Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանում «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ի գույքը, սակայն այն այդպես էլ չի վաճառվում:
Դեռեւս նախորդ տարի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն եւ հայտնել, որ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրով պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության օգտագործմանը հանձնված Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գույքը 2007 թվականի նոյեմբերի 30-ի համապատասխան ակտով վարչության կողմից հանձնվել է ընկերությանը, սակայն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը չի կարողանում իրականացնել իրավունքի պետական գրանցում եւ խնդրի կարգավորման նպատակով խնդրել է ստորագրել նշված լրացումից բխող համաձայնագիր:
Արդյունքում «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ի գույքը վաճառքի է հանում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, որը, սակայն, այդպես էլ չի վաճառվում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ Գյումրու «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ն լուծարվեց: Այդ ընթացքում ամբողջությամբ մարվեցին զոհված օդաչուների ընտանիքներին տրվող փոխհատուցման գումարների գծով պարտավորությունները: Մարվեցին նաեւ Գյումրու «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ի` աշխատանքից կրճատված աշխատակիցների վերջնահաշվարկների եւ արձակման նպաստների վճարման գծով պարտավորությունները:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել մետաղյա պահարաններ, գանձապահարաններ: Բացի այս՝ վաճառվում են նաեւ ընկերության տրանսպորտային միջոցները. 1990 արտադրության «ԳԱԶ 53» տրանսպորտային միջոց, որի մեկնարկային գինը մարտի 17-ի դրությամբ կկազմի 540 հազար դրամ, 1982 թվականի արտադրության «Ուռալ 375»՝ 1 մլն 20 հազար դրամով, 1986 թվականի արտադրության «Կարտոֆիլափորիչ»՝ 10 հազար 200 դրամով եւ այլն: Բացի այս՝ վաճառվում է նաեւ 1987 թվականի արտադրության տրակտոր:
Տեղեկացնենք, որ աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ իր ցուցանիշներով ՀՀ-ում երկրորդն է: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5կմ եւ Երեւանից 120կմ հեռավորության վրա: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007 թվականին օդանավակայանի թռիչքուղին ամբողջությամբ հիմնանորոգվել եւ ասֆալտապատվել է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