Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Ընդ որում` այս օրենսգիրքը առաջինը հայտնվել է ոչ թե հայկական պաշտոնական աղբյուրներում, այլ Վենետիկի հանձնաժողովի կայքում` անգլերեն տարբերակով:
ArmLur.am-ը Կառավարության լրատվության վարչությունից տեղեկացավ, որ նոր Ընտրական օրենսգիրքը Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել մշակող մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից: Կառավարությունից պարզաբանեցին, որ Վենետիկի հանձնաժողով աշխատանքային խմբի կողմից մշակված նախնական տարբերակն է ուղարկվել ժամանակի սղության պատճառով, նկատի ունենալով հանրային քննարկումների համար հնարավորինս ամփոփ տարբերակ ներկայացնելու անհրաժեշտությունը: Այժմ այն տարբերակը, որը կտեղադրվի կառավարության կայքում, իր մեջ կներառի շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, լրամշակված է (որոշակի տարբերություններ են առկա Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական տարբերակի համեմտությամբ և այդ տեսքով այն կդրվի հանրային քննարկման):
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը երեկ այդպես էլ չհրապարակվեց, ինչը նշանակում է, որ նախագահական նստավայրի աշխատակազմը, մեղմ ասած, անտեսել է Սերժ Սարգսյանի կողմից դեռեւս փետրվարի 10-ին ստորագրված «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» անվանումով հրամանագրի պահանջները:
Օրաթերթի փոխանցմամբ` նոր ԸՕ նախագծի մի քանի առանցքային խնդիրների շուրջ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Մասնավորապես, ՀՀ իշխանությունները չեն կարողանում միաժամանակ երկու խնդրի լուծում համատեղել, որպեսզի և՛ կարողանան ընտրական նոր օրենսգրքով առաջարկվող լուծումները եվրոպացի փորձագետների սրտով անել, և՛ հետագայում հնարավոր լինի ընտրությունների ելքը վերահսկել:
Այն տարբերակները, որոնցով հնարավոր կլինի ընտրությունների ելքը վերահսկել, այնպիսի խայտառակ պատկեր են կանխատեսում, որ ոչ մի եվրոպական կառույց նման պայմաններում չի համաձայնի ընտրությունների արդյունքներն ընդունել, առավել եւս նոր համակարգի վրա փող ծախսել: Իսկ ընտրությունների կազմակերպման, այսպես կոչված, ոչ խնդրահարույց մոտեցումներն էլ նվազեցնում են ընտրությունների վերահսկման, կեղծման հնարավորությունները, այսինքն՝ իշխանությունների համար լուրջ վտանգներ են պարունակում: Արդյունքում, ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կողմնորոշվում ինչպես վարվել: Դրա համար անգամ Սերժ Սարգսյանի հրամանագիրն անտեսվեց:
Եվ այսպես, ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ դրույթներ են ներառված Վենետիկի հանձնաժողովի կայքում` կապված, մասնավորապես, հայրենի խորհրդարանում կուսակցությունների առաջադրման և քվեարկության կազմակերպման կարգերի հետ:
Հրապարակված նախագծի 66 ու 67-դ հոդվածները վերաբերում են ՀՀ ընտրությունների անցկացման կարգին ու քվեարկության կազմակերպմանը: Մասնավորապես 11-րդ գլխի 67-րդ հոդվածը սահմանում է քվերակության կազմակերպման կարգը:
Համաձայն դրա`
1. Քվեարկելու իրավունք ստանալուց հետո ընտրողը պետք է անմիջապես մոտենա քվեաթերթիկներ ու ծրարներ բաժանող հանձնաժողովի անդամներին ու ստանա քվեարկության թույլտվությունը:
2. ԱԺ ընտրությունների, Երևանի, Գյումրիի, Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամը պետք է վերցնի քվեարկության թույլտրվությունը, հանձնի մեկական քվեաթերթիկ ու ծրար ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար: Ընտրողը պարտավորվում է վերցնել բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները:
3. ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողը պետք է ընտրի իր կողմից նախընտրելի քաղաքական կուսակցությունների քվեաթերթիկներից:
4. Երևանի, Գյումրիի, Վանաձորի Ավագանում ընտրությունների ժամանակ ընտրողը պետք է քվեախցում քվեարկի իր կողմից նախընտրելի քաղաքական կուսակցության օգտին այդ կուսակցության քվեաթերթիկը դնելով ծրարի մեջ:
5. Քվեարկելուց հետո ընտրողը պետք է մոտենա ծրարը տուփը գցողին և արկղի մեջ գցի ծրարը:
Հրապարակված նախագծի 13-րդ գլուխը նվիրված է Ազգային ժողովի ընտրություններին: Համաձայն 77-րդ հոդվածի` ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը պետք է լինի 101: Բացի այդ, ԱԺ ընտրությունների ժամանակ պետք է լինի 13 ընտրատարածք, որոնցից 4-ը` Երևանում, 9-ը` մարզերում:
