Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Ազգ» թերթի 25-ամյակին նվիրված հանդիսությանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Նա ներկայացրեց բոլոր պատվավոր հյուրերին և շեշտեց, որ բոլորին համախմբել է «Ազգ»-ի նկատմամբ բացառիկ վերաբերմունքը, սերը և հավատը: ««Ազգ»-ը երբեք վստահության ճգնաժամ չապրեց: Թերթի 25-ամյակը նշում ենք 2016-ին, երբ երկու հզոր հոբելյան ունենք` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակները: Հակոբ Ավետիքյանի խմբագրած «Ազգ»-ը հավաստում է, որ այն բացառիկ պատասխանատվություն ունի տպագիր խոսքի հանդեպ»,-նշեց նա:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զոլյանը թերթի հոբելյանի առթիվ ընթերցեց Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ջերմորեն շնորհավորեց թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին և խմբագրակազմին հոբելյանի առթիվ: Նա մասնավորապես նշեց. «Այսօր հայկական լրատվական աշխարհում մեծ հոբելյան է. «Ազգ»-ի 25-ամյակն է լրանում: Ուզում եմ ջերմորեն շնորհավորել այս գեղեցիկ հոբելյանի առթիվ և մաղթել նոր հոբելյաններ: Պարզվում է, որ «Ազգ»-ը Հայաստանի անկախությունից մեծ է. մենք անկախությունը հռչակեցինք սեպտեմբերի 21-ին, իսկ «Ազգ»-ն ստեղծվեց փետրվարի 16-ին: Իսկ դա նշանակում է, որ անկախություն հռչակած պետության համար սփյուռքը ոտքի կանգնեց, ալեկոծվեց, ոգևորվեց, ու գործի անցավ: «Ազգ» օրաթերթի առաջին քայլերը շատ դժվար էին, քանի որ Հայաստանում ընդամենը երկու ժամ լույս կար. մենք ապրում էինք էներգետիկ ճգնաժամի և պատերազմի պայմաններում: «Ազգ»-ը դարձել էր մեզ մխիթարող, հոգևոր սնունդ մատուցող թերթ, որին սպասում էինք ամեն օր: Կարծում եմ՝ թերթի անվանումը շատ խորհրդանշական է: Թերթը հասունացավ մեր պետության հետ, մնաց չճկվող ու ճշմարիտ: Մեզ համար առանձնակի է «Ազգի» դերակատարությունը, քանի որ այն դարձավ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեկնաբանման, մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման ուղիները մատնանշող ամենափայլուն հարթակ», – շեշտեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը Հակոբ Ավետիքյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
Ընթերցվեց ՀՀ մշակույթի նախարարի շնորհավորական ուղերձը, ԵՊՀ ռեկտորի հրամանը՝ Հակոբ Ավետիքյանին ԵՊՀ ոսկե հուշամեդալով պարգևատրելու մասին:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը խոստովանեց, որ «Ազգ»-ի անդավաճան ընթերցողն է: ««Ազգ»-ը պատասխանատու և որակյալ մամուլ է, բամբասանք, չճշտված տեղեկատվություն չեք գտնի: Հակոբ Ավետիքյանն արժանացել է մեր բոլոր պարգևներին, ինչքան ոսկի ունենք` տվել ենք: Շատ երջանիկ եմ, որ Ավետիքյանի ժամանակակիցն եմ»,-հավելեց նա:
Շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց նաև «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը՝ շեշտելով, որ տարիներ առաջ ինքն էլ շատ բան է սովորել Հակոբ Ավետիքյանից ու շեշտեց. «Մաքուր հայերենով լույս տեսնող այս թերթը մեր հայրենիքի համար մեծ նվեր է»:
Ելույթ ունեցողները կարևորեցին Հայաստանի Հանրապետության առաջին անկախ օրաթերթի հայանպաստ գործունեությունը: