Օրերս վրացական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե վերջերս ստեղծված «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նշված տեղեկատվության վերաբերյալ Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ կառավարությունից:
«Տեղեկատվությունը, թե «նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն է» բացարձակ չի համապատասխանում իրականությանը», – Armlur.am-ին փոխանցեցին կառավարութունից:
Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հետևողականորեն շարունակում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների քաղաքականությունը, որոնք միտված են նոր ավիաընկերությունների ներգրավմանը, ավիաշուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականության բարելավմանը և այլն:
Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ ավիաընկերության բաժնետոմսերի 49-ը տոկոսը պատկանում է Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանին, իսկ 51 տոկոսը` ՀՀ քաղաքացի, Գյումրիի բնակիչ Աշոտ Թորոսյանին: