«Եվրատեսիլ 2016». տեղի ունեցավ Իվետա Մուկուչյանի տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայանա “LoveWave” երգով. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա  գերզգացմունքային  ստեղծագործությամբ:

Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը:

«Ես ցանկացա երգել այնպիսի զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում է, հուզում է»,- ասում է Իվետա Մուկուչյանը:

Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական “Blacksheep communications”-ի: Տեսահոլովակի շրջանակներում Իվետա Մուկուչյանը համագործակցել է Kivera Naynomis (գլխավոր դիզայներ՝ Արեւիկ Սիմոնյան) նորաձեւության տան հետ:

Իր տեսակով յուրահատուկ տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Էկրանից այն կողմ իրականությունն է՝ լուսանկարի ճշգրտությամբ, աբստրակտ պատկերի խորությամբ:

Տեսահոլովակում իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնելու սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը: Հերոսների հոգեւոր զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումների միջոցով:

Հիշեցնենք, որ տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ եւ հանդիսանում դրանց գովազդային դեմքը: Նա նաեւ մեծ մասսայականություն է վայելում սոցցանցերում:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս