Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկում է օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը:
«Քիչ առաջ Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացված բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500.000-600.000 ՀՀ դրամի չափով տուգանք:
Նշված սանկցիան համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին: Քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի արժանի պատիժ՝ բացառապես ազատազրկման ձևով: Ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից:
Այսպիսով, իրավախախտման հեղինակը որևէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում: Նախագծի ընդունման պարագայում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մտայնություն ունեցող քաղաքացին կգիտակցի, որ իր հանցանքի բացահայտման դեպքում նա անձամբ է կրելու իր պատիժը և որ այն լինելու է բավականաչափ խիստ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում», – ասվում է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ: