Արժանի պարգևը զարդարում է արժանի մարդու կուրծքը: Հարութ Սասունյանը 33 տարի շարունակ իր սուր, անվրեպ խոսքով մշտապես արթնացնում է ընթերցողական շրջանակների հետաքրքրությունը: Մասնավորապես, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայ դատի արծարծմանը նրա գրիչը դառնում է սառը զենք՝ լարվածության մեջ պահելով թուրք հասարակությանը…»:  Նախարարն անդրադարձավ նաև  «Լինսի» հիմնադրամում Սասունյանի աշխատանքին, ինչը վկայում էր  մեծ հայրենասեր Քըրք  Քըրքորյանի վստահության մասին և շեշտեց, որ  «Լինիսի» հիմնադրամի  շնորհիվ Հայաստանում զգալիորեն առաջ մղվեց դպրոցաշինության, ճանապարհաշինության, մշակութային օջախների վերանորոգման շատ կարևոր աշխատանքները:

Հարութ Սասունյան խմբագրի, հայի և ազգային գործչի մասին խոսեցին գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Արմենպրես»  լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և ուրիշներ:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով  հանդես եկավ Հարութ Սասունյանը՝ վստահեցնելով, որ հետայսու ևս ջանք չի խնայի իր լրագրողական գործունեությամբ նպաստելու հայությանը հուզող խնդիրների արծարծմանն ու միջազգայնացմանը:




Լրահոս