80-րդ հոդվածն ամրագրում է ԱԺ-ում ընտրվելու իրավունքը: Համաձայն դրա` ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած ցանկացած անձ, ով նվազագույնը 4 տարի հանդիսանում է ՀՀ քաղաքացի ու 4 տարի անընդմեջ բնակվել է ՀՀ-ում: Բացի այդ, թեկնածուն ՀՀ մշտական քաղաքացի չի համարվի, եթե վերջինս վերջին 4 տարիների ընթցաքում 1461 օրից նվազագույնը 731 օրը չի ապրել ՀՀ-ում: ԱԺ ընտրություններին առաջադրվելու իրավունք են ստանում հայերեն լեզվով միջնակարգ ու բարձրագույն կրթություն ունեցող անձինք:
Հրապարակված նախագծի 2-րդ գլուխը վերաբերում է ընտրացուցակների կազմման կարգին: Նախագծիր 11-րդ հոդվածը սահմանում է, թե ինչպես պետք է իրականացվի ընտրացուցակների կազմումը, մասնավորապես նշվում է, որ ընտրողների ցուցակը պետք է կազմվի ընտրելու իրավունք ունեցող անձնանց գրանցման վայրի համաձայն: Բացի այդ, 13-րդ հոդվածի համաձայն` ընտրողների ցուցակը պետք է բաց ու հասանելի լինի բոլորին, բացառությամբ ՀՀ ընտրական Օրենսգրքով սահմանված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը պետք է լինի մշտապես պահպանվող փաստաթուղթ, որը կազմվել է համայնքների ու ընտրատարածքների համապատասխան ներկայացուցիչների կողմից: ՀՀ այն բոլոր քաղաքացիները, ովքեր ընդգրկված են ՀՀ պետական ռեգիստրում ու ունեն ընտրելու իրավունք, պետք է ներառված լինեն ընտրացուցակներում:
Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ևս ուսումնասիրել է նախագիծը և առանձնացրել նորամուծությունները:
Ընտրական տարածքները
- 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու): Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք՝ 1-ին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:
ՏԻՄ ձևավորումը՝
- Բացի Երևանից, այժմ նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից: Մյուս համայնքների մասով էական փոփոխություն չկան:
Ազգային ժողովի ձևավորումը՝
- ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101:
- Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որևէ կուսակցութունը ստացել է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված և ունենում է 101 պատգամավոր:
Եթե կուսակցություններից որևէ մեկը 53 մանդատ չի հավաքվում, ապա 101 մանդատները բաշխվում են և անցկացվում է 2-րդ փուլ: - Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ներկայացնում են մեկ համապետական համամասնական ընտրական ցուցակ և 13 տարածքային ընտրական ցուցակ (ամեն տարածքի համար՝ մեկական):
- Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում են կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև:
- Ընտրության երկրորդ փուլը անցկացվում է քվեարկությունից հետո 21-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշիքնենրը: Երկորդ փուլում հաղթած կուսակցությւոնը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիիվը կազմի ԱԺ-ի 54 տոկոսը:
- Միաժամանակ, եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավել քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում են լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը:
- Լրացուցիչ մանդատներ են նախատեսված նաև ազգային փոքրամասնությունների համար:
Քվեարկության կարգը՝
- Յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահամանափակվել է 8-ով:
- Այժմ ոչ միայն միջազգային, այլև տեղական դիտորդական կազմակերպություննները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում: Այսինքն, նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել:
- Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե բիոմետրիկ անձնագրերով և թե նույնականացման քարտերով:
Համակարգը ճշտելու է, թե արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը:
Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին,
- Ազգային ժողովի, ինչպես նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանինների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: Այդ ընտրությունների ժամանակ քվեարկության ծրարները հանդիսանալու են հատուկ հաշվառման փաստաթուղթ:
- Համամասնական ընտրությունների ժամանակ ընտրողը իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի հակառակ կողմում (ցանկության դեպքում) կատարելու է ռեյտինգային քվեարկություն: Համամասնական ընտրությունների ժամանակ քվեատուփի մեջ գցվելուց առաջ քվեարկության ծրարը դակվելու է հատուկ դակիչով (կնիքի փոխարեն):
- Բացի երեք մեծ քաղաքներից այլ համայնքների ղեկավարների և ավագանու ընտրությունը և դրա քվեարկության ընթացակարգը մնացել է նույնը: