Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղի եկեղեցու սպասավոր քահանայի եւ մի ընտանիքի միջեւ:
Օհանավանցիները “Ժողովուրդ”-ին պատմեցին, որ գյուղի բնակիչներ Սուսաննան, Վարդանը եւ Սերոժը գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու բակում այգի ունեն: Ըստ բնակիչների՝ տարածքը պատկանում է եկեղեցուն, սակայն վերոնշալ անձինք, որոնք մի ընտանիքի անդամներ են, տարածքն “իրենցով են արել”:
“Եկեղեցու տեր հոր՝ Եփրեմի հետ այդ մարդիկ միշտ կոնֆլիկտ ունեին, կռիվների մեջ էին: Տեր հայրն ասում է, որ դա եկեղեցու տարածքն է, այդ ընտանիքն էլ կռիվ էր տալիս, թե տարածքն իրենցն է: Ու այսպես… մինչեւ բանը բանից անցավ”,-“Ժողովուրդ”-ին նկարագրեց գյուղի բնակիչներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, քանի որ գրեթե բոլորը խուսափում էին այս թեմայի շուրջ որեւէ բառ ասել:
Ի վերջո, ի՞նչն է եղել վեճի բուն պատճառը, եւ ի՞նչ ծեծկռտուքի մասին էին պատմում օհանավանցիները: Պարզվում է՝ ամեն ինչ սկսվել է Օհանավան գյուղ այցելած ,Շողակաթե հեռուստաընկերության այցից հետո: Երբ մեր գործընկերները՝ լրագրողը եւ օպերատորը, ցանկացել են նկարահանել Սուրբ Կարապետ եկեղեցու այդ վիճելի տարածքը, ամուսիններ Սուսաննան, Սերոժը ու նրանց որդին՝ Վարդանը, արգելել են՝ պատճառաբանելով, թե դա իրենց տարածքն է, եւ իրենք ոչ ոքի թույլ չեն տա այն նկարել: Ամուսինների դիմադրությանը փորձել է միջամտել եկեղեցու հոգեւոր առաջնորդ տեր Եփրեմը. արդյունքում՝ մեծ աղմուկ է բարձրացել, ինչին հաջորդել են միմյանց ուղղված հայհոյանքները եւ հարվածները: Սուրբ Կարապետ եկեղեցու բակում մեծ իրարանցում է սկսվել: Ըստ ականատեսների` տեր Եփրեմի բերանն ամբողջությամբ վնասվել է, իսկ սքեմն էլ՝ պատառոտվել: “Մարդիկ գոռում-գոչում էին: Տեր հոր խաչը պոկված վիճակում էր: Ու ամենատարօրինակն այն էր, որ բարձրացված այս մեծ աղմուկից ոստիկանությունը չեկավ”,-պատմեց գյուղացիներից մեկը:
Չնայած հոգեւորականի պատառոտված հագուստին՝ նա վիճելի հողի “սեփականատեր” Սուսաննայի որդու կողմից արված տեսանկարահանումների կադրում երեւում է որպես հարձակվող, քաշքշում եւ հարվածում է նրանց: Ու թերեւս սա է պատճառը, որ տեր Եփրեմը ոստիկանություն չի դիմել:
Այդ օրը տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ “Ժողովուրդ”-ը զրուցեց Օհանավան համայնքի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանի հետ: Վերջինս խուսափեց միջադեպի մասին խոսելուց՝ նշելով, թե դրա մասին ինքը ոչինչ չգիտի: Բայց միաժամանակ գիտեր, որ գյուղի բնակիչներից մեկը “եկեղեցու նշված հատվածում ծառեր էր տնկել, եւ դա օրինական չէր իր կողմից: “Ասել ենք, որ դադարեցնեն այն, եւ դադարեցրել է”,-ասաց Ա. Ալեքսանյանը:
Իսկ ինչո՞ւ է հոգեւորականը խառնվել աշխարհիկ կյանքի խնդիրներին եւ զբաղվում է եկեղեցու հողերի պաշտպանության խնդրով՝ մոռանալով իր բուն առաքելությունը: “Ժողովուրդ”-ի այս հարցին Սուրբ Կարապետ եկեղեցու տեր հայր Եփրեմը մեղմ պատասխանեց, թե իրականում լուրջ բան չկա, եւ ամեն ինչ գյուղի բնակիչների կողմից չափազանցված է ներկայացվել. “Ինձ հետ կապված այդ միջադեպը, որ պատմել են Ձեզ, 99 տոկոսով չափազանցված է: Ինչ վերաբերում է այդ տարածքի օգտագործմանը, ապա նշեմ, որ անգամ վարչապետն է այդ ամենից տեղյակ: Եկեղեցու մոտ գտնվող գերեզմանի տարածքը, կան մարդիկ, որոնք, չգիտեմ, ցանկանում են ենթարկվել կամ վաճառել: Ես՝ որպես հոգեւորական, այդ խնդիրը բարձրաձայնել եմ, կոնֆլիկտը հարթվել է, բնականոն կյանք է, եւ ամեն ինչ կարգին է”:
Այսպիսով՝ հերթական տհաճ միջադեպն է գրանցվել. քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայ առաքելական եկեղեցու սպասավորն իր հոտի հետ խոսում է ուժի դիրքերից՝ վիճարկելով հողակտորի նման մի ճղճիմ հարց: Սա հերթական ապացույցն է այն իրողության, որ եկեղեցին մեր օրերում վաղուց դադարել է հոգեւոր կառույց լինել. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն զբաղված է բիզնես խնդիրներով եւ շինարարությամբ: Իսկ գյուղացին, որ մի կերպ իր գոյությունն է քարշ տալիս, տարաբնույթ չինովնիկներից բացի, խնդիրներ է ունենում իր հոգեւոր սպասավորի հետ:
Հ.Գ. “Շողակաթ” հեռուստաընկերությունից կտրականապես հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել միջադեպը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 568 համար